Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, հուլիսի 17-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստից առաջ թերթի թղթակիցը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել ատոմակայանի եւ «Նաիրիտի» համար ռուսական կողմի խոստացած ներդրումների հետ: «Պարոն վարչապետ, «Նաիրիտի» ներդրումն ո՞ւր է, ատոմակայանի 300 միլիոնն ո՞ւր է», - թերթի թղթակցի հարցին Աբրահամյանը երևանյան ժարգոնային նախադասությամբ է պատասխանել. «Հենց իմանաս, ինձ էլ կասես», - ասել է նա: Ընդամենը մեկ շաբաթ առաջ նա մեկնել էր Սոչի՝ իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման և պետք է ստանար Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս երկու հարցի պատասխանը: Չի ստացել, փաստորեն», - գրում է թերթը:
«Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը առավել քան անմխիթար և անհեռանկարային է: Ինչպես գործարանի աշխատակիցների կողմից անցկացվող ցույցի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հենց վարչապետը՝ իրենք նույնիսկ չեն կարողանում պարզել, թե ով է գործարանի սեփականատերը: 
Այս հանգամանքը, անշուշտ, ցավալի է, սակայն դժվար էր այլ ելք ակնկալել այս իրավիճակում: «Նաիրիտի» հետ տեղի ունեցած տարբեր «արկածներից» հետո (հոսքագծի վաճառք չինական կողմին, բրիտանացի ներդրողներ, ինչ-որ օֆշորային սեփականատերեր և այլն) մի գեղեցիկ օր խորհրդային տարիների արդյունաբերական հսկան պիտի հայտնվեր որբ երեխայի կարգավիճակում: 
Վարչապետը, հավանաբար, չի սխալվում, երբ խոսում է գործարանի սեփականատերերին ի հայտ բերելու հետ կապված դժվարությունների մասին: Բանն այն է, որ որևէ մեկին այսօր ձեռնտու չէ իրեն հայտարարել այդ գործարանի սեփականատեր, քանզի այդ պարագայում նա ստիպված է լինելու մարել գործարանի պարտքերը, որոնք կազմում են, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, 50-60 մլրդ դրամ, չհաշված վարկային պարտավորությունները և աշխատակազմի 15 ամսվա աշխատավարձը: Ավելին, օրերս ԱՊՀ տնտեսական դատարանը բավարարել է ԱՊՀ միջպետական բանկի հայցը՝ գործարանից հօգուտ բանկի 30 մլն ԱՄՆ դոլար բռնագանձելու վերաբերյալ: Հավանաբար, հենց այդ նկատառումներով է առաջնորդվում նաև ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերությունը՝ չշտապելով ներդրումներ կատարել «Նաիրիտում»:
Այսպիսով, ստացվում է, որ տարբեր մեքենայությունների արդյունքում հայկական արդյունաբերության հպարտությունը կարող է հասնաել ընդհուպ մինչև սնանկացման: 
Իսկ նման վիճակով հզոր արդյունաբերություն ունենալու ցանկությունը կմնա ֆանտաստիկայի ժանրի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել