Պարբերաբար հայտնվում են կանխատեսումներ, համաձայն որոնց, գլոբալ պատերազմի արդյունքում ժամանակակից քաղաքակրթությունը կկործանվի: Ի՞նչն է հետաքրքիր. հին էպոսներն ու հնէաբանական գտածոները երբեմն վկայում են այն վարկածի մասին, որ նման բաներ արդեն եղել են մեր պատմության ընթացքում:

Ապակե լճեր

Հին Եգիպտոսի հողը լի է գաղտնիքներով, և դրանք միայն բուրգերի ու Փարավոնների դաշտավայրի թաղման վայրերի հետ չեն կապված: Նման գաղտնիքներից մեկը կապված է կանաչ ապակու հսկա դաշտերի հետ, որոնք հարյուրավոր քառակուսի կիլոմետր մակերես են զբաղեցնում Լիբիական անապատում՝ Լիբիայի, Եգիպտոսի և Սուդանի սահմանների հատման կետում: Բնական ծագման այս ապակու որոշ կտորներ 26 կիլոգրամ են կշռում:

Առաջին անգամ այս ապակին հայտնաբերվել է դեռ 1816 թվականին, բայց լայն ճանաչում ստացել է միայն այն բանից հետո, երբ 1932 թվականին «Եգիպտոսի երկրաբանական լրատու»-ի աշխատակից Պատրիկ Կլեյտոնը հայտնաբերեց ապակեպատ դաշտերը: Իսկ դրանցից 200 կիլոմետրի վրա հայտնաբերվեցին նաև այդ ապակուց պատրաստված գլխիկներով նիզակներ, տապարներ և այլ զենքեր: Զարմանալին այն է, որ դրանք 100.000 և ավելի տարեկան են:

Այս ապակու մասին գիտեին դեռ անտիկ եգիպտացիք: Նրանք ոչ միայն գիտեին, այլև ակտիվորեն օգտագործում էին այդ ապակին՝ զարդերի պատրաստման մեջ: Այսպես, Թութանհամոնի լեգենդար վզնաշղթայի վրայի բզեզը պատրաստված էր հենց այդ հրաբխային ապակուց: Իսկ որտեղի՞ց է այն հայտնվել անապատում:

Հայտնի է, որ ավազը ապակի է դառնում ջերմային մշակման արդյունքում: Պահանջվում է 1700 աստիճան ջերմություն, որպեսզի ավազը սկսի հալվել, և հասկանալի էր, որ ուղղակի լուցկիներով չես կարող նման ջերմաստիճան ապահովել: Պատկերացնո՞ւմ եք, թե ջերմային ինչ ահռելի էներգիա է պետք՝ հարյուրավոր տոննա ավազը ապակի դարձնելու համար:

Գոյություն ունեն մի քանի վարկածներ այս հարցում: Դրանցից մեկի համաձայն՝ այս ամենի պատճառը կայծակներն են, սակայն բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես կարող էին Լիբիական անապատի դյունաները այդ քանակությամբ կայծակներ «գրավեին» նույն վայրի վրա:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ ապակին գոյացել է երկնաքարի անկման արդյունքում դեռ անհիշելի ժամանակներում: Տարբեր հաշվարկներ ցույց են տվել, որ բավարար ջերմային էներգիա գոյացնելու համար պետք է 100-մետրանոց երկնաքարը 20 կիլոմետր վայրկյան արագությամբ հարվածեր երկրին: Սակայն այս վարկածը ևս ունի մի մեծ բայց. ապակե դաշտերում ու դրա հարակից տարածքներում չկա նման հարվածի մասին փկայող ոչ մի խորը փոս:

Միևնույն ժամանակ, 1940 թվականներին ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում անցկացված առաջին միջուկային փորձարկումներից հետո անապատի ավազը ևս վեր էր ածվել կանաչ ապակու: Կարելի՞ է սրա հիման վրա ենթադրել, որ Եգիպտոսում ապակին գոյացել է նմանօրինակ հանգամանքներում՝ 100.000 տարի առաջ: Արդյո՞ք այդ անհիշելի ժամանակներում ատոմային ռմբակոծություններ են եղել, որի արդյունքում Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը ծածկել է Սահարա անապատը: Իհարկե, սա դեռ վերջնական պատասխան չունեցող հարցադրում է, բայց ուղղակի դեն նետել այն չի կարելի:

Մոհենջո-Դարո. ռադիոակտիվ փլատակներ

1922 թվականին հնդիկ հնէաբան Բանաջին Ինդոս գետի ավազանում հայտնաբերեց մի հին քաղաքի փլատակներ: Պեղումները ցույց տվեցին, որ այն հիանալի նախագծված էր, ուներ ջրմուղ և կոյուղի, որոնք իրենց արդյունավետությամբ գերազանցում են անգամ այն ջրմուղ-կոյուղային համակարգերը, որոնք գործում են այսօր Հնդկաստանում ու Պակիստանում: Հին քաղաքը կոչեցին Մոհենջո-Դարո: Դրա փլատակներում հայտնաբերվեցին կավի հալված կտորներ, որոնք բարձր ջերմային էներգիայի ազդեցության ներքո վեր էին ածվել ապակու: Գտածոների հետազոտությունը, որն իրականացվեց Հռոմի համալսարանում, ցույց տվեցին, որ հալումը տեղի էր ունեցել 1500 աստիճան ջերմությունից:

Նման ջերմաստիճան կարելի է ստանալ ձուլարանի վառարանում, բայց ոչ բաց տեղանքում: Բացի դրանից, գիտնականները ևս մի տարօրինակություն հայտնաբերեցին հին քաղաքում. ուշադիր ուսումնասիրելով փլատակները՝ նրանք հանգեցին այն եզրակացությանը, որ շինությունների ավերվածության աստիճանը նվազում է՝ քաղաքի կենտրոնից հեռանալուն զուգահեռ: Ենթադրվեց, որ կենտրոնում տեղի էր ունեցել ուժգին պայթյուն, որը բնաջնջել էր էպիկենտրոնում գտնվող թաղամասերը և վնասել մնացած քաղաքը: Փլատակներում գտնված կմախքները վկայում էին, որ մահը ակնթարթորեն էր վրա հասել, և որ ամենահետաքրքիրն է՝ այդ ոսկորները ռադիոակտիվ էին:

Այս առեղծվածային ու մտահոգիչ հայտնագործությունը պարզաբանում ստացավ միայն այն բանից հետո, երբ Ամերիկան միջուկային հարված հասցրեց Հիրոսիմա ու Նագասակի քաղաքներին: Բացի մեծ ավերածություններից, որոնք իրենց բնույթով հիշեցնում էին հնդկական քաղաքի ավերածությունները, զոհերի մարմիններն էլ էին դարձել ռադիոակտիվ:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել