Ասպետական հանդերձանքի մասին ամենատարածված միֆն այն է, որ իբր ասպետները գրեթե անկարող էին շարժվել, երբ կրում էին իրենց զրահները: Այս լեգենդը ծնվել է 19-20-րդ դարերում՝ այնպիսի մարդկանց թեթև ձեռքով, ովքեր անսահման հեռու էին ասպետությանը վերաբերող թեմայից: Մասնավորապես, այս վայ փորձագետների կարծիքով, ձիուց ընկած ասպետը ի զորու չէր ոտքի կանգնել՝ զրահների ծանրության և շարժունակության գրեթե ի սպառ բացակայության պատճառով: Ըստ էության, նրանց պատկերացմամբ, միջնադարյան ասպետները ինքնուրույն տեղաշարժվելուն ոչ ունակ պահածոյի մետաղյա տարրաներ էին:

Ի դեպ, նման առասպելներ հյուսել են նաև ասպետական սառը զենքի մասին՝ դրանց աստղաբաշխական քաշ վերագրելով: Մասնավորապես, կա տարածված թյուրըմբռնում, որ երկձեռանի թրերի քաշի 15-20 կիլոգրամ էր կազմում, չնայած այն իրողությանը, որ մեզ հասած իրական մարտական (այ ոչ թե բուտաֆորիկ) երկձեռանի թրերի քաշը տատանվում էր 2-3.5 կիլոգրամի սահմաններում և շատ հազվադեպ էր հասնում 5 կիլոգրամի: Մի բան է գանտելներով քաշը զգալ և միանգամայն այլ բան՝ այդ նույն քաշի երկաթյա ձողեր հիշեցնող թրերով…

Ինչ վերաբերում է զրահներին, ապա դրանց քաշը շատ հազվադեպ էր գերազանցում 30 կիլոգրամը, ընդ որում, լավ պատրաստված զրահներում այդ քաշը բաշխված էր մարմնի երկայնքով: Իհարկե, շարժունակությունն այն ինչ-որ չափով նվազեցնում էր, բայց ոչ այնքան, որ հնարավոր չլիներ ինքնուրույն շարժվել: Լավ պատրաստված զրահները, չնայած իրենց քաշին, բավարար շարժունակություն էին ապահովում անգամ մարմնամարզական որոշ շարժումներ անելու համար:

Ի դեպ, եթե վերցնենք ավելի վաղ շրջաններում օգտագործվող օղակավոր զրահները (թևերով բաճկոն, ոտքերը ծածկող օղակավոր զրահ և կնգուղ), ապա դրա քաշը համապատասխանում է 15-րդ դարի երկաթյա զրահների քաշին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են ասպետական հանդերձանքի շարժական հնարավորությունները, ինչպես նաև ասպետական մարտի իրական հնարքներ: Մասնավորապես, կարող եք ակնդրել «կիսաթրի» տեխնիկային, որի ժամանակ ասպետը ձեռքով բռնում էր շեղբից՝ մերձամարտի ժամանակ ավելի ճշգրիտ ծակող հարվածներ հասցնելու համար: Այդ նպատակով, ասպետական թրերը հաճախ սրում էին միայն կիսով չափ, իսկ երբեմն էլ՝ շեղբի երկարության 1/3-ը: Բանն այն է, որ մերձամարտում շատ բարդ էր, եթե ոչ անհնար, լայնակի հարվածներով վնասել ասպետին՝ զրահների պատճառով, դրա համար էլ ավելի արդյունավետ էին ծակող հարվածները՝ զրահի թույլ հատվածներին: Այդ իսկ պատճառով մերձամարտում ասպետները մի ձեռքով բռնում էին շեղբի չսրված հատվածից ու փորձում էին ծակող հարվածներ հասցնել հակառակորդի աչքերին, վզին, թևատակին և զրահների ամրացման կետերին: Բացի դրանից, լայնորեն կիրառվում էին ֆիզիկական այլ հնարքներ, որոնք նման են ժամանակակից ըմբշամարտի հնարքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել