Tert.am-ը գրում է.

Ավան թաղամասի Ծարավ աղբյուր նորակառույց 55/8 շենքի շահառուները հենց վաղվանից կարող են տեղափոխվել իրենց նոր բնակարան ու ապրել: Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացրած «Մատչելի բնակարաններ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին ու մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված այս շենքի բացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց շենքի բնակիչներից «Հանրային ռադիոյի» լրագրող Լիանա Եղիազարյանը, բնակարանները եթե կատարյալ չեն, ապա մոտ են կատարյալ են, սակայն առանձնացրեց մեկ խնդիր. «Ամբողջ ընթացքում մենք բախվել ենք մի շարք ֆինանսական հավելյալ ծախսերի հետ, որոնց մասին կանխավ չգիտեինք: Ծրագրի ընթացքում տեղեկացանք, որ պետք է վճարենք գազի, հոսանքի միացման, նոտարի, կադաստրի, չափագրումների և այլնի համար, որոնք հավելյալ ծախսեր էին: Այդ ծախսերը ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1000 ԱՄՆ դոլար»,-ասաց նա:

Այս խնդրի հետ կապված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ եթե պայմանագրում նշված է եղել, որ օրինակ շենքը գազիֆիկացված է լինելու, դա չի նշանակում, որ խոսքը բնակարանի մասին է: Դիտարկմանը, թե նախապես հայտարարվել է, որ մեկ քմ-ի համար բնակիչները պետք է վճարեն 185 հազ. դրամ, որի մեջ ներառված են բոլոր ծախսերը, պատասխանեց. «Դուք սխալ եք ասում: Մարդ պետք է ունենա տարրական գրագիտություն, և երբ որ պայմանագրում նշված է, որ շենքը գազիֆիկացված է, դա չի նշանակում, որ բնակարանն է գազաֆիկացված, նույնը վերաբերում է և հոսանքին: Մեր և շինարարի շինաշխատանքների մասով պայմանագրի արժեքը նույնական է, ինչ-որ մեր և շահառուի: Այսինքն` շինարարին մենք վճարում ենք մեկ քմ-ի համար 185 հազ. դրամ: Այստեղ ավել գումարներ նախատեսված չեն, բայց բակային հատվածները բարեկարգելու համար մենք տրամադրել ենք շուրջ 2 մլն դրամ: Պայմանագրում հստակ շարադրված են կետեր, որոնք մենք ամբողջությամբ կատարել ենք: Իսկ մյուս գումարների հավաքագրումը օրինական է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել