Հետինդուստրիալ դարաշրջանում ոչ այնքան աշխարհն է մատչելի դարձել մարդուն, որքան մարդն է բացվել գլոբալ տեղեկատվական համակարգի հանդեպ:
Վերջինը պաշտպանում է մարդկանց նեղ խմբի շահերը, որոնց ներհատուկ չեն ավելորդ քնքշությունները: Տեղեկատվական ռեսուրսների միջոցով նրանք իրենց քաղաքական ու տնտեսական պայմաններն են թելադրում համաշխարհային հանրակցությանը: Գլոբալ տեղեկատվական նվաճողականությանը դիմակայելու ազգային ինքնիշխան պետությունների փորձերը, որոնք նպատակամղված են ազգային ինքնատիպությունը պահպանելուն, այժմ քիչ արդյունավետ են: Եթե ուշադրության առնվի այն, որ ընդդիմախոս կողմերի ռեսուրսային ներուժն անհամադրելի է, ինչպես նաև ազգային փոքր պետություններում հակազդեցության գործունակ մեխանիզմների բացակայությունը, հիմքեր չկան պնդելու, որ տեսանելի ապագայում իրադրությունը կփոխվի նրանց օգտին, ովքեր օբյեկտի դիրքում են: Մինչդեռ համաշխարհային տեղեկատվական հաղորդակցությունների անդրազգային զարգացման փաստի անտեսումը, սահմանափակելով արգելակիչ բնույթի միջոցառումներով, նշանակում է մնալ տեխնոլոգիական առաջընթացի «ճամփեզրին»: Հետևաբար, ազգային տեղեկատվական դաշտի պաշտպանության առավել արդյունավետ միջոցը մնում է ազգային ու պետական արժեքների քարոզչության համակարգի որակական կատարելագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել