Ամենավատ անազատությունը ազատության մեջ անազատ լինելն է: Ես իմ, այո իմ պետության մեջ անազատ եմ, ոչ միայն պետությունն է ինձանից օտարված, այլ` իմ հայրենակիցները: Ես ինչպե՞ս կարող եմ իմ երկրում ազատ լինել, երբ իմ երկրում իմ մայրենի լեզուն ամենաօտարվածն է: Քայլում ես քաղաքիդ կենտրոնով և տեսնում մեծ տառերով օտարալեզու գրված է ANI PLAZA HOTEL, իսկ դրա տակը հայերենով մանր տառերով նույն բանն է գրված: Սա ընդամենը օրինակ է: Ցանկացած քայլափոխի նմանատիպ երևույթի կարելի է հանդիպել: Ի՞նչ իրավունքով ենք մեր երեխաներից հայրենասիրություն պահանջում, կամ հարգանք մեր լեզվի ու մշակույթի նկատմամբ, երբ մայրաքաղաքի կենտրոնական դպրոցները անվանակոչված են օտարների անվամբ: Փորձեցի հիշել, թե որտեղ է Մաշտոցի անվան դպրոցը, չկարողացա, բայց առանց դժվարության կարող եմ ասել Չեխովի, Պուշկինի (Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես) և օտարակոչ այլ դպրոցների տեղը: Ես ինչպե՞ս կարող եմ երեխային հավատացնել, որ հայ լինելը պատիվ է, հայի լեզուն աստվածային (Աստված խոսում է հայերեն, Բայրոն), ինչպե՞ս կարող եմ հայի արժանապատվության մասին խոսել, երբ մեր լեզուն, մեր մշակույթը ստորացված են, համեմատության մեջ այնքան փոքրացված, որ աչքդ առաջին հերթին օտար բառերն է կարդում, և քո տառերը` փոքրության պատճառով չես էլ նկատում:
«Ռոսիա» կինոթատրոն, «Մոսկվա» կինոթատրոն…………..: Եկեք այս ամենի մասին մտածենք: Սա ավել կարևոր է, քան մանր-մունր անպետք բաների մասին մտածելը:
Հայի մաշկից պետք է քերել ստրկամտին և օտարամոլին:
Մենք կլինենք լավագույնը, եթե մեր մեջ կրենք մեր ազգի լավագույն հատկանիշներն ու փոխանցնք այն մեր սերունդներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել