Tert.am-ը գրում է.

«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը» նախապատրաստել և «Կլիմայի ներդրումային հիմնադրամին» է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի՝ մոտ մեկ ամիս առաջ 17 անդամ երկրների կողմից հաստատված ներդրումային ծրագիրը, որն իրականացնելու համար Հայաստանը ստանում է 40 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում, ու նաև կանխատեսվում է հետագայում հնգապատիկ ֆինանսական միջոցների մուտք երկիր:


Ծրագրի առաջնահերթությունների, ուղղությունների, առհասարակ, վերականգնողական էներգետիկայի մասին Tert.am-ը խոսել է հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի հետ:


-Առաջիկա ամիսներին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից համապատասխան դոնորների հետ համատեղ կնախապատրաստվեն համապատասխան ծրագրերը՝ հիմք ընդունելով ներդրումային ծրագրերը: Ո՞ր ոլորտներն են համարվում առաջնային:


-Երկրաջերմային էներգիայի զարգացումն է, որով նախատեսվում է 9 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհային բանկի միջոցով՝ Քարքարի տեղանքում հետազոտական հորատման և ներդրողների ներգրավման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Հաջորդը արևային ֆոտովոլտայիկ կայանների կառուցումն է, ինչի համար նախատեսվում է 40-50 ՄՎտ հզորության արևային կայանների կառուցում՝ մրցութային եղանակով ներգրավելով մասնավոր ներդրողների: Այդ նպատակին կուղղվի 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհը՝ նախնական հետազոտական աշխատանքների և ծրագրի ձևավորման և 26 մլն արտոնյալ վարկ՝ «Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի» (ՎԷԸԾ) միջոցներից: Դրանից բացի, «Համաշխարհային բանկն» (ՀԲ) ու և «Ասիական զարգացման բանկը» (ԱԶԲ) միասին կտրամադրեն 30 մլն ԱՄՆ դոլար՝ կայանների ներդրումների համար: Մասնավոր ներդրողների և տեղական բանկերի մասնակցությամբ այս ծրագրերի ընդհանուր ներդրումը կկազմի 129 մլն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է նաև ջերմային պոմպերի և արևային ջրատաքացուցիչների կիրառման ընդլայնում և նախատեսվում է 3 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացնել «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) գործող ծրագրի ընդլայնման համար (Կովկասի էներգախնայողության ծրագիր), որը տեղական բանկերի միջոցով ֆինանսավորում է արտադրական կազմակերպությունների և բնակչության էներգախնայողության ներդրումները:


Հարկ է նշել, որ ներդրումային ծրագրի մշակման բոլոր փուլերում ընդգրկուն քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացվել պատասխանատու պետական կառույցների, մասնավոր հատվածի` այդ թվում ֆինանսական շուկայի, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, և նախանշված ծրագրերն ու առաջնահերթություններն ընտրվել են այդ քննարկումների միջոցով:


Մենք արել ենք ներդրումների հեշտացման համար որոշակի օրենսդրական լուծումներ, հայտնաբերել ենք խոչընդոտներ,ներկայացրել ենք Կառավարությանը: Մշակել ենք որոշակի ծրագրեր, որպեսզի Կառավարությունը և ներդրողները հասկանան՝ որքա՞ն է այս ռեսուրսը, որքա՞ն՝ այն: Եվ ամենակարևոր լուրը, նորությունը, որ ուզում եմ հայտնել, այն է, որ արևային էներգետիկան, վերականգնողական էներգետիկաները, որ մեր կարգավորման դաշտում են, ունեն բավականին մեծ արտոնություններ: Եվ մեծ ՀԷԿ-երի զարգացումը պայմանավորված էր միմիայն դրանով. նախկինում հարկային պարտավորություններ չունեին, պետական սուբսիդիաներ չունեին: Եվ, փառք Աստծո, այսօր մեծ ՀԷԿ-երի սակագինն առավելագույնը 20 դրամ է, ինչը օգնում է, որ ընդհանուր սպառողի սակագինը ցածր մնա: Այն, գիտեք 38 դրամ է, միջինացված օգնում է ցածր պահել: Արևային էներգետիկայի, որի համար շատ մեծ ռեսուրսներ ունենք, խնդիրը տեխնոլոգիաներն էին, որոնք մինչ այժմ թույլ չէին տվել ունենալ ցածր սակագին և 100-150 դրամ է եղել, ինչը ձեռնտու չի եղել ներդրողներին: Կանխատեսվում է, որ մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ՎԷԸԾ-ի միջոցների ներդրումը հանգեցնելու է հնգապատիկ ներդրումների:


-Այսինքն՝ բաշխիչ ցանցը արտադրողից՝ արևային էներգիա արտադրողից, պետք է գներ 150 դրամո՞վ:


-Այո՛, բայց վերջին տարիներին Չինաստանը, երբ սկսեց շատ մեծ քանակով արևային ֆոտովոլտայիկ մոդուլային էլեմենտներ արտադրել, չինական այդ պրոդուկտն արդեն մեծ ազդեցություն ունեցավ գների վրա, և հիմա արդեն նշածս սակագինը մի քանի անգամ էժանացել է: Իսկ «Կլիմայի ներդրումային ֆոնդին» ներկայացված ներդրումային ծրագիրը, որը խիստ մեղմ վարկային պայմաններով և 40 տարվա մարման ժամկետով ֆինանսավորում է ապահովում մեր արևային էներգետիկայի զարգացման համար, կարևոր է այն առումով, որ հնարավորություն է տալիս մեղմել նշածս տեխնոլոգիաների գնի ազդեցությունը վերջնական սպառողի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել