«Դեմ եմ» նախաձեռնությունը սկսեց իր գործունեությունը, երբ ի հայտ եկավ Կուտակային կենսաթոշակի այս չարաբաստիկ համակարգը. նրանք սկսեցին պայքարել, որպեսզի թույլ չտան` այդ օրինագիծը դառնա օրենք: Այսպես էր երևում առաջին հայացքից:
Բայց…
Բայց, ըստ իս, այդ նախաձեռնությունը ոչ թե կյանքի էր կոչվել պայքարելու կենսաթոշակային օրենքի դեմ, այլ հենց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ (կարելի էր այն կոչել «Դեմ եմ Տիգրան Սարգսյանին»): Պարզ է, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը ևս դեմ էր տնտեսությունը ոչնչացչրած այդ անձին: «Դեմ եմ»-ը կազմակերպեց մի քանի երթ, հանրահավաք, որտեղ ներկա էին բավականին մեծ թվով մարդիկ:
Հայաստանը շատ փոքր երկիր է, և կարճ ժամանակում պարզ է դառնում, թե ով ում «տակ» է աշխատում, տղերք: Էդ ինչո՞ւ հանկարծ Տիգրան Սարգսյանի հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո դադարեցիք նստացույցերը կառավարության շենքի առջև, երբ այդ նույն կուտակայինի մասին օրենքից դեռ չի հանվել պարտադիր բաղադրիչը կամ ընդհանրապես օրենքը: Հիմա, իմ կարծիքով, Ձեր կազմակերպած հանրահավաք-երթերին նույնիսկ 150 հոգի չեն մասնակցի: 
Գործելով Քառյակի «տակ»` հասաք Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու վերջ: Վերջ, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ ջերմ հարաբերություններ ունեն Քառյակը և նորանշանակ վարչապետը: Այդ դեպքում «Դեմ եմ»-ը չէր կարող զերծ մնալ քաղաքականությունից, ինչպես իրենք են պնդում: Սկզբում ստեղծեցիք իմիտացիա, թե կա պայքար հակաժողովրդական գործընթացների դեմ, սակայն այս պահին, երբ մի քանի օրից թանկանալու է էլեկտրաէներգիայի սակագինը, բոլորով` մեկ մարդու պես, գնացիք արձակուրդ: Ստացվում է, որ հասնելով նախկին վարչապետի հրաժարականին, դուք ձեր առաքելությունը համարում եք ավարտված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել