ՊՈՄԻԴՈՐԸ ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

Վանաձորի   բացօթյա առեւտրի կետերում վաճառողների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են. հիմնականում ՝ կապված տարածքի կամ մրցակցության հետ, բայց այն, ինչ տեսա օրերս ՝ չափազանց էր, նորմալ ,,լեզվակռիվ,, կոչվելու համար, ծեծկռտուք կոչվելուց էլ հեռու էր:17-18 տարեկան մի պատանի թե երիտասարդ, իրենից մի 3 անգամ  տարիքով մեծ ,,կոլեգայի,, / կամ տարածքի ,,համատիրոջ,, /հետ վիճաբանության ընթացքում, ի պատասխան տարեցի ինչ-որ դիտողության ՝բանջարեղենի արկղերի հետ կապված, հոխորտանքներից հետո հանկարծ անսպասելիորեն / այն բանից հետո, երբ տարեցի հետ սկսեց մի կին էլ վիճաբանել ՝ի պաշտպանություն երիտասարդի / պոմիդորը վերցրեց ու ...խփեց հակառակորդի գլխին:Որքան էլ տարօրինակ է, տարեցը դրանից հետո ոչ թե զայրացավ, այլ ,,բարեհոգի,, ծիծաղով ասաց.,,Արա դու հաստատ գժվել ես, գիտե՞ս,,: Հետաքրքիրն այն է, որ հակառակորդ 2 կողմերն էլ միմյանց հետ վիճում էին հենց նախորդ օրը հայկական սերիալներից մեկից վերցրած բառապաշարով:,,Չէ, դու հաստատ ուզում ես, որ ես քեզ շնչել տամ, արա,,- հոխորտանքը շարունակող պատանուն հավաստիացրեց տարեցը, որին ի պատասխան պատանի-երիտասարդն արհամարհանքով նետեց մի քանի անգամ.,,Փախար, արա, փախար,,: Ի դեպ, էս ,,փախար,,-ը շփման ձեւ է դարձել հատկապես երիտասարդների համար ՝ անկախ սեռից ու միջավայրից, ինչը սերիալների ուղիղ ազդեցությունն է մարդկանց ուղեղի վրա:  

                                                                                                                                           ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ,,ՏՆԱՅԻՆ   ԽՈՀԱՆՈՑԻ,,ՀՈՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵ՞Լ ԵՆ

Սովետական տարիներին մի ակնհայտ տհաճ երեւույթ կար, ինչը կհիշեն ավագ ու միջին սերնդի կիրովականցիները: Հասարակական սննդի օբյեկտներից ՝,,Տնային խոհանոց,, կոչվող, մշտապես մի ահավոր ճենճահոտ էր բուրում, ու մարդիկ հաճախ աշխատում էին այդ տարածքներից խուսափել՝մայթը փոխելով. դե հիմիկվա նման արտասահմանյան որակյալ ու էկոլոգիապես մաքուր ձեթ չկար, իսկ հասարակական սննդի օբյեկտներում հաճախ ամենաանորակ տեսակի ձեթ էին օգտագործում: Եվ ահա, երբ թվում էր, թե վերջնականապես ազատվել ենք այդ հոտերից, Վանաձորի ,,Շաուրմա,, կոչվող կետերից մեկում այդ տարիների ճենճահոտն էր բուրում. ակնհայտ է, որ կամ ժամկետանց մարգարին էին օգտագործել, կամ՝ անորակ ձեթ, կամ՝ անհայտ ծագման ճարպ: Լավ կլիներ, եթե սանէպիդկայանը կամ համապատասխան ստուգող մարմինները երբեմն գոնե ,,շաուրմանոցներում,, կամ հասարակական սննդի պատրաստման այլ կետերում ստուգումներ անցկացնեին ՝ սննդի պատրաստման  աշխատանքների, որակի ստուգման նպատակով:Որքան նկատել ենք, այս առնչությամբ միայն մայրաքաղաքում են ստուգայցեր կատարվում ու լուսաբանվում հեռուստատեսությամբ:

,,ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԲԱ ՓՈՂ ԿՏԱ՞Ն,,

Վանաձորի բանկերից մեկում վարձ մուծողների հերթ էր:,,Թողնում ենք ամսվա վերջին, դրա համար էլ սենց հերթերի մեջ ենք ընկնում, պետք ա շուտ մուծենք,,- ինքնախարազանմամբ հանդես եկավ հերթում կանգնած մի կին: Ի պատասխան ՝ մի տղամարդ առարկեց.,,Որ բաշարենք ՝ պետք ա վաբշե չմուծենք: Էս պետությանը բա փող կտա՞ն,,: Իսկ երբ հասավ տղամարդու հերթը, ու վարձեր ընդունող օպերատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք բոլոր ծառայություններն է պատրաստվում մուծել այդ տղամարդը, վերջինս պատրաստակամ հավաստիացրեց.,,Գրի, սաղ գրի, ռազ որ ընկել ենք էս թակարդը, պետք ա սաղ մուծենք-պրծնենք,,: Սակայն պատկառելի գումարը ՝19 հազար դրամ մուծելուց հետո զայրացած ասաց.,,Որպես ի՞նչ պետք ա ես պետությանը էսքան փող տամ: Պետությունն ինձ համար ի՞նչ ա արել,,:

,,ԴԲԱ ԼԱՎԸ ԹԱՐՍ ԵՆ ԳՐԵԼ,,

Վանաձորցիներից մեկը, նկատի ունենալով Վանաձոր-Երեւան ճանապարհահատվածի ոլորապտույտներից մեկի վրա փակցված ,,Լոռու մարզ,,ցուցանակին ինչ-որ մեկի ձեռքով խզբզած ՝,,Դբա լավը,, գրությունը, ասաց.,,Էդ դբա լավը թարս են գրել, դբա լավը դբա Երեվանն ա, ոչ թե դբա Վանաձորը: Կամ էլ պետք ա հարցական դնեին ՝դբա լավը՞:Ուր ա ստեղ լավ բա՞ն, ինչքան լավ բան կա ՝ Երեվան կա, ստեղի դբա լավը ո՞րն ա,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել