ITALY-SOCIAL-DISABLED-RESTAURANTDisabilityinfo.am-ը գրում է.

Իտալիայում շատ դժվար է մարդկանց պիցցերիաներով զարմացնել: Այնուամենայնիվ Հռոմի արվարձաններից մեկում հայտնվել է ոչ սովորական մի ռեստորան, որն արժանանում է հաճախորդների հատուկ ուշադրությանը:

Բանն այն է, որ ռեստորանի աշխատակիցների մեծ մասը Դաունի համախտանիշ ունի: Նրանք ոչ միայն ինքնուրույն սպասարկում են հաճախորդներին բոլոր սրահներում` որպես մատուցողներ, այլ նաև աշխատում են խոհանոցում:

«Ռեպուբլիկա» թերթի փոխանցմամբ`La Locanda dei Girasoli  ռեստորանը «Արևածաղիկներ» խմբի նախաձեռնությունն է եղել, որի անդամները Դաունի համախտանիշով երեխաների ծնողներ են: Նրանք շատ էին ցանկանում, որ իրենց երեխաները կարողանան լավ, մշտական աշխատանք գտնել, ազատ շփվել և լինել իտալական հասարակության մի մասը: Հենց դրա համար էլ հավերժական քաղաքի մի թաղամասում բացվեց այդ ռեստորանը:

- Քանի դեռ երեխաները սովորում են հատուկ դպրոցներում, ոչ մի խնդիր չի առաջանում: Նրանք ներառվում են երեխաների միջավայր, իսկ նրանց խնամքով զբաղվում է պետությունը: Իսկ հետո՞: Չնայած Դաունի համախտանիշով երիտասարդների համար նախատեսված հատուկ դասընթացներին՝ մեծ մասամբ նրանց ոչինչ չի սպասում, բացի պետական ֆինանսավորմամբ իրականացվող նմանատիպ դասընթացների շարքից: Կարծում ենք` դա սխալ է, և հենց դրա համար էլ մենք ինքներս ստեղծեցինք աշխատատեղեր մեր երեխաների համար,- պատմում է նախագծի հեղինակ-ծնողներից մեկը` Սերգիո Պալլադիոն:

Չնայած ֆինանսակայն դժվարություններին, որ առկա էին 2013-ին, ռեստորանը կարողացավ հաղթահարել ճգնաժամը` չդիմելով պետության օգնությանը: Մոտ ապագայում նախատեսվում է բացել ռեստորանի մի մասնաճյուղ նաև Սիցիլիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել