40 տարի առաջ այս օրը «Աթիլա» ռազմագործողության հետևանքով՝ թուրքական զորամիավորումները ապօրինաբար օկուպացրին անկախ Կիպրոսի տարածքի 37%-ը: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներին՝ Թուրքիան շարունակում է օկուպացված պահել հյուսիսային Կիպրոսը: Թուրքիայի համար Կիպրոսի գրավումը և ինը տարի անց կղզու հյուսիսային հատվածում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հռչակումն ունեին ինչպես կենսական-ռազմաանվտանգային նշանակություն, այնպես էլ գաղափարա-քարոզչական աստառ: Որպես կորեական օպերացիային Արևմուտքի հավատարիմ դաշնակից (և բազում զոհեր տված երկիր)՝ Թուրքիան, Արևմուտքի լռելյայն համաձայնությամբ, կարողացավ վերգտնել իր դիրքերը Միջերկրականում և միևնույն ժամանակ ներկայանալ՝ որպես թյուրքական աշխարհի պաշտպան, թեպետ այդ գաղափարը կթմբկահարվեր հետագայում: 1975թ. սկսած բանակցությունները՝ ուղղված միասնական դաշնային պետության ստեղծման, արդյունք չեն տալիս: Հիմնական պատճառներից մեկը կողմերի կենսական շահերի տարբերությունն է: Թուրքական հատվածում ցանկանում են, որ ապագա պետությունում ճանաչվեն նաև այն քաղաքացիների իրավունքները, ովքեր օկուպացիայից հետո վերաբնակեցվել են կղզում, ինչպես նաև որ վերականգնվի կղզու հանդեպ բրիտանա-հունա-թուրքական միասնական երաշխիքային համակարգը, ինչը ԵՄ և ՄԱԿ անդամ հունական Կիպրոսի համար անընդունելի է: Ժամանակ առ ժամանակ բանակցություններն ընդհատվում ու վերսկսվում են (այս տարվա փետրվարին վերսկսվեցին երկամյա դադարից հետո), որոնք, սակայն, որևէ արդյունք չեն տալիս: Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ, ինչ իշխանություն էլ լինի Թուրքիայում, պետության առաջնակարգ ռազմավարական շահերը միշտ էլ պաշտպանվելու են: Մեզ համար ուսանելի դասերն են՝ - Ձեռք բերված տարածքը պետք է վերաբնակեցվի, և վերաբնակեցումը դառնա ազդու գործիք բանակցային սեղանին, - Միջազգային ասպարեզում տնտեսական և քաղաքական դիրքերի ամրապնդումը թույլ է տալիս՝ «անվերջ» շարունակելու կնճռոտ բանակցությունները՝ առանց սպառնալիքի, որ մի օր քեզ կստիպեն իրապես բանակցել և ստորագրել, - Կիպրոսի հունական հատվածում շոշափելի է դառնում նոր՝ «կիպրական», ինքնության կայացումը, մինչդեռ Թուրքիայի ակտիվ քաղաքականության շնորհիվ՝ թուրքական հատվածում վառ է պահվում բուն թուրքական ինքնությունը: «Հայաստանցի»-«ղարաբաղցի» անթույլատրելի բաժանման պարագայում անցանկալի զարգացումները կանխելու նպատակով՝ մենք ևս կարիք ունենք հետևողական քարոզչական աշխատանքի՝ թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում՝ խուսափելու նոր էթնոգենեզից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել