Tert.am-ը գրում է.

Պատմական Տիգրանակերտ քաղաքի պեղումների ժամանակ իր տեսակով եզակի, վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել. այս մասին Tert.am-ին ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

« Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի ընդամենը մի սրբատաշ քար էինք գտել, այս տարի արդեն դամբարան ենք պեղում, շատ մեծ, եզակի մի դամբարան է, հզոր ճարտարապետական լուծումներով։ Արդեն գրեթե տեսքի ենք բերել, վերջնական գործընթացի մեջ ենք»,- ասաց հնագետը, ով այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակում է պեղումները։

Համլետ Պետրոսյանը նշեց, որ նույն Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի հայտնաբերել էին քաղաքի երկրորդ եկեղեցին և այդ եկեղեցու հետքերով էլ բացվել է դամբարանը։

«Այդ երկրորդ եկեղեցու խորանի տակ, արևելյան հատվածում բացել ենք այս մեծ դամբարանը, որը, երևի թե, իր տեսակով առաջիններից մեկն է։ Մենք ընդամենը երկու նման դամբարան ունենք, մեկը Աղցքի արքայական դամբարանն է, մյուսը՝ Ամարասի Գրիգորիսի մատուռ-դամբարանը։ Սա փաստորեն երրորդն է և իր ճարտարապետական լուծումներով թվում է, թե կարող է ավելի նախնական լինել, քան մյուս երկու հիշատակածները»,-ասաց նա՝ նշելով, թե առայժմ ավելին ասել չի կարող։

Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ դամբարանը սրբատաշ քարերով պատված գետնափոր շինություն է, հատուկ խորշերով, որտեղ սրբերի մասունքներ են դրվել։ «Թեև դեռևս ամբողջությամբ չի ավարտվել պեղումների աշխատանքը, բայց ինքը շատ ազդեցիկ է, գետնի տակ է մտնում, անխոս հրապարակին շատ յուրօրինակ տեսք է տալիս»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել