Դռան բացվելու ձայնի վրա Նունեն խոհանոցից եկավ միջանցք, տեսնելով որ Արայիկն է եկել, առանց թաց ձեռքերը սրբելու, իրանից հեռու պահած, որ չդիպչեն նրան՝ հերթապահ համբույր դրոշմեց այտին ու կրկին ետ գնաց:

-Ջանս, անցիր լվացվելու, ես արդեն վերջացնում եմ, հետաքրքիր բան եմ պատրաստել, տեսնեմ ոնց ես գնահատելու,-խոհանոցում հոսող ջրի, կրակի վրա աղմկող կաթսայի ձայները խլացնելու համար բարձրաձայն ասաց Նունեն:

-Չէ, ուտել չեմ ուզում, սուրճ տուր, գլուխս ցավում է, բացի այդ ժամանակ էլ չունեմ, շուտով դուրս եմ գալու:

-Ոչ մի դեպքում, ես չարչարվել եմ, պատրաստել, իսկ դո՞ւ,-խռովկան երեխայի նման շուրթերն ուռեցրած ներս եկավ:

-Դե լավ, մի նեղացիր, ես քո ուզած ամսագիրն եմ բերել, եթե ուզում ես, կզբաղվես մինչև կգամ: Մի երկու ժամվա գործ է,- թերթերի խուրձն ու ամսագիրն անփութորեն նետելով բազմոցի առջևի փոքրիկ սեղանիկին, մի տեսակ ծանրորեն նստեց ու սկսեց խաղալ սեղանի դեկորի ծոպերի հետ: Նա շատ էր սիրում այդ գեղեցիկ ու հետաքրքիր սեղանը: Նունեն ինքն էր ձևավորել այն՝ տախտակը ձվածիր էր, վրան ուլունքներից հավաքած կոմպոզիցիա կար, որը թափանցում էր բաց կապույտ երանգ ունեցող ապակու տակից: Ապակին սեղանի ամրացնող շրջանակը թացված էր մուգ կապույտ թավշե ժապավենի տակ, որին փայլուն ուլունքներից ծոպեր էին կարված: Արդեն քանի անգամ էր Արայիկը տեսել այն, բայց ամեն անգամ մի նոր մանրուք էր հայտնաբերում նրբագեղ սեղանիկի վրա:

Սուրճը սենյակ բերելով ու Արայիկի դիմաց նստելով Նունեն աշխատում էր հասկանալ այս սառնության պատճառը: Սիգարետի ծխով պարուրված տղամարդն այնքան ուշադրությամբ էր նայում սեղանի եզրածոպերին, որ կարելի էր մտածել, թե մտովի ուրիշ վայրում է գտնվում:

-Ալոո, ո՞ւր ես, վերադարձիր,-Նունեն արդեն լրջորեն նեղսրտեց,-ինչ-որ բան է՞ պատահել, ինչո՞ւ ես լռում:

-Հենց այնպես, ոչինչ էլ չի եղել, լավ, դու նայիր, ես իրո՞ք քո ուզած ամսագիրն եմ բերել:

Խոժոռված Նունեն հայացքը գցեց ամսագրին.

-Կարծես թե, բայց մի տեսակ սովորականից հաստ է թվում:

-Դե, երևի էլի ինչ-որ գովազդային ակցիա է, մի բան մոգոնած կլինեն, հիշո՞ւմ ես, մի անգամ էլ երաժշտական սկավառակ էր ներդիր մեջ:

-Լավ, տեսնեմ սա´ ի՞նչ է,- և պոկելով ամսագրի մեջտեղի էջին կպցրած ծրարը, փորձեց զգուշորեն բացել այն,-բայց զարմանալի է, վրան ոչինչ գրված չէ,-զարմացած նայեց Արայիկին, որ արդեն դժվարությամբ էր անտարբերություն խաղում:

Ծրարի մեջ նրբագեղ ու յուրօրինակ մատանի էր՝ միմյանց էին կպել երկու բարակ ոսկե օղակ, որոնք զարդարված էին իրարից հավասար հեռավորության վրա գտնվող ադամանդե քարերով:

Նունեն լուռ նայում էր մատանուն, այնքան անսպասելի էր նման կերպ նվեր ստանալը, որ դեռ ուշքի չէր եկել, գոնե այնքան, որ շնորհակալություն հայտնի:

-Ակցիա է հա՞:

-Այո,-ծիծաղեց Արայիկը,- և օգտվելով առիթից, քանի որ արդեն մատանին կա, արի ամուսնանանք, ի՞նչ կասես:

-Ակցիայի շրջանակներո՞ւմ: Դե ուրեմն ամսագրի մի օրինակ էլ քո համար պիտի գնենք:

-Նեղություն մի քաշիր, քո ձեռքինը երկու հատ է, պետք է ընդամենը իրարից բաժանել, բայց երևի պետք չի հը՞, ինչ կասես: Թող իմն էլ քո մատին լինի, ես քեզ վստահում եմ:

-Խենթ, խենթ, խենթ,-մատանին բռում ամուր սեղմած Նունեն նետվեց Արայիկի գիրկն ու համբույրներով ծածկեց նրա փշփշոտ, բայց անսահմանորեն սիրելի դեմքը:

-Լավ, լավ, ե՞ս ինչ անեմ, խմբագիրն էր մեղավոր: Որ ակցիա չկազմակերպեր, ես հո ստիպված չէի լինի առաջարկություն անել: Մեղքս ո՞րն է, որ հիմա համբույրներով շնչահեղձ ես անում:

-Ախ էդպես հա՞, ուրեմն դու ստիպվա՞ծ էիր,-ու կատվի նման սպառնալիորեն ցուցադրեց երկար եղունգները:

-Չէ, չէ, ի՞նչ ես ասում, ես ամբողջ կյանքում միայն դրա մասին եմ երազել, - վախեցած ծամածռություն անելով աչքերն արագ-արագ թարթեց Արայիկը:

-Դու անտանելի ես, անգամ առաջարկություն անելու քո ձևն է անսովոր: Ոչ մեկին նման չես,Աստված իմ, որքան եմ սիրում քեզ…

-Փաստորեն ինձ չես ծվատի քո մագիլներով:

Նունեն խորամանկ ու գայթակղիչ հայացքով նայեց իր տղամարդուն և հարմարավետորեն տեղավորվեց նրա գրկում.

-Ոչ մի դեպքում, ընդհակառակը, կծվատեմ նրան, ով փորձի քեզ մոտենալ:

-Պահո¯, կրակն ընկա, էլ ոչ մեկի հետ չխոսե՞մ:

-Վերջ, դու դատապարտված ես մինչև կյանքի վերջ միայն ինձ հետ խոսել ու միայն ինձ նայել,-ծիծաղեց Նունեն:

-Լավ, բոլոր տեխնիկական հարցերը քննարկելու ժամանակ դեռ կունենանք, իսկ հիմա գնա պատրաստվիր: Ռեստորանում սեղան եմ պատվիրել, կուշանանք:

-Բայց դու մի երկու ժամվա գործ ունեիր:

-Քեզ թվում է երկու ժամից ավելի՞ պիտի նստենք ռեստորանում:

Նունեն ժպիտով գլուխն օրորեց. ոչ մի կերպ չէր կարողանում վարժվել նրան, որ Արայիկի բոլոր արտահայտությունները մի քանի քայլ առաջ հաշվարկված են:

Այդ երեկոյից սկսած նրանք անբաժան էին, ամեն օրը մի նոր երանգ էր ավելացնում նրանց կյանքի կտավին:

 

***

Բաց օդանցքից ներս էին խուժում բազմաթիվ տգեղ ու այլանդակ մռութներ ունեցող արարածներ ու լիալուսնի տակ հոսում դեպի սենյակի խորքը: Պատուհանից այն կողմ ոչինչ չկար, միայն լուսնի պայծառ լույսն էր, իսկ օդանցքի ուղղանկյունն այդ արարածների հայտնվելու թունելի սկիզբն էր: Նրանք հայտնվում էին ոչմիտեղից, աներևույթ աշխարհից ու ներխուժելով սենյակը լցնում իրենց անձայն մռնչյունով: Նունեն մի անորոշ շարժում արեց, փորձելով պաշտպանվել այդ անմարմին հրեշներից, սակայան հասկանալով, որ ոչինչ չի կարող անել՝ սկսեց աղոթել: Աղոթքը շնչակտուր էր, ընդհատ ու խեղդված: Թվում էր, եթե չհասցնի մինչև վերջ արտասանել խոսքերը, ապա կպարտվի այս պարտադրված պայքարում, բայց այդ վախից էր, որ կիսատ բառերը կառչում էին իրարից, վերածվելով միալար հոգոցի: Կինն անհուսությունից լաց էր լինում: Նա հասկացավ, որ ամեն ինչ կորած է: Հենց այդ պահին մեկը մեղմորեն, բայց ամուր գրկեց նրա ուսերը:

-Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես լաց լինում, ումից ես պաշտպանվում սիրելիս,-կնոջ արցունքները սրբելով հարցրեց Արայիկը:

Հասկանալով, որ այս ամենը ընդամենը երազ էր, Նունեն թուլացած ու դեռ հեծկլտալով փարվեց ամուսնուն:

-Ես վախենում եմ Արայիկ, ինչ-որ սարսափելի բան եմ կանխազգում: Շատ տհաճ երազ էր, եթե հիմա ինձ չարթնացնեիր՝ կխելագարվեի վախից,-և արագ-արագ, կարծես վախենալով, թե չի հասցնի, պատմեց երազը:

-Մի վախեցիր սիրելիս, ես կողքիդ եմ ու երբեք քեզ մենակ չեմ թողնի,-մահճակալի կողքին դրված պահարանիկի վրայի լամպը վառելով, որից սենյակը միանգամից լուսավորվեց կանաչ, հանգիստ լույսով (Նունեն ամեն երեկո, որևէ գույնի շարֆով էր ծածկում լուսամփոփը, որից նրանց սենյակում ամեն օր տարբեր լուսավորություն էր լինում), նայեց ժամացույցին,-Հանգստացիր, ամեն ինչ լավ է, ես այստեղ եմ, այդ ո՞վ կհամարձակվի քեզ մոտենալ, թող միայն փորձի, ականջները կքաշեմ,-կնոջ թաց կոպերը համբուրելով, նրան սեղմեց կրծքին,-Ժամը չորսն է, կարո՞ղ ես նորից քնել, թե՞ դեռ տպավորության տակ ես:

-Չէ, չէ, ոչ մի քնել, ինձ թվում է, որ հենց աչքերս փակեմ, կրկին այդ հրեշները ներս կգան: Իսկ կոպերս մի համբուրիր, վատ նշան է, կարող ենք իրար կորցնել, իրարից  բաժանվել:

Արայիկը ծիծաղեց.

-Չէ, դու իրոք երազի ազդեցության տակ ես, այս դարում մարդը ո՞նց կարող է այդքան սնահավատ լինել:

-Դա սնահավատություն չի, ժողովուրդն է ասում:

-Լավ, լավ, մի նեղացիր, էլ չեմ համբուրի, եթե վախենում ես, բա ո՞ր մասը կարելի է համբուրել,-չարաճճիորեն սպառնալի դեմքով մոտեցավ ու համբուրեց շուրթերը,-սա անվտանգ է չէ՞:

Արդեն համարյա հանդարտված կինը ժպտաց.

-Քնել չեմ ուզում, արի սուրճ կամ թեյ խմենք, գիտեմ, որ դու էլ չես քնի, իզուր տանջվելու ես:

-Իսկ եթե գինի՞:

-Չէ, գինի պետք չի, աշխատանքի ենք չէ՞: Ավելի լավ կլինի հանգստացնող խոտաբույսերով թեյ պատրաստեմ, թե չէ ամբողջ օրը լարված եմ լինելու:

Դե լավ, ոնց կասես, ուրեմն սպասւոմ եմ քո թեյին,-բարձը մեջքի տակ համարեցնելով ասաց Արայիկը:

Երբ Նունեն ներս եկավ, տեսավ որ ամուսինը քնել է: Թեյի բաժակները դնելով սեղանիկին, նստեց նրա կողքին ու մատների ծայրով շոյեց ճերմակող մազերը: Արայիկն աչքերը մի պահ բացեց, բայց Նունեն մատը հպեց նրա շուրթերին, որ շարունակի քնել: Ինքն էլ խալաթը հանելով պառկեց ու գլուխը դնելով ամուսնու թևին, երեխայի պես կծկվեց: Արայիկը թևն առաջ մեկնեց ու կնոջը գրկեց մեջքից: Քնած ամուսնու շնչառությունից ավելի ու ավելի հանգստանալով կինը փորձեց քնել, ինքն իրեն համոզելով, որ երազներին այդքան մեծ նշանակություն պետք չէ տալ:

Առավոտյան աչքերը բացելով տեսավ իր վրա կռացած գորովոտ ժպիտով ամուսնուն:

-Չէի ուզում արթնացնել, անհանգիստ ես քնել, հիմա նկատեցի, որ քնի մեջ ժպտում ես, ուզում էի հասկանալ, թե ինչն է քեզ ուրախացրել:

-Այնքան հաճելի երազ եմ տեսել…

-Էլի՞ երազ,-ժպտաց Արայիկը,-Հիմա՞ ինչի մասին էր:

-Երազում տեսա, որ դու ինձ համար մի մեծ ծաղկազամբյուղ ես պատվիրել, այն ուղղակի հսկայական էր, այնքան մեծ, որ երկու տղամարդ կողքերից բռնած բերում էին, սրտի ձև ուներ, ամբողջությամբ կարմիր վարդերից, բայց տարօրինակն այն էր, որ փնջի մեջ երկու փոքրիկ դեղին վարդ կար առանձին թաղարներով: Երազս ե՞րբ ես իրականացնելու:

-Անպայման կիրականացնեմ ջանիկ, մենք շուտով առիթ կունենանք նշելու, ինձ նոր աշխատանք են առաջարկել, տեսնենք ինչ է ստացվում, գուցե ծաղիկներից բացի այլ նվեր էլ ստանաս:

Անկողնում նստելով Նունեն փարվեց ամուսնուն ու շշնջաց.

-Այսօր աշխատիր ավելի շուտ գալ, քեզ կարոտում եմ:

-Լավ, հա, քիչ էր մնում մոռանայի, սա քեզ են ուղարկել, չգիտեմ ինչ է, ես գնացի,-և կնոջ բուռը խցկեց թղթով փաթաթված ինչ-որ բան:

Թղթի կտորը բացելով Նունեն տեսավ մի երկարավուն կիվի, որի վրա դանակով աչքեր ու քիթ էր փորված: Թղթի վրա գրված էր. «Ես քեզ …, դե գիտես, չկրկնվեմ:)» Նունեն համբուրեց կիվիի մռութն ասես կենդանի էակ լիներ և ժպիտով վեր կացավ անկողնուց, պետք էր հասցնել աշխատանքի գնալ:

 

***

Արտասուքից շաղված հայացքն ընկավ պատուհանին: Դրսում ձյուն էր, մանր ու առատ, անթափանց պատի նման: Իր ցավի հետ մեն-մենակ մնացած Նունեն էլ ավելի միայնակ զգաց իրեն: Կարծես աշխարհն էր ձյունով վարագուրվել իրենից ու անտարբեր դեմքը շուռ տվել: Նա մենակ է մնացել ահարկու հիվանդության դեմ պայքարում: Արայիկի տնքոցը ցավագին ընդարմությունից հանեց կնոջը: Նա արագորեն անվրդով ու հանգիստ դեմք ընդունեց ու մոտեցավ մահճակալին, որի վրա պառկած հիվանդի գունատ դեմքի վրա այրվող սևավուն երանգ ստացած շուրթերն անձայն շարժվում էին: Փորձում էր մի բան ասել, բայց շնչառությունը չէր բավարարում: Նունեն գլխի ընկավ, որ ջուր է ուզում: Շուրթերը թրջելուց հետո Արայիկը դեղերի ազդեցության տաք կրկին քնեց, իսկ Նունեի դեմքին նկարված արհեստական ժպիտն անհետացավ, տեղը զիջելով ճնշած ցավի արտահայտությանը: Նայում էր հիվանդի ճերմակ դեմքին, որը շրջանակող ալեխառն մազերը միաձուլվելով անկողնու սպիտակության հետ, ավելի էին ընդգծում աչքերի սևացած կոպերի մգությունը: Ձյուն էր գալիս: Սենյակում ձյուն էր, մանրափաթիլ, խիտ ձյուն, որը ծածկում էր Արայիկին: Մղձավանջային տեսիլքը ցրելու համար Նունեն թափահարեց գլուխն ու տրորեց աչքերը: Սա ի՞նչ բան է, արդեն խելագարվում է...

Զսպելով արցունքները շրջվեց դեպի պատուհանը, որ Արայիկը հանկարծ չնկատի իր հուզմունքը:

Ձյուն, ձյուն... Արդեն քանի տարի է, որ չի նայել, թե ինչպես է տեղում ձյունը: Ամբողջովին տրվելով աշխատանքին, այս կարգի բաների համար գրեթե ժամանակ չէր ունենում: Հիմա ժամանակը կա, գեղեցիկ տեղացող ձյունը կա, սակայն չկա այն նուրբ հրճվանքն ու հիացմունքը, որ բերում են ձյան ասեղնագործ փաթիլները:

Ձյուն, ձյուն... Ինչո՞ւ է ձյունը սպիտակ, իսկ արյունը կարմիր: Ինչո՞ւ է Արայիկի դեմքն այսքան սպիտակ, կարծես ձյուն լինի: Ինչո՞ւ, որովհետև արյունը չի մղվում դեպի դեմքը: Ահա, թե ինչ, նշանակում է, եթե հեռացնենք կարմիրը՝ կհայտնվի սպիտա՞կը: Իսկ ինչպե՞ս վերացնենք այս սպիտակությունը...: Հիմարություն է, այս ի՞նչ հիմարություններ են խցկվում գլուխը:

Ինչ փխրուն է կյանքը: Դեռ երեկ առավոտյան իրենք երջանիկ էին, կյանքի նոր հորիզոններ էին երևակայում, իսկ հիմա, նա, ով ամենաարժեքավորն է, կռիվ է տալիս մահվան հետ, իսկ դու կողքին նստած ոչնչով չես կարող օգնել:

Ժամերը դարեր էին դարձել: Հիվանդասենյակի պատշգամբ դուրս գալով Նունեն սիգարետ վառեց ու բազրիքին հենված նայում էր սառած ձյան նախշերին: Շատ ցուրտ էր, նրա մատներն ակնթարթորեն սառեցին, բայց նա կանգնած նայում էր ձյան վրա կծկված շներին, որոնք միմյանց սեղմված պառկել էին, գլուխները թաթերին դրած: Չնայած բավական բարձր էր, բայց Նունեին թվում էր, թե տեսնում է շների թախծոտ հայացքը, զգում է նրանց տխրությունը, որն անհույս ու անսահման է: Շները երևի չեն մտածում, որ ձմեռը կվերջանա ու էլի գարուն կգա, դրա համար էլ անհույս հայացքներ ունեն, իսկ ինքը դա հաստատ գիտե: Սակայն, ի՞նչ իմաստ ունի գարունը, եթե չի բերելու ապաքինում: Բայց արդյո՞ք հնարավոր է: Չէ, անհնար է, չի կարող այդպես լինել...

 

***

Երազառատ գիշերվան հաջորդող օրվա ընթացքում Արայիկն իրեն անսպասելի վատ էր զգացել, փորձել էր ցույց չտալ աշխատակիցներին, նստել էր մեքենա, որ հասնի տուն, բայց ճանապարհին ուշագնաց էր եղել, տաքսու վարորդն անմիջապես հասցրել էր հիվանդանոց, որտեղ կարողացել էին առաջին օգնություն ցույց տալուց հետո հեռախոսը քչփորելով զանգահարել էին Նունեին ու ասել, որ անմիջապես գա հիվանդանոց: Ամբողջ ճանապարհին կինն Աստծուց միայն մի բան էր խնդրում, որ տեղ հասնելով Արայիկի աչքերը բաց տեսնի:

Ժամանակը սողում էր, Արայիկը դեռ ուշքի չէր գալիս, բժիշկները պայքարում էին նրան վերակենդանացնելու համար, միջանցք դուրս գալիս փախցնում էին աչքերը, որպեսզի չհանդիպեն լուր աղերսող Նունեի հայացքին, որ պատին հենված, արձանացել էր, միայն տենդագին շշնջում էր.

-Խնդրում եմ, խնդրում եմ...

Լուսադեմին բժիշկը մոտեցավ

-Կարող եք ներս մտնել մի րոպեով, նա ուշքի եկավ, կյանքին վտանգ կարծես թե չի սպառնում, բայց նրան հոգնել չի կարելի, չխոսեք հետը:

***

Արայիկը դանդաղորեն կազդուրվում էր, ցնծություն էր, երբ երեք օր անց առավոտյան շրջայցի ժամանակ բժիշկն ասաց, որ արդեն կարող  են միջանցքում քայլել: Նունեն մեջքից գրկել էր ամուսնուն, զգուշորեն քայլում էին, բայց Արայիկը շուտ հոգնեց ու մոտեցավ պատուհանին, գլուխը հենելով կնոջ ուսին աշխատում էր կարգավորել շնչառությունը: Վերադարձան հիվանդասենյակ, չնայած որ բուժքույրը հավատացնում էր, թե այդ հոգնությունը նորմալ է, դա անհրաժեշտ է վերականգնման համար:

Մահճակալին նստելով Արայիկը գրկեց իրեն օգնող Նունեի կոնքերն ու նրան հենվելով շշնջաց.

-Շնորհակալ եմ:

-Ինչի՞ համար, ի՞նչ եղավ, -փորձեց ժպտալ կինը:

-Գիտե՞ս, երբ աչքերս բացեցի, շուրջս բազում անծանոթ դեմքեր էին, բազում հայացքներ, որոնք անտարբեր սպասում էին ինչ-որ բանի: Սկզբում չէի հասկանում ոչինչ, հետո, երբ այդ անծանոթ դեմքերի շրջապտույտում հանդիպեցի քո հայացքին, հասկացա, որ դու այլ կերպ էիր նայում: Մյուսների մոտ թափառող հայացք էր: Նրանք կարծես սպասում էին: Բժիշկներն արդեն հաշտվել էին ինձ կորցնելու մտքի հետ, նրանց աչքերում արդեն այն ապագան էր, որտեղ ես չկայի: Բայց երբ մոտեցար դու և լուռ կանգնած նայում էիր, ես հասկացա քո աղաչանքը: Ես հասկացա, որ պարտավոր եմ ապրել: Ես պիտի առողջանամ, ոտքի կանգնեմ: Ես հասկացա, որ քո աչքերից արցունքներ քամելու իրավունք չունեմ: Ես կապրեմ սիրելիս, քո´ համար կապրեմ:

Նունեն արտասվում էր, բայց արդեն առանց հայացքը փախցնելու, նա երկրորդ անգամ գտել էր ապրելու իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել