Երեկ չէ առաջի օրը Ազատության հրապարակում ՕԵԿ-ը կազմակերպել էր հանրահավաք՝ նվիրված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին: ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում գործելու և այդ գործունեությանը հանրային աջակցություն ապահովելու խնդիր ունի ներկայումս, որն օբյեկտիվ գործընթաց է, քանի որ նոր է դուրս եկել իշխանական կոալիցիայից: Քաղաքական իշխանության կարգավիճակի փոփոխություն է տեղի ունենում, ուստի այդ պարագայում կուսակցությունները ձգտում են գտնել ընդդիմության չափավորներին և նրանց հետ համագործակցության եզրեր բացել: Հասարակության որոշ շերտերի գրավելու համար հաշվի է առնվում առկա քաղաքական կուլտուրան (գիտակցված կամ ենթագիտակցորեն, կարևոր չէ), որը մեր պարագայում ավելի շատ միտինգային է՝ որպես ընդդիմության գնահատման նաև չափանիշ: Ահա և Արթուր Բաղդասարյանը որոշել է օգտագործել այդ գործընթացը, որով նաև որոշակի հարաբերություններ է փորձում թելադրել քաղաքական դաշտում: Նա, նախ, քննադատեց իշխանության վարած քաղաքականությունը, փորձեց ապահովել միտինգային ինտրիգը և, այնուհետև, խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ քննադատելով վերջինիս գործելաոճը 2008 թվականից մինչև ՕԵԿ-ի հետ ներկայիս համագործակցության բացառում: Սա, ըստ էության, Բաղդասարյանի ելույթի առանցքային հիմնահարցերից էր, որովհետև նա շատ լավ հասկանում է, որ, առանց «քառյակի» (կամ ընդդիմադիր համագործակցության, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է այս ձևակերպումը), շատ դժվար է լինելու հաջորդ ընտրություններում ընդդիմադիր էլեկտորատի համար պայքարը: Օրինաց երկրի առաջնորդը լավ հասկանում է, որ «քառյակում» ներգրավվելու ամենամեծ խոչընդոտը ՀԱԿ-ն է, իսկ ավելի ստույգ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հարաբերություններն Արթուր Բաղդասարյանի հետ, մեղմ ասած, շատ վատ են: Եվ Բաղդասարյանը որոշել է քանդել Տեր-Պետրոսյանի «ստեղծած» «քառյակը»՝ նրանց միջև հակասություններ հրահրելով: Մյուս կողմից էլ, սա «քառյակի»՝ իր կուսակցության նկատմամբ չափավորների հետ համագործակցության կորչ էր: Խոսելով համագործակցության մասին և այդ ճանապարհին նախկին նախագահի խոչընդոտ լինելու հանգամանքը մատնանշելով՝ փորձում է անուղղակիորեն ցույց տալ «քառյակի» ընդլայնման, նրա կառուցողականության խարխլման «հոսքը», որը գալիս է ՀԱԿ-ից: Նրա հաշվարկն այնպիսին է, որ մյուս ուժերը կսկսեն ճնշել Կոնգրեսին՝ որդեգրելու ավելի կոմպրոմիսային քաղաքականություն Օիրնացի հանդեպ կամ էլ «քառյակից» նրան ընդհանրապես վտարեն, ինչը գրեթե անհավանական է, որովհետև այդպիսով ընդդիմադիր դաշտը կֆրագմենտացվի, կշերտավորվի և կհասունանա ճգնաժամ, այնուհետև՝ կոնֆլիկ ու պառակտում: Հատկանշական է, որ Բաղդասարյանը նաև խոսեց Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերություններին՝ նշելով, որ առաջին նախագահը վատ է վերաբերվել «Ժառանգության» առաջնորդին: Լինելով Մաքիավելու «աղվեսի» տիպի լիդեր (ըստ Մաքիավելու այս տիպի լիդերին բնորոշ է թակարդներից խուսափելու հմտությունը, խորամանկ գերծելաոճը)՝ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ քառյակի ներսում ամենամրցակցային կամ սառը հարաբերությունները ՀԱԿ-ի ու Ժառանգության միջև է, և փորձում է օգտագործել այդ լրացուցիչ լծակը, քառյակի վրա ազդելու համար: Ընդհանրապես, ՕԵԿ-ը, որը, թեկուզ, չունի բավարար էլեկտորատ, որպեսզի կարողանա խորքային, որակական գործընթացներ ձևանշել մեր քաղաքական կյանքում, սակայն փոխարենն ունի բավարար ռեսուրսներ ընդդիմադիր դաշտի գունապնակը փոխելու կամ խառնելու համար: Հետաքրքիր է սպասել «քառյակի» արձագանքներին, որի ավելի շատ կինետիկ, քան վերբալ դրսևորումն է կարևոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել