Ճակատագրի բերումով հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Օտար ափերում շատ հայկական տոհմեր անգամ իշխանության վերին օղակներին են հասել: Հիշենք թեկուզ Բյուզանդիայի հայազգի կայսրերին, որոնք իրենց Արշակունի հռչակեցին, Եգիպտոսի իշխանությունը շուրջ 100 տարի իրենց ձեռքում կենտրոնացրած Պահլավունիներին, Սասունի Թոռնիկյաններից սերած և Բուլղարիայի թագը գրաված Սամուել Կոմսաձագին, Վրաստանը շուրջ հազար տարի կառավարած Բագրատունիներին…

Հատկապես մեր հարևան Վրաստանում բոլոր պայմանները կային հայ ազնվական գերդաստանների հաստատման համար: Վրաստանը հայկական ազնվականության և զինուժի կարիք ուներ,  բացի այդ, մոտ էր պատմական հայրենիքին:  Սակայն ամենամեծ ու ազդեցիկ տոհմը, ինչ խոսք, Բագրատունիներն էին, որ անգամ IX դարում այնտեղ արքայական թագի արժանացան ու մինչև 1801 թվականը թագավորեցին Վրաստանում:

Հաջորդ խոշոր ազնվականական տոհմը, որ Վրաստանում հաստատվեց ու ամուր արմատներ գցեց, Զաքարյաններն էին: Նրանք ծագումով Հարավային Հայաստանից էին, XI դարում հաստատվեցին Լոռիում և ծառայության մտան Կյուրիկյան թագավորների մոտ: Զաքարյանները Լոռու թագավորության անկումից հետո դարձան վրաց Բագրատունիների հպատակները: Գեորգի Գ արքայի օրոք նրանք պալատական բարձր պաշտոնների հասան, իսկ Թամար թագուհու կառավարման օրոք Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները ոչ միայն փաստացի իրենց ձեռքը վերցրին վրացական պետության ղեկը, այլև սելջուկներից ազատագրեցին պատմական Հայաստանի մեծ մասն ու, փաստորեն, վերականգնեցին երկրի անկախությունը:

Զաքարյանները ոչ միայն Հայաստանի տիրակալներն էին, այլև վրաց արքունիքում նրանց էր պատկանում սպարապետությունը, սահմանակալ կուսակալությունը, վրաց պետության ամենաբարձր պաշտոնը արքայական թագից հետո` աթաբեկությունը: Հատկապես XIII դարի ընթացքում, Իվանե և Ավագ Զաքարյաններն ամբողջովին իրենց ձեռքն էին վերցրել վրացական պետության կառավարումն ու ավելի ազդեցիկ էին, քան վրաց թագավորները: Զաքարյանները վրաց արքունիքում ստացան նաև Մխարգրձելի` Երկայնաբազուկ պատվանունը: Հետագայում, նրանց աստղը պատմական ասպարեզում մարեց և նրանք մնացին որպես վրացական պետության ազնվական տոհմերից մեկը: Զաքարյանների տոհմական կալվածքն ու գերեզմանատունը Լոռու Սանահին գյուղն է:

XVI դարից Զաքարյան իշխաններն ընդունեցին Արղության ազգանունը և հանդես եկան որպես Արղության-Երկայնաբազուկներ: 1783 թ. դեռ Եկատերինա Երկրորդ կայսրուհին, ապա 1800 թ. մարտի 22-ի հրամանագրով ռուսաց կայսր Պավել Առաջինը արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկին ու նրա տոհմին շնորհում է ռուսական կայսրության ազնվականի տիտղոս:

Տոհմից ռուսական արքունիքում աչքի են ընկել գեներալ-ադյուտանտ, Կովկասյան պատերազմի հերոս կոմս Մովսես Զաքարի Արղության- Երկայնաբազուկը, հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Արղության Երկայնաբազուկը, գեներալ-մայոր Դավիթ Լուարսաբի Արղության-Երկայնաբազուկը: Նորագույն շրջանում հայ իրականության մեջ աչքի ընկնող դեր են ունեցել վերոնշյալ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանն ու հայ ազատագրական շարժման գործիչ, Պարսկաստանում ՀՀ առաջին դեսպան Հովսեփ Արղությանը:

Մյուս նշանավոր  ազնվականական տոհմը Վրաստանում Լոռիս-Մելիքովներն էին: Նրանք ծագում են Լոռուց և որպես իշխաններ հայտնի են XVI դարից: Լոռիս-Մելիքովները, ըստ որոշ աղբյուրների, ծագում են Լոռու Արդվի գյուղից, իսկ նրանց մի ճյուղը հետագայում տեղափոխվեց Արցախ և հիմքը դրեց Գյուլիստանի մելիքության:

Լոռիս-Մելիքովները դեռ XVI դարից հայտնի էին որպես վրացական արքունիքի ազնվականներ, իսկ 1878 թ. ապրիլի 17-ի հրամանագրով ռուսական կայսր Ալեքսանդր Երրորդը գեներալ-ադյուտանտ Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովին շնորհեց ռուսական արքունիքի կոմսի կոչում և այդպիսով տոհմը դասվեց նաև ռուս ազնվականության շարքերը: Տոհմից աչքի են ընկել գեներալ-ադյուտանտ Միքայել Լոռիս-Մելիքովը, որ Ալեքսանդր Երրորդի օրոք Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարն էր և հեծելազորի գեներալ Լևոն Հովհաննեսի Մելիքովը:

Մյուս հայտնի տոհմը վրացական արքունիքում Աբամելիք-Լազարևներն էին: Տոհմանունն առաջացել է հայկական երկու ազնվականական տոհմերի` Աբամելիքների և Լազարևների տոհմանունների միաձուլումից:

Աբամելիքների տոհմը Հայաստանից Վրաստան է տեղափոխվել դեռ XV դարում, իսկ Լազարևների տոհմի նահապետը համարվում է 1747 թ. Պարսկաստանից Ռուսաստան տեղափոխված Ղազար Նազարովիչը: Լազարևները ծագում են Նախիջևանի Դաշտ գյուղից:

Ռուսաստանում Լազարևները զբաղվում էին արդյունաբերությամբ, հայտնի ձեռնարկատերեր էին: Դեռ 1774 թ. նրանք Եկատերինա Երկրորդի հրամանով դասվեցին ռուս ազնվականության շարքը: Իսկ 1873 թ. Ալեքսանդր Երրորդի կայսերական հրամանով ռուս ազնվականության շարքը դասվեցին Աբամելիք-Լազարևները:

Տոհմից աչքի են ընկել գեներալ-մայոր, նկարիչ, հնագետ Սեմյոն Դավիդի Աբամելիք-Լազարևը, գեներալ-մայոր Հովհաննես (Իվան) Սեմյոնի Աբամելիքը, գեներալ-մայոր Դավիթ Սեմյոնի Աբամելիքը, Հովակիմ Լազարևը, որ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիրը դարձավ: Լազարևները XVIII դարի վերջին նաև հայկական եկեղեցի կառուցեցին Մոսկվայում, որը, սակայն, 1930-ականներին ապամոնտաժվեց: Նրանք Մոսկվայում հիմնեցին հայկական Վագանկովյան գերեզմանատունը: Վրաստանի վերջին թագավոր Դավիթ XII-ի կինը` Ելենան, նույնպես Աբամելիքների տոհմից էր:

Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում քիչ հայտնի ազնվականական տոհմ են Ամատունիները: Միջնադարյան Հայաստանում Ամատունիների նախարարական տոհմը ոչ միայն բարձր դիրք էր գրավում գահամանակում, այլև երկար ժամանակ հայոց արքունիքում վարել է հազարապետի պատասխանատու պաշտոնը:

1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս, իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա տոհմին շնորհեց ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: Տոհմից հայտնի է խորհրդային շրջանի գրող Պետրոնիոս Գայ Ամատունին: Հայրենական պատերազմի ԽՍՀՄ հերոս Աշոտ Ամատունու կապն այս ազնվական տոհմի հետ պարզաբանված չէ:

Բեհբութովների տոհմն ավելի շատ հայտնի էր Վրաստանում, քան Ռուսաստանում: Սակայն նրանցից դեռ 1826 թ. Նիկոլայ Առաջինի հրամանով Դարչո Ավետիքի Բեհբութովը դասվեց ռուս ազնվականության շարքը, իսկ մինչ այդ` 1783 թ., վրաց Հերակլ Երկրորդ արքան հատուկ հրովարտակով վերահաստատել է Բեհբութովների ազնվական իրավունքները վրաց թագավորության տարածքում: Առհասարակ, Բեհբութովների տոհմը խոջայական ծագում ունի և նրանցից Ղուլամ Բեհբութը 1621 թ. շահ Աբասից շնորհների է արժանացել ու ազնվական տիտղոս ձեռք բերել:

Տոհմից աչքի են ընկել XVIII դարում Թիֆլիսի քաղաքապետ Աշխարհ-Բեկ Բեհբութովը, ռուսական բանակի գեներալ, Ղրիմի պատերազմում և Կովկասյան արշավանքներում աչքի ընկած Դավիթ Հովսեփի Բեհբութովը, նրա եղբայրը` Ղրիմի և Կովկասյան պատերազմների հերոս, գեներալ Վասիլի Հովսեփի Բեհբութովը:

Քիչ հայտնի տոհմերից է նաև Բեգթաբեկովների ազնվական տոհմը: Նրանք իրենց ծագումը համարում էին Անիից, որի կործանումից հետո հաստատվել են Վրաստանում: Այստեղ նրանց Թեյմուրազ Առաջին թագավորը վրաց ազնվականության դասն է կարգում, 1783-ին նրանցից Եսայի Սուլխանի Բեգթաբեկովի և նրա տոհմի ժառանգական իրավունքները վերահաստատվեցին Հերակլ Երկրորդ վրաց արքայի հրամանով, իսկ 1826 թ., ի թիվս այլոց, այս տոհմը նույնպես ստացավ ռուսական արքունիքի ազնվականի տիտղոս: Վրաց արքունիքում Բեգթաբեկովները վարել են պետական խորհրդականի պաշտոնը: Տոհմից աչքի է ընկել XIX դարում Կովկասյան պատերազմների մասնակից, հրետանավոր, գեներալ-մայոր, իշխան Սողոմոն Հովհաննեսի Բեգթաբեկովը:

XVII-XVIII դարերում վրաց արքունիքի դիվանապետի պաշտոնը զբաղեցրած Նազարովները սերում են Թումանյան-Մամիկոնյաններից: 1722 թ. Վախթանգ Վեցերորդ վրաց արքան իր հետ մդիվանբեկ Դավիթ Նազարովին Պետերբուրգ է տանում: Վերջինս այլևս Վրաստան չի վերադառնում և 1734 թ. ռուսական արքունիքում ծառայության է անցնում կոմսի տիտղոսով: Արքունական ծառայության մեջ XVIII դարի վերջում աչքի է ընկել Լև Սեմյոնովիչ Նազարովը:

Բացի վերոնշյալներից, վրացական և ռուսական արքունիքներում գրանցված ազնվականական գերդաստաններ էին Դելյանովները, Մինասովները, Սումբատովները, Փալավանդովները և այլ տոհմեր, որոնք, սակայն, որևէ էական դեր չեն խաղացել պատմության մեջ և ժամանակի ընթացքում կա՛մ ձուլվել են, կա՛մ մարել:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել