Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի սպառազինության մասին ինֆորմացիայի դաշտը փորձում է մոդելացիայի ենթարկել՝ ըստ որի Ադրբեջանը թեև ունի հսկայական քանակությամբ զինտեխնիկա, սակայն չունի անհրաժեշտ քանակությամբ ռազմամթերք: Սա հասկանալի մոտեցում է սոցիալ-ռազմական հոգեբանության տեսանկյունից՝ հասարակական հանգստության, դեպրեսիվ երևույթների բացառման և այլ զգայուն հոգեվիճակների առումներով: Սակայն այս մոտեցումը դառնում է նաև իշխանական վարքաբանություն, որը սկսում է ժամանակի ընթացքում կորցնել ադեկվատությունը տիրող իրավիճակի նկատմամբ ու չմշակել հստակ քաղաքականություն՝ Ադրբեջանի ռազմականացումը գոնե մեր դաշնակցի մասով կանխելու, դրան հակակշիռ քայլեր իրականացնելու համար: Եթե նման հայտարարություններն ու գործելաոճն ուղեկցվեին դիվանագիտական հստակ գործողություններով, քաղաքական հստակ հաշվարկներով, դա կլիներ հասկանալի ու ընդունելի, սակայն ապավինել սեփական տեսակետների նկատմամբ հավատին ու միջազգային ասպարեզում չնախաձեռնել Ադրբեջանին իր ռազմականացման ու դիվերսիոն գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու քայլեր, չպահանջել դաշնակիցներից դադարեցնելու նրան զինելու վտանգավոր «բիզնեսը», կնշանակի չհասկանալ պահի լրջությունն ու ապավինել «Ադրբեջանի անզոր լինելու» միֆոլոգեմներին: Նման սինթետիկ դատողությունները, երբ մի երևույթը կապվում է մյուսի հետ և հասկացողության մեջ մտցնում ինչ-որ երևույթներ, քաղաքականությունում առաջ գնալու շատ շանսեր չունեն, դրանք պետք է փոխարինվեն ճիշտ մշակված անալիտիկ դատողություններով: Իհարկե, Ադրբեջանը դեռևս չունի և ռազմական, և քաղաքական, և դիվանագիտական այնքան պոտենցիալ, որպեսզի կարողանա պատերազմ սկսել ու հաղթել: Առավելևս, նա երբեք չի կարող իրականացնել իր երազած բլից-կրիգը, որովհետև այդքան ռեսուրս չունի, իսկ դրա ձախողումը բերելու է նրա ռազմական պոտենցիալի հյուծման, ու ջախջախումը կլինի անխուսափելի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք մեր հարևանի անկարողության մասին պատկերացումներով: Հենց նման գիտակցությունն ու վարքաբանությունը նույնպես նպաստեցին, որ վերջինիս անարգել զինվի, այն էլ՝ ամենամեծ քանակությամբ ռազմամթերքը մեր դաշնակիցներից ձեռք բերելով: Մոսկվան միայն վերջերս ստացավ շատ զգուշավոր պատասխան իր այդ քայլերի համար, երբ նախագահը Արգենտինայում խոսեց Ադրբեջանին զենք վաճառելու մասին, երբ արդեն զենքի վաճառքը ստացել է պրոցեսուալ ընթացք: Խնդիրն այն է, որ մենք միշտ մեր ագրեսիվ հարևանին համարել ենք հիստերիկ, անկարող, ոչ մարտունակ, պարտված և այլ մակդիրներով, որը հաճախ թմրեցրել է մեր զգոնությունն ու այսօր այդ երկիրն այնքան է զինվել, որ դարձել է տարածաշրջանային անկայունության օջախ: Մենք չենք մշակել այս ընթացքում հստակ ինֆոքաղաքական, դիվանագիտական, քաղաքական ռազմավարություն, որով պետք է այդ երկրի համար բացասական դաշտ բացեինք, իրականացնեինք կոշտ զսպման ռազմավարություն, ներքաշեինք հոգևոր-մշակութային մրցակցության մեջ, որտեղ նրա կապիտուլյացիան օրերի հարց էր լինելու, և այլ ծրագրեր ու մարտավարական խնդիրներ: Եվ մտահոգիչ է, որ «ադրբեջանական զառանցանքներն» արդեն հասել են այնտեղ, որ կասկածի տակ է առնվում հայերի բնիկ լինելու հարցը, նույնիսկ՝ հայերի «արմեն» լինելու հանգամանքը և այլ հիմարություններ, որոնք նույնպես չեն հանդիպել արժանի հակահարվածի, ինչու՞, որովհետև մենք դրանք միշտ համարել ենք զառանցանքներ ու կարծել, որ բոլորը գիտեն պատմությունն ու ճշմարտությունը: Ավելի ճիշտ, դրանք քաղաքական չափիչներով գնահատելու դեպքում ոչ թե զառանցանքներ են, այլ թիրախային ինֆոլոգեմներ: Դրա համար էր Ալիևը ԵԽԽՎ-ում հայտարարում է, որ հայերը 200 տարի առաջ են եկել ու բնակվել են իրենց պատմական հողերում, իսկ հակադարձումներ կրկին չեղան, մինչդեռ բավարար էր անգամ մեկ-երկու պատմական փաստը, որպեսզի երևային այդ թեզերի դատարկությունը: Պատահական չէ, որ Ադրբեջանը շատ մեծ ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ է ներդնում պատմամշակութային ոլորտում, քանի որ լավ հասկանում է, որ այդ ոլորտն է ճշմարտության լավագույն բարեկամը, դրա համար ցանկանում է բարոյալքել Հայաստանը, կասկածներ առաջացնել մեր մշակույթի նկատմամբ արտաքին աշխարհում: Դեռևս անտիկ չին փիլիսոփա Սուն Յաթսենն է ասել. «Գիտես քեզ, գիտես հակառակորդիդ՝ միշտ կհաղթես, գիտես քեզ, չգիտես հակառակորդիդ՝ մեկ կհաղթես, մեկ կպարտվես, չգիտես քեզ, չգիտես հակառակորդիդ՝ միշտ կպարտվես»: Ուրեմն, մենք պետք է լավ հասկանանք մեր թշնամուն հենց քաղաքական հարթության մեջ, նույնիսկ նրա էմոցիոնալ դրսևորումները պետք է գնահատենք քաղաքականության սկզբունքներով: Այսպիսով, առաջնային մի քանի մարտավարական, նույնիսկ ստրատեգիական հարցերը, որոնք պետք է լուծի Հայաստանը, հետևյալն են.

1. Իրավիճակի ռացիոնալ գնահատում,

2. «Կոշտ զսպում», դիվանագիտական և սպառազինության կամ ռազմական,

3. Դաշնակցային պահանջների ձևավորում ՀԱՊԿ անդամներից,

4. Ագրեսիվ քաղաքականության նկատմամբ գնահատականի պատրաստում կամ պահանջ ԵԱՀԿ ՄԽ-ից և, վերջապես, ստրատեգիական պլանավորում: Ժամանակն է հանդես գալ քաղաքական ռեալիզմի դիրքերից և շահերն արտահայտել ուժի դիրքերից: Սա լիովին իրագործելի է, քանի որ Հայաստանը դրա համար ունի և, այսպես ասած, «ռազմական հիմք», և «փափուկ ուժի» հնարավորություն՝ ի դեմս Սփյուռքի ու հայկական ինտելեկտուալ պոտենցիալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել