Tert.am-ը գրում է.

Վրաստանի սահմանին Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապի վնասումը «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը պատահականություն չի համարում։ 
Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունը պարզաբանել է, որ հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է տարանցիկ ինտերնետային կապը։

«Եթե ուշադիր վերլուծեք այս տարիների ընթացքում նման օրինակները, ապա կտեսնեք, որ ամեն անգամ, երբ Վրաստանում ինչ-որ սադրանք է տեղի ունենում հայերի նկատմամբ, և վրացական կողմն անհանգստանում է, որ հայկական կողմը կարող է դրան պատասխան տալ այս կամ այն ձևով, ապա փորձում է նման կանխարգելիչ քայլերով հիշեցնել, թե ինչ տեղի կունենա, եթե սրվեն հայ-վրացական հարաբերությունները։ Այս տարիների ընթացում ժամանակ առ ժամանակ ականտես ենք լինում, որ Հայաստան մտնող մալուխը կամ գազամուղն է վնասվում, ՀՀ մտնող ճանապարհն է փակվում, և դա լինում է այն պահին, երբ Վրաստանում տեղի է ունենում հերթական հարձակումը հայերի վրա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կիվիրյանը՝ հիշեցնելով մի քանի օր առաջ Թբիլիսիի հայկական եկեղեցու սպասավորների վրա հարձակումը, ինչը հայության շրջանում բավական մեծ վրդովմունք բարձրացրեց։

«Ի՞նչ է նշանակում այս վնասումը. բազմաթիվ պետությունների տարածքով անցնում է այդ մալուխը, բայց հիմնականում ամեն անգամ «պատահաբար» վնասվում է հենց Վրաստանի տարածքում: Դա տեղիք է տալիս մտածելու, որ այդքան էլ պատահաբար չի վնասվում»,-ասաց նա և հիշեցրեց մի քանի տարի առաջ նմանատիպ մի դեպք, երբ մալուխը վնասվել էր, քանի որ վրացի մի տատիկ բահով աշխատելիս էր եղել այգում։ 
«Դա մի տեսակ՝ ծիծաղելի է հնչում, երբ պետությունը սնող մալուխի վնասման պատճառը ներկայացվում է ինչ-որ տատիկ, ուղղակի զավեշտալի է: Ինչու որևէ այլ պետության տարածքում, որտեղ կան միլիոնավոր տատիկներ ու պապիկներ՝ բահերով, դա տեղի չի ունենում»,-ասաց նա և այս ամենի պատճառ համարեց նման սադրանքների դեպքում ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ պատասխանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել