Մահապատժի դատապարտված Հակամադայի գործը քննող դատավորն ասում է, որ Հակամադան՝ այն մարդը, ով աշխարհի բոլոր մյուս դատապարտյալներից ավելի երկար է մենախցում սպասել իր մահապատժին, կարող է դատապարտված լինել կեղծ վկայության հիման վրա:

Iwao Hakamada

Իվաո Հակամադան իր քույր Հիդեկոյի հետ Տոկիոյում ազատ արձակվելիս

Հակամադան ավելի քան 45 տարի անցկացրել է՝ իր մահապատժին սպասելով: Նա ազատ է արձակվել այն բանից հետո, ինչ դատարանը պատվիրել է վերաքննել սպանության գործը, որում նա մեղավոր էր ճանաչվել: Հնչել էին ենթադրություններ, որ ոստիկանության քննիչները կեղծել են ապացույցները՝ դրանք շուռ տալով Հակամադայի դեմ:

Իվաո Հակամադան դատապարտվել էր կախաղանի 1968 թ.-ին՝ դրանից երկու տարի առաջ Սիդզուոկա նահանգում մի ընկերության նախագահին, նրա կնոջն ու նրանց երկու երեխաներին սպանելու համար: Հակամադան, ով նույն դատական գործի շրջանակներում դատապարտվել է նաև բնակարանային կողոպուտի և հրդեհման մեջ մեղադրանքով, ամենաերկար ազատազրկված բանտարկյալն է, ով դատապարտվել է մահապատժի: 78-ամյա այս մարդը տկար ու դողդոջուն տեսք ուներ, երբ քրոջ հետ միասին դուրս էր գալիս Տոկիոյի բանտից: Նրա 81-ամյա քույր Հիդեկոն պայքարել է հանուն նրա ազատ արձակման:  Հակամադան սկզբում ընդունել էր, որ ինքն է գործել սպանությունները, սակայն հետագայում փոխել էր իր ցուցմունքը և երկու տարի տևող դատավարության ընթացքում պնդել, որ ինքն անմեղ է: 1980 թ.-ին  Գերագույն դատարանը մերժեց նրա՝ վերաքննություն անցկացնելու դիմումը:

Սիդզուոկայի դատարան ներկայացրած վերջին բողոքարկման մեջ նրա փաստաբանները նշել էին, որ իրենց հաճախորդի արյունոտված հագուստի ԴՆԹ թեստի արդյունքները ապացուցել են, որ արյունը նրանը չէ: Դատավոր Հիրոակի Մուրայաման չեղարկեց մահապատիժը և պահանջեց ազատ արձակել Հակամադային՝ ասելով. «Անարդար է շարունակել ազատազրկման մեջ պահել ամբաստանյալին, քանի որ նրա անմեղության հավանականությունը բավականին ակնհայտ է դարձել»:

Hideko Hakamada

Հիդեկո Հակամադան՝ իր երիտասարդ եղբոր նկարը ձեռքում  

Մուրայաման ասել է, որ հնարավոր է, որ քննիչները կեղծած լինեն Հակամադայի դեմ ապացույցները:

Հնարավոր է, որ գլխավոր ապացույցները կեղծվել են քննչական մարմինների կողմից, - ասել է Մուրայաման:   

Ճապոնիայի դատարանները հազվադեպ են վերաքննություն պատվիրում այն դեպքերում, երբ ամբաստանյալը դատապարտվում է մահապատժի: Հակամադայի դեպքը վեցերորդն է Ճապոնիայում: Մնացած հինգ դեպքերում մեղադրյալներն արդարացվել են, իսկ վեցերորդ գործը դեռևս ընթացքի մեջ է: Հակամադան շնորհակալություն է հայտնել իր եղբոր տասնյակ աջակիցներին, ովքեր հավաքվել էին դատարանի առջև: Նա ասել է.

Անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիցդ: Սա տեղի ունեցավ Ձեր բոլորի աջակցության շնորհիվ: Ես այնքան երջանիկ եմ: Ես ցանկանում եմ հնարավորինս շուտ տեսնել նրան:

Մամուլի հրապարակումները վկայում են այն մասին, որ մեղադրող կողմը բողոքարկելու է դատարանի այս որոշումը: Հակամադայի առողջությունը կտրուկ վատացել է տարիներ շարունակ բանտախցում մահապատժի սպասելու արդյունքում: Հակամադայի ընտանիքի անդամները նշում են, որ նրա մոտ տկարամտության ախտանշաններ են հայտնվել: Նա տառապում է հոգեկան խնդիրներով:

Մահապատժի դեմ պայքարողները Հակամադայի դեպքն օգտագործել են Ճապոնիայի մահապատիժների վրա մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար՝ իշխանություններին մեղադրելով բանտարկյալներին խելագարության հասցնելու ու նրանց անմարդկային, դաժան ու ստորացուցիչ վերաբերմունքի արժանացնելու համար:  

«Amnesty International» կազմակերպությունը նշել է, որ Ճապոնիայի կողմից մահապատժի օգտագործումը շարունակում է ծածկված մնալ գաղտնիության շղարշով: Մահապատժի դատապարտված բանտարկյալները բազում տարիներ անցկացնում են մենախցում և իմանում, թե երբ են մահապատժի ենթարկվելու կախաղան բարձրացվելուց հաշված ժամեր առաջ: Ռոզեն Ռայֆը՝ «Amnesty International»-ի ասիական հետազոտական թիմի անդամը, ասել է. «Ճապոնիայի իշխանությունները պետք է ամաչեն Հակամադայի հանդեպ ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքից: Ավելի քան 45 տարի նա ապրել է մահապատժի վախը սրտում՝ չիմանալով արդյո՞ք հաջորդ օրը կգլորի, թե մահապատժի կենթարկվի: Սա հոգեբանական տառապանք է ավելացնում արդեն իսկ դաժան ու տմարդի դատապատժին»:

Գործող համակարգի քննադատները բողոքել են նաև այն բիրտ ռազմավարությունից, որը հարցաքննության ժամանակ օգտագործվում է խոստովանություն կորզելու համար: Հետագայում այդ խոստովանությունները հիմնականում օգտագործվում են իբրև դատավճռի հիմք: Ռայֆը հավելել է. «Մեղադրող կողմի կողմից շատ անարդար ու կոշտ քայլ կլինի բողոքարկել դատարանի նոր վճիռը: Հակամադայի ժամանակն անսահմանափակ չէ: Չգիտենք, թե արդյոք նա կհասցնի լսել արդար դատավճիռ, որից նրան զրկել են ավելի քան 4 տասնամյակ առաջ: Հակամադան դատապարտվել է բռնի ուժով կորզված խոստովանության հիման վրա, և մինչ օրս էլ վերջերս անցկացված ԴՆԹ հետազոտության հետ կապված անպատասխան հարցեր կան»:    

Հակամադային դատապարտած երեք դատավորներից մեկը հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքն անձամբ հավատում է, որ Հակամադան անմեղ է: Ներկայումս Ճապոնիայում 130 մարդ սպասում է իր մահապատժին: Մահապատիժը վերացնելու կոչերը նոր թափ են ստանում: Մահապատիժները վերսկսվել են 2012 թ.-ի մարտին՝ 20-ամսյա դադարից հետո: Անցյալ տարի մահապատժի է ենթարկվել 8 մարդ:

Այն քաղաքական գործիչները, ովքեր կողմ են մահապատժին, վկայակոչում են սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն՝ մարդկանց մեծամասնությունը կողմ է մահապատժի կիրառմանը, մինչդեռ մահապատժի դեմ պայքարողները նշում են, որ հարցումների հարցերն այնպես են ձևակերպված, որ խորացնեն մարդկանց վախը հանցագործությունների նկատմամբ: 2010 թ.-ին անցկացված հարցման արդյունքում պարզվեց, որ հարցման մասնակիցների 86 տոկոսը մահապատիժը անխուսափելի է համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել