Քաղաքական ուժերը արձակուրդային տրամադրություն ունեն, երբ քաղաքական դաշտը հստակեցումների անհրաժեշտություն ունի, երբ երկրի սոցիալական վիճակը կայունացնելու հրամայական է ձևավորվել, երբ տնտեսությունը փրկելու խնդիր կա: Բացի վերը նշված ներքին խնդիրները, ծառացել են մի շարք արտաքին խնդիրներ, եթե չասենք՝ մարտահրավերներ: Ավելի վատ է, որ այդ մարտահրավերները երկընտրանքային են, իսկ մենք էլ բավարար ռեսուրսներ չունենք խաղալու համար: Այսպես, ՀՀ-ն չի դառնում ԵԱՏՄ անդամ, երևի բարին դա է, սակայն այն ունի քաղաքական գին՝ հեղինակություն, ինքնիշխանություն, որոնք գնալով պակասում են՝ զրկելով ՀՀ-ին միջազգային հարաբերություններում սուբյեկտ-սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից: Մյուսը Ադրբեջանի դիվանագիտական ու ռազմական ագրեսիան է, որը այս փուլում հատուկ ուշադրության կարիք ունի: ԱՄՆ-ն խոսում է «օկուպացված» տարածքների մասին, ՌԴ-ն՝ խաղաղապահների տեղակայման, ու հիմա արձակուրդ գնալը ամենահարմար պահը չէ: Հիմա քաղաքական օրակարգի մշակման, քաղաքական գործընթացների զարգացման նոր փուլի ձևավորման ժամանակն է, որոնցով պետք է ուղենշել այդ զարգացման ընթացքը, հստակեցնել դրա սահմանադրումը՝ խաղի կանոնների սահմանում, ու հասցնել տրամաբանական ավարտին: Իշխանությունը ժամանակի ընթացքում հոգնում է, երկարակյաց իշխանությունը՝ երկարատև հոգնում և կորցնում է ադեկվատությունն ու համակարգը մղում բյուրեղացման: Դրա համար էլ կա ընդդիմություն, որն իր «ինտերպելյացիաներով» չի թողնում, որպեսզի իշխանությունը քնի, այն ստիպում է հարաբերություններն ու գործընթացները նոր մոդելացիաների ենթարկել, մտցնել ավելի ակտիվ ու ճկուն ինստիտուտներ, ստիպել իշխանությանը տեսնել խնդիրներն ու լուծումներ գտնել: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը մեր երկրում պետք է դառնա, այսպես կոչված, «back power» (հետին իշխանություն) և իր վրա վերցնի որոշ հարցեր, քանի որ իշխող էլիտան հոգնել է և այլևս չի կարողանում բացահայտել պրոբլեմը, առավել ևս՝ մշակել այլընտրանքներ ու կայացնել նորմալ որոշումներ, այնպիսի որոշումներ, որոնք կարտացոլեն հասարակական պահանջմունքը և ոչ՝ այլ շահեր: Որքան շարունակվի այս միտումը, այնքան ահագնանալու են պրոբլեմներն ու խորանալու ճաքերը: Հետևաբար, ընդդիմությունը պետք է թոթափի իր ձևակերպումային, ներկարգավիճակային բանավեճերը, մետաֆորաները ու տեղափոխվի բացառապես գաղափարական դաշտ: Պետք է ձևավորի նաև արտաքին քաղաքական օրակարգ ու պետության փոխարեն, որը անկարող է շատ բաներ անել, հնչեցի գնահատականներ այս կամ այն երկրի կամ կառույցի որդեգրած քաղաքականության նկատմամբ: Այդ դեպքում, իշխանությունն ավելի մեծ հավանականությամբ ընդդիմության հետ կենսենսուսի կամ կոմպրոմիսի մեջ մտնելու ուղիներ կսկսի որոնել: Իսկ հասարակությունն էլ կգնահատի բոլորի աշխատանքը ՝ ըստ արժանվույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել