ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հետաքրքիր է ներկա ռեգիոնալ աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից: Այն ճիշտ հասկանալու համար նախ առանձնացնենք մի քանի կարևոր գործընթացային հարթություն, որոնք ներկայումս պատկերում են մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը: Առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության և ՀՀ հարաբերությունների հարթություն, որը պետք է սահմանի բաժանարար գիծը կամ որոշի ազդեցության ոլորտների հստակեցումը, երկրորդ՝ Սարգսյան-Ալիև հանդիպում ու դրանից բխող գործընթացներ, որոնք պետք է վերաիմաստավորեն հատկապես Հայաստանի համար անվտանգության հետ կապված խնդիրները, երրորդ՝ ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոյի փոփոխման և դրանից բխող տարածաշրջանային ուժերի բալանսի փոփոխություն: Այս առումով, ԱՄՆ-ի համար անչափ կարևոր են Հայաստանի ընդդիմության տեսակետները, որոնք կարող են շատ օգտակար լինել հայ հասարակության կողմից առավել ընկալելի ծրագրերի իրականացման համար: Ընդդիմությունը կարող է ոչ միայն ինֆորմացիոն, այլև գործընկերային կարևորություն ունենալ արտաքին քաղաքականության վրա ազդելու տեսանկյունից ևս: Մյուս կողմից էլ, ո՞վ, եթե ոչ առաջին նախագահը կարող է ավելի լավ տիրապետել հայաստանյան առկա խնդիրներին ոչ միայն վերլուծելու, այլև էմպիրիկ դատողությունների հնարավորություններվ՝ հիմնված անձնական փորձի վրա, հայկական պետականության առանձնահատկությունների, իշխանական վարքաբանության մասին փորձնական գիտելիքներով և այլն: Ըստ «Հայ ազգային կոնգրեսի» հաղորդագրության՝ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել է նաև ոչ իշխանական քառյակի համագործակցությանը, մասնավորապես իշխանություններին ներկայացված 12 պահանջներին, ինչպես նաև Քառյակի առաջիկա անելիքներին: ԱՄՆ-ի համար կարևոր է հասկանալ երկրի ներքաղաքական իրավիճակը, դրանց նկատմամբ հասարակության և ընդդիմության արձագանքման հնարավորություններն ու չափը, առկա կոնֆլիկտայնության աստիճանը, հասարակության, ընդդիմության արտաքին քաղաքական նախապատվությունները, որպեսզի կարողանա առավել էֆեկտիվ մարտավարություն կիրառել՝ Ռուսաստանի ազդեցության հնարավորությունները կրճատելու համար կամ բացել այնպիսի ինֆորմացիոն դաշտ, որը վերջինիս գործողությունների նկատմամբ կխորացնի անհամաձայնությունն ու կստեղծի ինստիտուցիոնալ խոչընդոտներ: Պետք է նաև հասկանալ Եվրասիական տնտեսական միության ճանապարհը փոխելու ներքին նախադրյալների, պոտենցիալի առկայությունն ու վճռականությունը: Ճիշտ է, առաջին նախագահը կարող է դիվանագիտական ձևակերպումներով շատ բաներ չասել, բայց ընդհանուր պատկեր կարելի է ստանալ: Ահա այս կոնտեքստում էլ եղել է հանդիպումը, և քանի որ նախաձեռնվում է ՀՀ ու ԱՀ նախագահների հանդիպում, քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: ԱՄՆ-ը, հավանաբար նախագահների հանդիպումից առաջ փորձում է շոշափել ընդդիմության վերաբերմունքը, տրամադրությունը ղարաբաղյան հարցի առնչությամբ, որպեսզի կարողանա առավել ճիշտ դիվանագիտություն բանեցնել հայկական կողմի հետ աշխատելու ժամանակ: Նրանց պետք է հասկանալ նաև Սերժ Սարգսյանին այդ հարցում ճնշելու հայկական սոցիալ-քաղաքական ուժերի աջակցության մակարդակը, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա: Առավելևս, որ Ուորլիքն ու Ջոն Հեֆերնը խոսեցին «օկուպացված տարածքների մասին»՝ նշելով, որ դրանք պետք է վերադարձվեն՝ նշելով նաև, որ դա ԱՄՆ տեսակետն է: Այսինքն՝ զոնդաժի պետք է ենթարկել ընդդիմության ռեակցիան տարածքների վերադարձման մասին թեզի առաջքաշման նկատմամբ: Առանձնացնելով իրեն Մինսկի խմբից՝ ԱՄՆ-ը հասկացնում է, որ այսուհետ ԼՂՀ հարցով զբաղվելու է ոչ միայն ու ոչ այնքան որպես միջնորդ, այլ՝ իբրև գլոբալ տերություն: Իսկ գլոբալ տերության համար ընդդիմությունը լավ գործընկեր է, որի միջոցով հնարավոր է փոխել պետության արտաքին քաղաքական վեկտորը, հասնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների որոշակի փոփոխության: Վաշինգտոնի համար անհրաժեշտ է պահպանել կայունությունը, որովհետև այն լավագույն վիճակն է Հարավային Կովկաս մուտք գործելու համար ղարաբաղյան թելերով: Այդ կայունությունը չի տեղավորվելու Կրեմլի պատկերացրած կայունության շրջանակներում, որը փորձում է խաղաղապահներ մտցնել հենց արդեն բացահայտ հայտարարություններով (հիշենք, թեկուզ, Եվսեևին): Դրա համար հայաստանյան ընդդիմությունը կարևոր է որպես ռուսական հակակշռման ներքին ռեսուրս, հատկապես, որ Ադրբեջանում այդպիսի ընդդիմություն չկա: Իսկ իր հերթին էլ, ընդդիմությունը կարող է ընդգծել Հայաստանի առավելությունները Ադրբեջանի նկատմամբ որպես դեմոկրատական գործընկեր և դարձնել դրանք դիվանագիտական առավելություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել