Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի «Հրատապ հարցազրույցի»՝ սահմանադրական փոփոխություններին վերաբերյալ մեկնաբանություններին, հակադրեց ՀՅԴ տեսակետը՝ ասելով, թե ցանկացած նման «տեսական դատողություն կարող է հիմք ունենալ»։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադրվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա»,– ասաց նա՝ ավելացնելով, որ եթե Սահմանադրությունը փոփոխության չենթարկվի, առաջանալու է կոնֆլիկտ, կառավարման ճգնաժամ։


-Պարո՛ն Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցով, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների ժամանակավրեպության թեմային՝ նշեց, որ դա արվում է պայմաններում, երբ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների, իր խոսքով՝ չարաբաստիկ նախաձեռնությանը։ Մինչդեռ ՀՅԴ-ն սկզբունքորեն կողմ է դրանց: Ինչպե՞ս կբացատրեք Տեր-Պետրոսյանի հայտարարությունը։


- Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր տեսակետը, որը այս դեպքում չի համընկնում մեր մոտեցումների հետ։ Մենք գտնում ենք, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, և այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Առաջին, որ համակարգային փոփոխությունների հիմքը մայր օրենքն է՝ Սահմանադրությունը, որը պետք է տա այն համակարգի նկարագրությունը և պետական կառույցների ձևավորման կարգը, որը կախված չի լինելու անձի ցանկությունից։ Երկրորդ՝ դրանով պայմանավորված կառավարման ձևի փոփոխությունը, եթե մենք այն չենք փոփոխում, պարզապես կոսմետիկ փոփոխությունների ենք ենթարկում Սահմանադրությունը, այդ դեպքում իսկապես անիմաստ է դառնում նման փոփոխությունը: Հետևաբար, հիմքը կառավարման ձևի փոփոխությունն է։ Երրորդ կարևոր հանգամանքը վերաբերում է նրան, որ այսօր բազմաթիվ խնդիրներ ուղղակիորեն կապված են սահմանադրական կարգավորումների հետ. դրանք կա՛մ թերի են կարգավորված, կա՛մ ընդհանրապես չեն անդրադառնում, կա՛մ էլ խեղաթյուրում են ցանկացած իրողություն՝ սկսած սոցիալական վիճակից, վերջացրած պետական արտաքին քաղաքականության վեկտորների ընտրության և ընթացքում դրանք փոփոխելու մեխանիզմներով, ինչպես նաև՝ անկախ դատական համակարգի գործունեությունից։ 

Այս ամենն ուղղակիորեն կապված է ՍԴ փոփոխությունների հետ, և եթե մենք այսօր ունենք թերի Սահմանադրական կարգավորումներ կամ գլխիվայր շուռ եկած, նշանակում է, որ երկիրը չի կարող զարգանալ նորմալ ընթացքով՝ անկախ նրանից, թե ո՞վ կլինի երկրի նախագահը։


- Դուք մի անգամ ասացիք, որ եթե ՀՅԴ-ի առաջարկությունները չընդունեն, բնականաբար, դուք էլ կողմ չեք լինի այդ փոփոխություններին: Հիմա բավական լայն քննարկում է ընթանում մարզերում, ի՞նչ արձագանք ունեք իշխանություններից:


- Մի քանի անգամ արդեն քննարկումներ եղել են, մենք մեր մոտեցումներ ներկայացրել ենք, հրապարակել ենք, և, կարծես թե, կառավարման ձևի փոփոխությունում հանձնաժողովը կողմնորոշում ունի դեպի խորհրդարանական կառավարման համակարգը։ Անշուշտ, տարբեր մոդելներ կան խորհրդարանական կառավարման համակարգի, բայց սկզբունքային հարցադրումը հայեցակարգային մակարդակով հետևյալն է՝ կառավարման ձևի փոփոխություն՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցում և նաև 100% ընտրական համակարգի որդեգրում։ 
Այստեղ է, որ դեռևս քննարկումների փուլում ենք, և հանձնաժողովին փորձում ենք մեր մոտեցումները ներկայացնել։ Վստահ ենք, որ եթե կառավարման ձևը փոփոխություն չունենա, այսինքն` կառավարման խորհրդարանական համակարգ չորդեգրվի, ինչպես նաև 100% ընտրական կարգը, կունենանք թերի փոփոխություններ: Այդ դեպքում, բնականաբար, անիմաստ կդառնա որևէ փոփոխություն նպատակային դարձնելը և այդ տեսակետից, այո՛, մենք էլ կարող ենք դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին։


- Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի իր իշխանությունը հավերժացնի։ Համակարծիք չե՞ք, որ հնարավոր է, նման հիմքեր կա՞ն:


- Ցանկացած նման տեսական դատողություն կարող է հիմք ունենալ, բայց ուզում եմ հիշեցնել, որ անգամ այսօրվա սահմանադրական կարգավորման շրջանակներում, եթե իշխանությունը ցանկություն ունենա վերարտադվելու՝ կարող է վերարտադրվել, և պրակտիկան ցույց է տալիս, որ այդպես էլ կա: Հետևաբար, պայմանավորել այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նպատակն իշխանությունների վերարտադրվելու ցանկությունն է, նշանակում է հողածածկույթի ենթարկել իրական պայքարը։ Մեր խնդիրը պետք է լինի հենց այդպիսի պահանջներ առաջադրելը, որպեսզի իշխանությունները չկարողանան վերարտադրվել, ոչ թե վիժեցնել, մերժել սահմանադրական փոփոխությունները, այլ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխություններով ամրագրվի այնպիսի համակարգ, այդ թվում նաև՝ ընտրական, որը թույլ չի տա իշխանության վերարտադրությունը: Այլ ոչ թե հայտարարել, թե քանի որ փոփոխությունները նպատակ ունեն վերարտադրվելու, հետևաբար, դրանք մեզ պետք չեն։ Այս ձևակերպումը, կարծում եմ, տեղին չէր և ավելին՝ կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունը հայտարարի, որ ինքը չի անում սահմանադրական փոփոխություններ և նորից վերարտադրվում է: Արդյունքում ստացվում է այդ տակտիկան կամ քաղաքականությունն ի վնաս գործեց համակարգային փոփոխություններին, այդ թվում և համակարգային իշխանափոխության մոտեցումներին։


- Բայց պետք չէ մոռանալ, որ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանում է, և շատերը մտահոգված են, որ այս փոփոխությամբ նա իր ղեկավարման ժամկետն է ավելացնում։


- Թե՛ իրավական տեսակետից հնարավորություն կա այդպիսի մեխանիզմը բացառելը և թե՛, ավելին, Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, եթե ընտրվի կառավարման խորհրդարանական ձևը: Քանի որ այդ դեպքում երկրի գլուխը դառնում է վարչապետը և կիսում է պատասխանատվությունը նախագահի հետ, որն ընտրվում է անուղղակի ձևով, համաձայն հայեցակարգային մոտեցումների։ Ստացվում է, որ հանրապետության նախագահը չի դառնում երկրի գլուխը, և սա հայտարարվել է։ Իսկ այն, որ մտահոգություն կա և փորձ է արվում ներկայացնել, որ նա կարող է ԱԺ նախագահ դառնալ կամ այլ պաշտոն ստանձնել, ընդամենը տեսականորեն ներկայացված մոտեցում է, որը պրակտիկայում որևէ արդարացում չունի և որևէ մեկը չի կարող վկայակոչել միջազգային որևէ փորձ և պնդել, որ ԱԺ նախագահը կունենա այդպիսի ազդեցություն, ինչիսին երկրի գլուխն է ունենում։ Ավելին՝ պառլամենտի նախագահն այս փոփոխությունների արդյունքում ընդամենը ձևական դերակատարություն է ստանձնելու, այն է՝ ապահովել օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքը, ոչ թե ընթացիկ կամ կառավարությանը վերապահված լիազորություններ իրականացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել