Փողոցում մի մարդ էր ընկած: Նա մարդկանց միայն զզվանք էր պատճառում: Շատերը նույնիսկ հայհոյանքով էին արձագանքում նրա՝ երբեմն-երբեմն լսվող անգիտակից արտահայտություններին: Նա այնքան էր հարբել, որ նույնիսկ գետնից վեր բարձրանալ չէր կարող: Ամեն օր էլ այդ վիճակում էր, և հարակից թաղամասերում նրան արդեն ճանաչում էին: Իսկական թափառական, անտեր, հարբեցող մարդկանցից էր, որոնք, ցավոք, մեր քաղաքում հիմա շա˜տ-շա˜տ են…

Նրա անունը ոչ ոք չգիտեր: Երբեմն նրան մեռած համարելով՝ ցանկանում էին բարեկամներին ու հարազատներին գտնել, ոմանք էլ խղճում ու ցանկանում էին բժիշկ կանչել: Բայց երբ նա մի կերպ ոտքի էր կանգնում ու «քայլում», չգիտես ինչու` բոլորի մոտ կրկին նողկանք էր առաջանում դեպի այդ մարդը:

Բայց ո՞վ էր նա: Ի՞նչն էր նրան ստիպել դառնալ այդպիսին: Երևի այս նկարագիրը Ձեզ ծանոթ թվաց. անբախտ մի մարդ, ով, դաժան ճակատագրի զոհը դառնալով և չկարողանալով իրեն չկորցնել,  թուլամորթի նման դարձել է հասարակության համար անպիտան ու զազրելի:

Մի օր, երբ նա հերթական անգամ հարբած, գլորվելով անցնում էր փողոցով, այդ ժամանակ մի նվերների խանութ էին թալանում: Լսելով հարևանների աղաղակները` գողերը թողեցին ավարը և մի «նվեր» էլ՝ նրան: Ոստիկանությունը տեղ հասնելով՝ բռնեց միակ կասկածյալին ու մեղավորին…

Մինչև նա ուշքի եկավ, արդեն ոստիկանական տեղամասում էր հայտնվել: Ոստիկանները սկսեցին հարցաքննել, բայց նա ոչ մի հարցի չէր պատասխանում, միայն անդադար կրկնում էր. “Ես գող չեմ”:

- Իհարկե: Ոչ մեկդ էլ գող չեք: Միայն քեզ ու քեզ նմաններին հրեշտակի թևերն են պակասում:

-Հիմա՛ր, ասա, որ դու ես արել: Միևնույնն է  դու ես, և ապացույցներ էլ կան,- այս ասելով` ոստիկանը հարվածեց նրան: Երկրորդը նույնպես միացավ: Նրան անդադար ծեծի ենթարկելով` չկարողացան ստիպել, որ խոստովանի: Իսկ նա՝ կուչ եկած, լալագին հազիվ կրկնում էր. «Ես մեղավոր չեմ…»:

-Ի՞նչ է կատարվում այստեղ,-հանկարծ այս կիսամութ աշխատասենյակ մտավ մի հաղթանդամ, խիստ դիմագծերով մի տղամարդ: Նրա ձայնից երկու ոստիկաներն էլ զգաստացան ու հանգիստ թողեցին խեղճ  մարդուն:-Ի՞նչ եք անում: Ինչու՞ եք այս  մարդուն ծեծում:

-Պարո՛ն կապիտան, սա Ձեր ընկերոջ նվերների խանութն է թալանել:

-Դա կապ չունի: Դուք իրավունք չունեք մարդուն ծեծելու: Չե՞ք տեսնում, որ առանց այդ էլ կյանքը նրան լա˜վ պատժել է:

-Ախր, պարո՛ն կապիտան, ոչ մի հարցի չի պատասխանում:

-Ինձ չի հետաքրքրում: Երկուսդ էլ դու՛րս գնացեք:

Կապիտանը եկավ, նստեց նրա առջև և սկսեց հարցաքննել.

-Դու՞ ես թալանել նվերների խանութը:

Նա վախից ոչ մի բառ չարտաբերեց: Իսկ կապիտանը, ուշադրություն չդարձնելով, որ պատասխան չստացավ, շարունակեց խոսքը.

-Դու չէիր կարող անել. ուղղակի ի վիճակի չէիր: Բայց եթե չխոսես, ապա կբանտարկվես, քանի որ բոլոր ապացույցները քո դեմ են:…Հը՞, կխոսե՞ս,- սակայն նա ոչ մի բառ չասաց, կարծես լեզուն կուլ տված լիներ:-Լավ: Ուրեմն մի քանի օր բանտարկյալների հետ կմնաս, հետո ամեն ինչն էլ խելոք կասես: Հիշի’ր, որ դա իմ մտերիմ ընկերոջ խանութն էր, ու եթե չասես, թե ովքեր են թալանել, քեզ համար լավ չի լինի:

                                                                        ***

Մանր-մունր հանցագործների կողքին նա չէր կարող երկար դիմանալ: Մի քանի օր անց  նա արդեն դալկահար պառկած էր բանտախցի խոնավ ու կոշտ անկողնում, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր անկողնուց` այգիների նստարաններից ու փողոցի մայթերից…

Մի քանի օր անց` առավոտյան, նրան  տարան  կապիտանի մոտ: Եվ հարցաքննության ժամանակ նա կրկին պնդեց, որ գող չէ, և որ ինքը չի արել գողությունը: Նրան կրկին տարան բանտախուց, իսկ այնտեղից միայն  ու միայն մահվան շունչ էր փչում…

Եվս մի քանի օր, մի քանի բանտախցային ծեծկռտուք, և նա շատ ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նման հիվանդների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում: Հետաքրքրվելով նաև այս հիվանդով` ոչ մի բան չկարողացավ պարզել` նույնիսկ անունը:

Մի քանի օր անց, երբ  վիճակը մի քիչ  արդեն  կայուն էր, նա բացեց աչքերը: Բժիշկն անմիջապես եկավ  մոտը և սկսեց հարցնել,  թե ինչպես է իրեն զգում, անունն ինչ է և այլն: Բայց նա միայն ցավից տնքում էր: Իհարկե, բժիշկը հասկանում էր, որ նրան չի կարելի խոսել, բայց ուզում էր պարզել, այդ մարդու գոնե  անունը:

                                                                        ***

Երբ արդեն նրա վիճակը բարելավվել էր և լողացել, սափրվել էր, բժիշկը, նրան տեսնելով, կարծես մի ծանոթ մարդու տեսավ, բայց չհիշեց, թե ում էր հիշեցնում: Այդ օրվանից  ավելի  ուշադիր էր այդ մարդու նկատմամբ: Շուտով պարզվեց, որ նա լյարդի ցիրիոզով էր տառապում, և հիվանդությունն էլ հասել էր իր վերջին փուլին…

Խեղճ մարդն այնքա՜ն էր տանջվում: Կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, բայց նա արդեն կյանքի ու ճակատագրի հետ պայքարում վաղուց էր տանուլ տվել և վճարել` մնացյալ կյանքի տառապանքով: Բժիշկը նույնպես տանջվում էր, ցանկանում էր ինչ-որ բանով օգնել, բայց էլ ոչինչ չէր կարող անել. հիվանդությունն իր չար գործն արդեն արել էր: Նրա մասին պատմել էր նույնիսկ կնոջը՝ ասելով, որ նա իրեն ինչ-որ մեկին է հիշեցնում…

                                                                        ***

Առավոտյան հիվանդանոցում թոհուբոհ էր: Հիվանդի վիճակը վատ էր ու կարծես թե…

Երբ բժիշկը մտավ հիվանդասենյակ, նա ամուր բռնեց բժշկի ձեռքն ու մեծ ճիգեր գործադրելով` շշնջաց.

-Գո՛ռ, Արմանն եմ…,- դրանք նրա վերջին խոսքերն էին: Նա ուժասպառ եղավ ու աչքերը փակվեցին:  Բայց  մինչ  մահվան հրեշտակին տրվելը, նա հասցրեց  բժշկի հետաքրքրասիրությունը փարատել` բացահայտելով իր ով լինելը: Բժիշկը տեղում քարացավ ու սփրթնեց: Նրա աչքերից ակամայից արցունքներ հորդեցին, ու կարծես ողջ շենքը փուլ եկավ  իր գլխին: Նա այլևս չէր լսում, թե ինչ էին ասում բժիշկները: Բժիշկը չգիտեր` ուր գնալ,  ինչ անել,  ինչպես  ետ  բերել Արմանին: Ինչպե՞ս  կարողացավ  մեկ  վայրկյանում  կորցնել  նրան, երբ թեև ապրում էին նույն քաղաքում, բայց տասներկու տարի էր, ինչ լուր չուներ հարազատ եղբորից… Հանկարծ նրա աչքերը շաղվեցին ու այլևս չհասկացավ, թե շուրջբոլորն ինչ էր կատարվում: Գոռը կորցրել էր գիտակցությունը…

                                                                        ***

Գյումրի 1988թվ. դեկտեմբերի 5:

-Գո՜ռ, ու՞ր ես:

-Արմ ջա՛ն, սենյակում եմ, արի՛:

-Գո՛ռ, կգա՞ս այսօր գնանք կինո: Ընկերուհուդ էլ կբերես: Ես էլ Աննային եմ հրավիրել:

-Լա՛վ: Ես համաձայն եմ: Միայն զանգեմ Անիին էլ ասեմ, հետո նոր գնանք, հա՞:

-Դե լավ: Ես էլ գնամ: Մի քիչ գործեր ունեմ:

-Արմա՛ն, բայց ես քեզ հետ խոսելու բան ունեմ:

-Ի՞նչ է պատահել:

-Գիտես… Չէ՛, ախր ասելու բան էլ չէ…

-Դե լավ, Գո՜ռ, ասա՛:

-Գիտես…ըըը՜… երեկ լսում էի, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը խոսում, որ քեզ արգելելու են…

Դե՜, արգելելու են քեզ Աննայի հետ ընկերություն անել:

- Ի՞նչ, ի՞նչ ես ասում, գժվե՞լ ես:

-Չէ՛, Արմա՛ն, երդվում եմ: Ճիշտ եմ ասում:

-Բայց ինչու՞: Հո երեխա չեմ, որ իմ փոխարեն որոշումներ են կայացնում կամ ընդհանրապես ի՞նչն է պատճառը: Ախր մենք դեռ մանկուց ենք իրար հետ ընկերություն անում: Մենք իրար համար ենք ստեղծված:

-Լա՛վ, մի րոպե հանգստացի՛ր  ու ինձ լսի՛ր: Պատճառը ո՛չ դու ես, ո՛չ Աննան: Բանն այն է, որ նրա ծնողները մեր ծնողներին` հատկապես մայրիկին, դուր չեն գալիս:

-Ինչու՞:

-Չգիտեմ, խոսում են, որ լավ մարդիկ չեն:

-Գո՛ռ, դրանք միայն բամբասանքներ են: Չէ՞ որ մայրիկը նրա մորաքրոջը վաղուց է ճանաչում: Ի՞նչ եղավ նրանց:

-Արմա՛ն, ինչ նրա ծնողները եկել են, ես շատերից եմ լսել, որ նրանց մեր քաղաքում չեն հարգում:

-Իսկ ինչու՞:

-Ասում են, որ շատ ազատ են իրենց պահում ու ԱՄՆ-ի բարքերն այստեղ են բերել:

-Իսկ ո՞վ է այդ ամենը գլուխդ  լցրել,-Արմանն այնքան էր բարկացել, որ արդեն ավագ եղբոր հետ բարձր տոնով էր խոսում:

-Նրանց հարևանններից եմ իմացել, որ ուզում են թերթի խմբագրություն բացել ու ժողովրդի մեջ  հակաքարոզչություն տարածել:

-Գո՛ռ, դա նրանց գործն է: Ինչ ուզում են թող անեն: Իրենց անվալելուչ բաներ թույլ չեն տալիս, ու որ կարևորն է, շատ բարի մարդիկ են:

-Իսկ ինչու՞ մինչև հիմա աղջկան տեսնելու չէին գալիս: Ու հիմա նոր հայտնվել են:

-Գնալ-գալը շատ դժվար է, ինքդ էլ գիտես, բայց նրանք միշտ էլ խոսել, գումարով աջակցել են Աննային: Հիմա եկել են, որովհետև Աննան իմ մասին պատմել ու ասել է, որ մենք ուզում ենք ամուսնանալ:

-Չգիտե՜մ Արման, դու պաշտպանում ես նրանց, որովհետև Աննայի ծնողներն են:

-Չէ՛, Գո՛ռ, ես ճշմարտությունն եմ ասում. կապ չունի, թե նրանք ովքեր են: Ու եթե հայրիկն ու մայրիկն էլ ինձ արգելեն նրա հետ շփվել, ես միևնույնն է Աննայից չեմ հրաժարվի: Եվ լա՛վ իմացի՛ր՝ մենք ամուսնանալու ենք, այդ ամենը ձեզ դուր գա, թե ոչ,-Արմանը բղավեց եղբոր վրա և դուրս գնաց:

                                                                        ***

Երեկոյան նա Աննայի հետ հանդիպեց, զբոսնեցին, զրուցեցին, բայց Արմանի մտքում անընդհատ եղբոր հետ ունեցած խոսակցությունն էր: Աննան, իհարկե, նկատեց Արմանի տխրությունն ու մտահոգությունը, բայց ոչինչ չհարցրեց: Իսկ Արմանն էլ նկատել էր, որ Աննայի հետ է ինչ-որ բան կատարվում: Նա էլ մի տեսակ անհանգիստ էր: Ցանկանալով ժամանակը ձգձգել` նա Աննային առաջարկեց նստել:

-Ա՛րմ, ի՞նչ է պատահել: Զգում եմ, որ տխուր ես:

-Է՜…,- գլուխը թեքում է,- ոչինչ էլ չի եղել:

-Բայց դու անհանգիստ ես երևում, ինչ-որ բա՞ն է պատահել:

-Ա՛ն, նույնը քեզ էի ուզում հարցնել: Ինչ-որ բա՞ն է եղել, որ ես տեղյակ չեմ:

-Արմա՛ն, գիտե՞ս ես ուզում էի քեզ հետ խոսել:

-Ես էլ: Իսկ լու՞րջ բան է:

-Այո՛, իսկ քեզ մո՞տ:

-Նույնը: Դե լավ, ասա՛,  ի՞նչ էիր ուզում ասել, ես հետո կասեմ:

-Ո՛չ, սկզբում դու ասա:

-Լա՛վ: Բայց չգիտեմ էլ որտեղից սկսեմ…

-Ի՞նչ է եղել: Մենք մինչև հիմա ամեն ինչ միասին քննարկել ու խոսել ենք` առանց մտածելու, թե որտեղից սկսենք:

«Թեև ես էլ չգիտեմ, թե ծնողներիս որոշումն ինչպես ասեմ»,- մտածում էր Աննան:

-Ախր, սա շատ լուրջ հարց է:

-Դե Արմա՜ն, ասա´ վերջապես:

-Գիտե՞ս Ա՛ն, Գոռն ասում է… Դե լսել է, որ…Մի խոսքով ծնողներիս խոսակցությունն է լսել:

-Եվ ի՞նչ:

Վերջապես  Արմանը  որոշում է ասել: Դեմքը Աննայից փախցնելով՝ շունչը պահած ասում է.

-Լսել է, որ ծնողներս դեմ  են մեր ընկերությանը:

Աննան, խոսքերին չհավատալով, կանգնում է, գլուխը կախում. նա շատ լավ հասկացել էր, որ պատճառն իր ծնողներն էին:

-Ա՛ն, խնդրում եմ, արի փախչենք: Հա՞:

-Արմա՜ն…

-Ան, մի՛ տխրիր, խնդրում եմ: Ես միևնույնն է նրանց հետ համամիտ չեմ  և ինձ չի հետաքրքրում հասարակության կարծիքը: Ինձ համար միայն կարևոր է, որ կողքիս լինես: Եվ ես  թույլ չեմ տա, որ իմ կյանքին խառնվեն:

-Չէ՛, Արմա՛ն, նրանք իրավունք ունեն: Ես հասկանում եմ,-կիսաթաց աչքերով պատասխանում է Աննան:

-Բայց չէ՞ որ ոչ թե մեր ծնողները, այլ մենք պիտի ամուսնանանք իրար հետ:

-Նրանք էլ բարեկամանալու են: Քիչ բան չէ, խնամիներ են դառնալու:

-Այսի՞նքն, ի՞նչ ես առաջարկում:

-Արմա՛ն, գիտե՞ս, ես էլ քեզ վատ լուր ունեմ հայտնելու:

-Սրանից էլ վա՞տ:

-Այո՛:

-Սրանից վատ միայն աշխարհի կործանումը կարող է լինել,- տխուր քմծիծաղ է տալիս:

-Ավելի վատ բաներ էլ կան:

-Ե՞վ…

-Ծնողներս ուզում են ինձ իրենց հետ տանել:

-Ի՞նչ:

-Ասում եմ…

-Չկրկնե՛ս: Գժվե՞լ են ինչ է: Ես թույլ չեմ տա:

Աննայի աչքերը կրկին լցվեցին արցունքներով.

-Իսկ ի՞նչ ենք անելու: Հիմա մենակ ենք, նույնիսկ Գոռը` եղբայրդ, մեր կողմից չէ:

-Ինչ արած, մենք էլ կփախչենք:

-Արմա՜ն, դու լրիվ գժվել ես: Ինչո՞վ, ու՞ր ենք գնալու:

-Ես գումար ունեմ: Կգնանք առաջին իսկ պատահած տեղը:

-Չէ՛…հնարավոր չէ: Ես չեմ կարող ծնողներիս թողնել:

-Աննա՛, ո՞ր ծնողներին: Այն ծնողների՞ն, որ քեզ հաշվի չեն առնում:

-Բայց Արմա՛ն, նրանք իմ ծնողներն են, նրանք են  ինձ մեծացրել, պահել:

-Դու երևի մորաքրոջդ մասի՞ն ես ախոսում:

-Արմա՛ն: Կարո՞ղ ես գոնե մի անգամ ծնողներիս մասին արհամարհական չխոսել: Ի վերջո նրանք իմ ծնողներն են:

-Լա՛վ, կներես Ան ջան, չէի ուզում քեզ նեղացնել: Ես քեզ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի՛ր: Ես ուզում եմ, որ մեզ համար էլ լավ լինի:

-Չգիտեմ Արման, չգիտե~մ…

-Ես վաղն ևեթ կպայմանավորվեմ, ուղեգրեր կգնեմ ու կգնանք:

-Ու՞ր:

-Չգիտեմ, թեկուզ Վոլգոգրադ: Այնտեղ բարեկամներ, ընկերներ շատ ունեմ: Ի վերջո թող մեր ծնողները հասկանան, որ արդեն մեծ ենք և մեր փոխարեն թող որոշումներ չկայացնեն: Աննա՛, հասկացի՛ր վերջապես, նրանց համար նպատակ է դարձել մեզ բաժանելը:

-Արմա՛ն, դու ինչ-որ չափով ճիշտ ես, համաձայն եմ, բայց միևնույն ժամանակ խղճում եմ նրանց:

-Գիտեմ, ես էլ եմ խղճում, որովհետև շատ կտաանջվեն, բայց տեղ հասնելուն պես կտեղեկացնենք, որ մենք լավ ենք, ու որ մեզ չփնտրեն…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել