Disabilityinfo.am-ը գրում է.

81-ամյա Լիպարիտ  Կանդիլյանը, արդեն երկար ժամանակ է, հնարավորություն չունի տանից ինքնությույն դուրս գալու: Թեև կարողանում է անվասայլակի օգնությամբ հասնել վերելակին, վերելակով ցած իջնել, սակայն չի կարողանում շենքից դուրս գալ, քանի որ մուտքի մոտ չկա թեքահարթակ:

«Ինձ ինչ-որ տեղ գնալու համար միայն թեքահարթակն է պակասում: Կարողանում եմ վերելակով ներքև իջնել, եթե թեքահարթակ լինի, կկարողանամ օրական գոնե երկու ժամ դուրս գալ այգի, նստել, գիրք կարդալ: Ուրիշ ոչինչ չեմ ուզում, ես ինքս կարողանում եմ տեղաշարժվել, տաքսի նստել, իմ գումարով տաքսուն կվճարեմ ու կգնամ երեխաներիս տուն, միայն ուզում եմ` լուծեն շենքից դուրս գալու հարցը»,- ասում է Լյովա պապին:

Իրենց ուժերով երկաթյա հարմարանք են պատրաստել, որի վրայով թոռան օգնությամբ կարողացել է իջնել ու գնալ այգի, սակայն ինքնուրույն դրա վրայով չի կարողանում իջնել:

«Թոռանս սարքած հարմարանքի վրայով իջնելու համար ինձ օգնություն է պետք, իսկ ես ուզում եմ ինքնուրույն տեղաշարժվել: Ոչ  ոք չի կարող ինձ ամեն օր տանել-բերել: Ամբողջ օրը տանը նստելն էլ դժվար է»:

Դիմել է  թաղապետարան և քաղաքապետարան, բայց մինչև այժմ խնդրին լուծում չի տրվել:

«Սկզբում, երբ դիմեցի թաղապետարան, ինձ ասացին, որ բավարար միջոցներ չունեն թեքահարթակ կառուցելու համար, ու խորհուրդ տվեցին դիմել քաղաքապետարանին: Քաղաքապետարանն էլ իր հերթին ասաց, որ խնդրով պետք է թաղապետարանը զբաղվի և գործը փոխանցեց թաղապետարանին: Այս անգամ նրանք եկան ու  առաջարկեցին թոռանս սարքած երկաթյա հարմարանքի վրա տախտակ ավելացնել, բայց այդպես ես հաստատ կընկնեի, չէի կարողանա իջնել դրա վրայով, դրա համար կասեցրի կառուցումը: Խնդրեցի՝ կա՛մ հարմար թեքահարթակ կառուցել, կա՛մ ամբարձիչ տեղադրել, որպեսզի կարողանամ իջնել-բարձրանալ, սակայն մերժեցին»,- ասաց Լիպարիտ Կանդիլյանը:
Խնդրի մասին խոսեցինք Նորքի Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կառավարման բաժնի պետ Հրայր Սարգսյանի հետ:
«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ, ես անձամբ եղել եմ իրենց տանը ու տեսել եմ իրավիճակը: Մասնագետների հետ քննարկում ենք, թե ինչպես կարելի է խնդրին լուծում տալ: Ամբարձիչը չենք կարող տեղադրել, քանի որ անհարմարություն կստեղծի մնացած բնակիչների համար: Երևի թեքահարթակ կառուցենք ավելի քիչ թեքության աստիճանով: Բայց դրանով նա, միևնույն է, չի կարող ինքնուրույն  իջնել. նրան օգնություն պետք կգա»:

Մեր հարցին, թե երբ են պատրաստվում կառուցել այդ թեքահարթակը, Սարգսյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ դեռ մտածում են ու տարբերակներ են փնտրում. հստակ չեն կարող ասել՝ երբ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել