Ձեզ հետևո՞ւմ են տարբեր երկրների հատուկ ծառայությունները և ձեր գլխին հագած ֆոլգայից  պատրաստված էկրանավորող սարքը, որը խանգարում է հակառակորդի գերժամանակակից սարքավորումներին ներթափանցել ձեր ուղեղի մեջ, այլևս վստահելի պաշտպանություն չի՞ թվում: Ուզում եք ավելի հուսալի ու ժամանակակից միջոներո՞վ հակազդել նրանց: Եթե այո, ապա առաջարկում ենք ձեզ մի քանի հակալրտեսային լուծումներ, որոնք միանգամայն օրինական ու հասանելի են յուրաքանչյուրի համար:

1. Գաղտնալսող սարքեր որոնող

Եթե ձեզ պետք է կապ, բայց դուք չեք ուզում պաշտոնապես գրանցվել և ընկերություններին տրամադրել ձեր անձնական տվյալներն ու փաստաթղթերը, ապա ամենահեշտ լուծումը մեկանգամյա օգտագործման բջջային հեռախոսներն ու SIM քարտերն են: ԱՄՆ-ում նման սարքերն արժեն 10 դոլար: Ոմանց սա կարող է թանկ թվալ, բայց փոխարեն երաշխավորված է ձեր գաղտնիությունը:

Ինչ վերաբերում է գաղտնալսող սարքերին, ապա դրանց հայտնաբերման մեխանիզմը արդեն վաղուց գաղտնիք չէ: Չենք գովազդի ինչ-որ կոնկրետ մոդելներ, բայց փոխարենը կհուշենք, որ այսօր համացանցով անգամ կարելի է հանգիստ պատվիրել ամենապարզ սարքավորումները, որոնք արձագանքում են ճառագայթման ցանկացած տեսակի վրա (այդ թվում՝ նաև բջջային հեռախոսներից եկող): Սակայն դրանք անհարմար են, քանի որ անընդհատ ազդանշաններ են արձակում ու չես կարող իմանալ, թե այս անգամ այն գաղտնալսող սա՞րք բացահայտեց, թե կնոջդ հեռախոսին նամակ եկավ: Սակայն կան նաև ավելի լուրջ սարքավորումներ, որոնք հենց գաղտնալսող սարքեր հայտնաբերելու համար են, բայց զգուշացեք կեղծիքներից:

«Սպիտակ աղմուկի» գեներատոր

Եթե դուք չեք ուզում շատ գլուխ դնել գաղտնալսող սարքերի որոնումների հետ, ապա կարող ենք խորհուրդ տալ ձեզ աուդիջամեր, կամ որ նույնն է, «Սպիտակ աղմուկի» գեներատոր, որը կարող է խլացնել անգամ ամենազգայուն միկրոֆոնը: Ուղղակի հաշվի առեք, որ իսկական աուդիոջամերը պետք է առնվազն միջին չափսի ճամպրուկի չափս ունենա, որպեսզի գոնե ձեր աշխատասենյակը պաշտպանի գաղտնալսումներից:

Մատնահետքերին ասում ենք «ո՛չ»

Վերջին շրջանում գնալով ավելի է տարածվում որոշ փաստաթղթերի ձևակերպման համար մատնահետքերի կիրառության պրակտիկան: Եթե չեք ուզում աջուձախ թողնել ձեր մատնահետքերը, ձեռք բերեք հատուկ մատնադիրներ, որոնք ի զորու են խաբելու ցանկացած սկաների: Դա ավելի գերադասելի է ու, որ կարևորն է՝ լեգալ, քան ինչ-որ մեկի մատը կտրելն ու օգտագործեը (ինչպես մարտաֆիլմերում են անում): Ի դեպ, ժամանակակից սկաները կարող են տարբերել մահացած մատը՝ կենդանի մարդու մատից:

Խուսափեք տեսախցիկներից

Եթե ուզում եք թույլ չտալ, որ ձեզ հետևեն, ապա հետևեք մասնագետների խորհրդին ու ծանոթացեք քաղաքում տեղադրված տեսախցիկների աշխարհագրությանը: Բարեբախտաբար, նման քարտեզներով հեղեղված է ողջ համացանցը ու գրեթե ցանկացած քաղաքի նմանօրինակ քարտեզ գտնելը խնդիր չէ: Օգտվելով այդ քարտեզից, կառուցեք ձեր երթուղին այնպես, որ խուսափեք տեսախցիկների տեսադաշտում հայտնվելուց: Եթե ամբողջովին խուսափելն անհնար է, ապա կան ևս մի քանի օգտակար տարբերակներ:

Վաճառվում են հատուկ կեպիներ, որոնց վրա լուսադիոդներ կան, որոնք կուրացնում են տեսախցիկը, երբ այն փորձում է ֆիքսել ձեր դեմքը: Երկրորդ տարբերակը պարզապես մեծ սև ակնոցներ հագնելն է: Վերջապես, ոչ ոք դեռ չի արգելել գրիմն ու հատուկ շպարը, որը կարող է անճանաչելիության աստիճան փոխել ձեր արտաքինը:

Հողանցումով պատյան՝ բջջայինի համար

Վերջերս բաց վաճառքում են հայտնվել բջջայինների պատյաններ, որոնք պաշտպանում են դրանք մագնիսական դաշտերի տարբեր ներգործությունից: Նման պատյանները 15 դոլար արժեն և, արտադրողի հավաստիացումների համաձայն, աշխատում են Ֆարադեի վանդակի սկզբունքով: Չխորանալով ֆիզիկայի անծայրածիր եզերքների մեջ, միայն կասենք, որ նման վանդակի աշխատանքի համար անհրաժեշտ է հողանցում, ուստի եթե ձեզ առաջարկում են պատյան, որից մինչև գետին հասնող մալուխի պես մի բան չունի վրան, իզուր մի վատնեք ձեր գումարը:

Օգտակար դրամապանակ

Իսկ այս մի նորարարությունն իրոք կիրառական է: Այն կասեցնում է պլաստիկ քարտերի միկրոչիպերից ինֆորմացիա գողացող սարքերի աշխատանքը: Այն կարող է պաշտպանել ձեր բանկային հաշիվների անձեռնամխելիությունը չարամիտների կողմից, սակայն այն չի պաշտպանում գրպանահատներից, ուստի պետք է ամեն դեպքում ուշադիր ու զգոն լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել