Լուսանկարը` Ֆոտոլուրի արխիվիDisabilityinfo.am-ը գրում է.

Մայրաքաղաքը տարեվերջին 12 հիմնանորոգված գրադարաններ կունենա: Հրաշալի է հնչում, բայց…

Gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ Երևանի 2014 թվականի բյուջեով 245 մլն դրամ է նախատեսվել 12 գրադարան հիմնանորոգելու և գրադարանների վերանորոգման աշխատանքների համար: Ամենաքիչը նախատեսվել էր Արաբկիրի 6-րդ գրադարանի համար՝ 6,6 մլն դրամ, իսկ ամենաշատը՝ Աջափնյակի ԳԿՀ-ն հիմնանորոգելու համար՝ 41,3 մլն դրամ:

Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային գումարը, սակայն, ավելի քիչ է, քան նախատեսել էր քաղաքապետարանը: Օրինակ՝ Աջափնյակի դեպքում մոտ 13 միլիոն դրամ պակաս է: Ընդհանուր նախատեսվածի և պայմանագրային գումարի տարբերությունը մոտ 75,3 միլիոն դրամ է:

Մեր այն հարցին, թե գրադարաններից որո՞նք ամբողջովին կհամապատասխանեն շենքերի և շինությունների մատչելիության նորմերին, քաղաքապետարանից պատասխանել են.

«Կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները գրադարաններ մուտք գործելը մատչելի դարձնելուբնակչության սակավաշարժ խմբերի համարբացառությամբ Ավանի (տեղակայված է 2-րդ հարկումևԱջափնյակիԴավթաշենի (մուտքը բարձր է և հնարավոր չէ թեքահարթակ կառուցելգրադարանների»:

Այսինքն՝ երեքը հաստատ չեն համապատասխանի, մյուսների դեպքում էլ պետք է հասկանալ, թե որո՞նք են «հնարավոր բոլոր միջոցները», որոնք մուտքը գործելը մատչելի կդարձնեն՝ այնուամենայնիվ շինարարական նորմերին համապատասխանեցնե՞լը, թե՞ գրադարանի աշխատակիցների ձեռքերի ուժն ու ճարպկությունը:

Հիշեցնեմ, որ ամենաշատը ծախսվելու է Աջափնյակի ԳԿՀ-ի (28,1 մլն դրամ) և Ավանի (13,99 մլն դրամ) գրադարանների հիմնանորոգման համար: Ա´յ, սա իրոք հրաշալի է:

Ինչ վերաբերում է շինարարական նորմերին, ապա դրանք պարտադիր են աշխատանքների նախագծման և իրականացման համար, և ամենևին էլ միայն մուտք գործելը մատչելի դարձնելու մասին չեն:

Հիմա հարց. ո՞վ է ասում, թե պետք է պարտադիր թեքահարթակ կառուցել: Օրե՞նքը: Օրենքը պարտադրում է պահպանել նորմերը, և այս դեպքում արդեն միևնույնն է, թե ինչպես դա կարվի: Միևնույնն է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար` թեքահարթա՞կ կկառուցվի, վերելա՞կ, թե՞ ընդհանրապես գրադարանն այլ շենք կտեղափոխվի, կարևորը առանց հավելյալ խոչընդոտների մարդը կարողանա իրացնել իր իրավունքը:

Անհիմն պատճառաբանություն է, թե գրադարանը երկրորդ հարկում է, կամ մուտքը բարձր է: Դրված խնդիրը միշտ կարելի է լուծել, մանավանդ որ ի սկզբանե քաղաքապետարանի նախատեսած գումարից 75,3 մլն դրամ խնայողություն է եղել: Թե՞ այս գումարը ևս բավարար չէ մոտ 5-6 մլն դրամ արժողությամբ վերելակ կամ 1-1,5 մլն դրամ արժեք ունեցող ամբարձիչ տեղադրելու համար:

Երբ տարբեր առիթներով հարց ենք բարձրացնում շինարարական նորմերի պահանջները կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խախտելու մասին, տարբեր պաշտոնյաներ, ինչպես, օրինակ՝ կրթության նախարարԱրմեն Աշոտյանը կամ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Մհեր Բաղդասարյանը, հարցով են պատասխանում՝ կոնկրետ օրինակ ունե՞ք… Սա էլ կոնկրետ օրինակ, պարոնա´յք: Թեև ծիծաղելի է խախտման նախադեպեր փնտրել այն դեպքում, երբ ավելի հեշտ է մտաբերել հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխան պայմանների ստեղծման եզակի օրինակներ:

Ճիշտ է, մենք այստեղ խոսում ենք միայն շենքային պայմանների մատչելիության մասին, բայց բոլորին հասանելի գրադարանը ենթադրում է նաև գրականության, սարքավորումների և ծրագրերի հասանելիություն, աշխատակիցների համապատասխան հմտությունների և գիտելիքների առկայություն և այլն: Գրադարաններում խաղ-մրցույթներ, համերգային ուրախ ծրագրեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպելով չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներառում են մշակութային կյանքին: «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրն էլ, որի ժամանակ գրադարանն է գիրքն առաքում տուն, խնդրի լուծման տարբերակ չէ:

Ժամանակն է մոռանալու դրոշակ դարձած նախադասությունը, որը, երևի, ընդամենը մի քանի երևանցի չի լսել: «Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 մլն գումար է հատկացվել Երևանում թեքահարթակների կառուցման համար»: Սարսափելի է, որ այդ մասին հպարտությամբ է նշվում: Դա ոչ այլ ինչ է, քան իրենց կողմից չարված աշխատանքի ու ՀՀ օրենքների խախտման մասին ինքնախոստովանություն:

Հորդորում եք մասնավոր հատվածին հարմարեցնել իրենց օբյեկտները: Հետաքրքիր է, մասնավոր հատվածից հարց տվե՞լ են, թե ինչու եք պահանջում, ավելի ճիշտ` հորդորում, եթե դո´ւք չեք հետևում ՀՀ օրենքի պահանջներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել