George-H.W.-Bush-ADA1Disabilityinfo.am-ը գրում է.

Հուլիսի 26-ին ԱՄՆ-ում նշում են հաշմանդամություն ունեցող հազարավոր անձանց երկար ու համառ պայքարի հաղթական օրը, երբ ուժի մեջ մտավ Americans with Disabilities Act-ը (Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների ակտ):

  Ի՞նչ է Americans with Disabilities Act-ը

Americans with Disabilities Act-ը քաղաքացիական իրավունքների մասին օրենք է, որն արգելում է հաշմանդամության պատճառով որևէ խտրականություն: Օրենքն ընդունվել է 1990 թ. հուլիսի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից, սակայն դրա ընդունումը պահանջել է հազարավոր մարդկանց երկարատև ու համառ պայքար:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Americans with Disabilities Act-ի տարեդարձին բոլոր ամերիկացիներին հղած իր ուղերձում մասնավորապես նշել է. «Մենք մեր երախտագիտության խոսքն ենք հղում բոլոր այն մարդկանց,ովքեր պայքարեցին խտրականության դեմ, իսկ մենք էլ մեր հերթին անում ենք ամեն ինչ` առկախոչընդոտները վերացնելու և ամերիկացիներին իրենց` երջանիկ լինելու իրավունքը ապահովելու համար,- նշել է Բարաք Օբաման: – Ես` որպես ԱՄՆ-ի նախագահ և Սահմանադրությամբ ինձ տրված իրավունքով` կոչ եմ անում նշել հուլիսի 26-ը` որպես Americans with Disabilities Act-ի, ինչպես նաևհաշմանդամություն ունեցող հազարավոր անձանց պայքարի և ներդրումների օր»:

Ինչպե՞ս սկսվեց պայքարը

ADA-ի պատմությունն ամենևին էլ չի սկսվել այն ստորագրելու օրվանից` 1990-ի հուլիսի 26-ից: Այն իրականում սկսվել է շատ ավելի վաղ ԱՄՆ-ի քաղաքներում և գյուղաքաղաքներում, այն ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող անձինք սկսեցին հանդիպել այնպիսի խոչընդոտների, որոնք մեկուսացնում էին նրանց իրենց համայնքներից, այն ժամանակ, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները սկսեցին պայքարել իրենց երեխաների նկատմամբ դրսևորվող խտրականության դեմ: Պայքարը սկսվեց տեղական խմբերի ստեղծմամբ, որոնց նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն էր: Պայքարը սկսվեց անկախ շարժումներով, որոնք դեմ էին հաշմանդամություն ունեցող անձանց ինստիտուցիոնալացմանը և կոչ էին անում, որ նրանք ապրեն համայնքում:

civil_right

Americans with Disabilities Act-ն իր ստեղծման համար պարտական է ոչ թե մեկ կամ մի քանի մարդու, այլ այն հազարավոր մարդկանց, որոնք ստեղծեցին հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումը, մարդկանց, ովքեր աշխատեցին տարիներ շարունակ` կազմակերպելով բողոքի ակցիաներ, ուղերձներ և կոչեր հղելով, օրենսդրական առաջարկներ կազմելով, խոսելով, քարոզելով, բանակցելով, ճնշում գործադրելով, անգամ ձերբակալվելով, անելով հնարավոր ամեն ինչ` հանուն այն նպատակի, որի իրականացմանն իրենք հավատում էին

Խտրականության դեմ պայքարը

Օրենսդրական տեսանկյունից հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ տարվող քաղաքականության մեջ նկատելի փոփոխություն և առաջխաղացում տեղի ունեցան 1973-ին, երբ Վերականգնողական ակտում ավելացվեց 504-րդ բաժինը, որն արգելում էր հաշմանդամության հիման վրա որևէ խտրականություն: Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքներից դիտվեց որպես խտրականություն: Մինչդեռ նախկինում ենթադրվում էր, որ բոլոր խնդիրները, որոնց հանդիպում են հաշնամդամություն ունեցող անձինք, օրինակ` գործազրկությունը և կրթության պակասը, իրականում նրանց ֆիզիկական կամ մտավոր սահմանափակումների հետևանք են:

Ամբողջ երկրում հաշմանդամություն ունեցող անձինք սկսեցին նստացույցեր կազմակերպել կառավարական շենքերի դիմաց, ամենաերկար նստացույցը տևել է 28 օր: Շարժման մասնակիցները լսումներ էին կազմակերպում Կոնգրեսի դիմաց, նամակներ գրում, բանակցություններ վարում… Եվ վերջապես համառ պայքարը տվեց իր արդյունքը. 1977 թ. մայիսի 4-ին հրապարակվեց 504-րդ բաժնի կանոնադրությունը, որն էլ կազմեց Americans with Disabilities Act-ի հիմքը:

Հաշմանդամություն ունեցող անձանց շարժումը սկսեց քայլեր ձեռնարկել սատարելու խտրականության դեմ ուղղված պայքարին: Կազմակերպվեց «Խտրականության օրագրեր» ակցիան. հաշմանդամություն ունեցող անձանց խնդրում էին գրել ու նկարագրել այն բոլոր դեպքերը, երբ իրենք հանդիպել են խտրականության կամ ինչ-ինչ խոչընդոտների: Օրագրերը ոչ միայն իբրև վկայություն ծառայեցին, այլև ստիպեցին մարդկանց ավելի զգոն լինել շրջապատում առկա խոչընդոտների նկատմամբ:

un41988-ի սեպտեմբերին միասնական լսումներ անցկացվեցին Սենատում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ տարվող քաղաքականության, ինչպես նաև կրթության թեմայով: Լսումներին մասնակցում էին տեսողության, լսողության խնդիրներ ունեցող, Դաունի համախտանիշով, ՄԻԱՎ-ով մարդիկ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ և այլն: Նրանք բոլորն էլ բարձրաձայնում էին թե´ ճարտարապետական, թե´ հասարակության մեջ առկա խոչընդոտների մասին, որոնց անձամբ էին բախվում: Դահլիճում ներկա էր մոտ 700 մասնակից: Լսումներից հետո սենատոր Քենեդին և մի շարք այլ բարձրաստիճան անձինք հայտարարեցին, որ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական իրավունքների մասին օրենքի նախագիծը այդուհետ կդառնա հաջորդ Կոնգրեսի առաջնային խնդիրը:

Սակայն պատմությունները չէին ավարտվում միայն լսումների դահլիճում

Հաշմանդամություն ունեցող մարդիկ երկրի տարբեր ծայրերից գալիս և անձամբ էին խոսում Կոնգրեսի անդամների հետ, պայքարում օրենքի ընդունման համար և բացատրում, թե որքան կարևոր է օրենքի յուրաքանչյուր կետի ընդունումը: Մարդիկ իրենք էին գալիս, գիշերն անցկացնում էին գետնին, իսկ ցերեկը գնում կոնգրեսականների գրասենյակները: Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեին Վաշինգտոն հասնելու, նամակներով իրենց պատմություններն էին ուղարկում Կոնգրես, մասնակցում իրենց համայնքներում կազմակերպվող հանդիպումներին և անընդմեջ զանգահարում պատկան մարմիններին:un1

1989-ի սեպտեմբերի 7-ին 76 կողմ և 8 դեմ ձայնով ընդունվեց օրենքի առաջին տարբերակը: Սակայն օրենքի ընդունմանը զուգահեռ հասարակության մի որոշ հատվածի կողմից բողոքի ալիք բարձրացավ: Reader’s Digest ամսագրի գլխավոր խմբագիրը հայտարարեց, թե Americans with Disabilities Act-ն օգտագործելով` բազմաթիվ «հայցորդներ են դիմում դաշնային դատարաններ` անհիմն և անիմաստ հայցեր ներկայացնելով»: Այս բողոքը, որ հայտնվեց լրատվամիջոցներում, որոշ մարդկանց մոտ այն թյուր տպավորությունն ստեղծեց, թե օրենքի պատճառով կստեղծվեն չարդարացված արտոնություններ հաշմանդամություն ունեցող հայցորդների և նրանց փաստաբանների համար: Սակայն գործնականում այս վարկածը չհաստատվեց:

Մեծ ջանքեր գործադրելուց և տարիներ պահանջող պայքարից հետո Americans with Disabilities Act-ն արդյունքում օգնեց փոխել մարդկանց կյանքն Ամերիկայում: Հենց այս օրենսդրական ակտի և դրա իրացման շնորհիվ այսօր ԱՄՆ-ն այն երկրներից է, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ լիարժեք ու լիիրավ կյանքով են ապրում: Իհարկե, չի կարելի ասել, որ այլևս ոչ մի խնդիր չկա, սակայն փաստն այն է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ԱՄՆ-ում ստեղծված հավասար հնարավորությունները շարունակում են երազանք մնալ:

Պայքարը, հիրավի, երկար էր, սակայն ոչ ապարդյուն: Սա պայքար էր, որն արժանի է ընդօրինակման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել