Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել Է ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն՝ պաթետիկ։ Բնությունն արտացոլել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում («Քաոս», 1842, «Արևի խավարումը Թեոդոսիայամ», 1858, «Արարչագործություն», «Համաշխարհային ջրհեղեղ», 1864 և այլն)։ Դա արտահայտվել է նաև բազմաթիվ ծովանկարներում, կովկասյան բնանկարների շարքում, մասնավորապես՝ բիբլիական Արարատի պատկերներում։ 1840–50-ական թթ. լավագույն կտավները՝ «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով» (1842), «Նավաբեկություն» (1843), «Փոթորիկը Սև ծովում» (1845), «Իններորդ ալիք» (1850) և այլն, կատարված են հակադիր գույների լծորդումներով, էպիկական շնչով և ռոմանտիկ պաթոսով։

1870-ական թթ. նա ստեղծել է ավելի նուրբ ու զուսպ գունաշարով իրացված «կապույտ ծովանկարները» («Փոթորիկ», 1872, «Ծիածան», 1873 և այլն), իսկ 1880–90-ական թթ. «արծաթավուն ծովանկարների» շարքը («Սև ծովը», 1881, «Փոթորիկ», 1885, «Ալիք», 1889, «Փոթորիկը Ազովի ծովում», 1889, «Ալիքների մեջ», 1898 և այլն)։ Ստեղծել Է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», 1853, «Ծովամարտ», 1855, «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 են), պաշարված քաղաքում բացել Է ցուցահանդես (1854), ոգևորել և օգնել Է նրա պաշտպաններին։

Այվազովսկին շատ Է ճանապարհորդել, եղել Է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում։ 1868-ին ուղևորվել Է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ («Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն), 1869-ին Թիֆլիսում բացել հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ 1873-ին Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար որպես օտարերկրյա մեծ նկարիչ կատարել Է իր ինքնանկարը։ Այվազովսկին Ռուսաստանում առաջինն Էր, որ, հետապնդելով լուսավորական նպատակներ, իր ցուցահանդեսները կազմակերպել Է ոչ միայն Պետերբուրգում, Մոսկվայում կամ Եվրոպայի մշակութային խոշոր կենտրոններում, այլև ռուսական ծայրամասային քաղաքներում, այդ թվում Թիֆլիսում և Բաքվում։ Նա մեծ համակրանքով արձագանքել և նյութապես օժանդակել Է հույների, իտալացիների ագգային-ազատագրական պայքարին։ Այվազովսկուն խորապես հուզել Է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող հայրենակիցների ճակատագիրը։ Աշխարհահռչակ ծովանկարչի անունը բուռն ոգևորության աղբյուր Է եղել երկրագնդի տարբեր ծայրերում ապրող հայության համար։ Իր ճանապարհորդությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ Է ունեցել հայության լայն զանգվածների հետ, օգնել ազգային կազմակերպություններին, դպրոցներին, նվիրել նկարներ և բացել ցուցահանդեսներ։ Փայփայել Է այն երազանքը, թե կկարողանա մեկ ընդհանուր միության մեջ միավորել տարբեր երկրներում ապրող բոլոր հայ նկարիչներին և զարկ տալ հայ կերպարվեստի զարգացմանը։ 1890-ական թթ. հայկական կոտորածների ծանր օրերին նա ստեղծել Է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ՝ արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների։ 1898-ին այդ նկարաշարը ցուցադրել Է Մոսկվայում, «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուի համար կատարել նույն թեմայով գրչանկարներ։ Նա ապաստան Է տվել և նյութապես օգնել կոտորածից Ղրիմ փախած հայ գաղթականներին։ Այվազովսկին եղել Է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացին։ Թեոդոսիայում բացել Է պատկերասրահ (1880, այժմ՝ իր անունով), Հնագիտական թանգարան (1874), Գեղարվեստական դպրոց (1865), գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել Է նավահանգստի (1892—94), երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը և այլն։ Այվազովսկին մեծ գումարով օգնել Է Ռուսաստանի՝ 1891—92-ի սովյալներին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելոռուս չքավոր ուսանողներին։ 1900-ի մարտի 18-ին Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Այվազովսկու անվան թոշակ։ Նրա անունով Թեոդոսիայում կոչվել Է փողոց, զբոսայգի և մոտակա բլուրներից մեկը։ 1887-ին մեծ շուքով նշվել Է նկարչի ստեղծագործական կյանքի 50-ամյա, 1897-ին՝ 60-ամյա հոբելյանը։ Այվազովսկին մահացել Է ապրիլի 19–ին, ուղեղի արյունազեղումից՝ անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։ Այվազովսկու արվեստը լավատեսական է։ «Իններորդ ալիք» հանրահայտ նկարում (1850, Պետերբուրգի ռուսական թանգարան) դրսևորվել է ծովանկարչի մեծ հավատը դեպի մարդը, դեպի նրա հոգու անընկճելիությունը։ Իր «Սև ծովը» (1881, Տրետյակովյան պատկերասրահ), «Ալիքների մեջ» (1898, Այվազովսկու պատկերասրահ) և այլ գլուխգործոցներով նկարիչը ծովանկարչությունը ձերբազատեց սոսկ գեղեցիկ տեսարան ներկայացնելու միտումից։ Նրա պատկերները ներթափանցված են խոր հայրենասիրությամբ և հումանիզմով։ Ծովամարտի նրա տեսարանները աչքի են ընկնում պատմական հավաստիությամբ և հանդիսանում են ռուսական նավատորմի հաղթանակների գեղանկարչական տարեգրությունը («Պետրոս I-ը Ֆիննական ծովածոցի ափին», 1846, «Չեսմենի ծովամարտը», 1848, 1886, «Նավարինի ծովամարտը», 1848, «Երկու թուրքական նավերից գրոհի ենթարկված «Մերկուրի» բրիգը», 1892)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել