Ձեզ երբևէ բախտ վիճակվե՞լ է տեսնել աշխարհի հնագույն քարտեզը: Գիտե՞ք, որ այդ քարտեզի վրա պատկերված միակ ժամանակակից երկիրը Հայաստանն է: Եթե ցանկանում եք Ձեր սեփական աչքերով տեսնել այդ քարտեզը, ապա հարկ կլինի ուղևորվել Լոնդոնի Բրիտանական թանգարան: Իսկ եթե մոտ ապագայում չեք ծրագրում այցելել Լոնդոն, կարող եք այս հոդվածի միջոցով հետաքրքիր տեղեկատվություն պարզել աշխարհի հնագույն քարտեզի մասին:

Աշխարհի հնագույն քարտեզը՝ հայտնի «Բաբելոնյան քարտեզ» անվանմամբ, մեզ է հասել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից: Քարտեզը հայտնաբերվել է Բաբելոնի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան ափին: Այն նման չէ Ձեր տեսած մյուս քարտեզներին: Այս քարտեզը փորագրված է կավե տախտակի վրա: Ժամանակի ընթացքում տախտակը վնասվել է, սակայն դրա վրա առկա սեպագրերը հնարավոր է եղել վերծանել: Հայտնի չէ, թե արդյոք տախտակի վերևի հատվածի սեպագիր տեքստը կազմվել է քարտեզի հետ միաժամանակ, թե ավելացվել ավելի ուշ: Շատերը նմանեցնում են Բաբելոնյան քարտեզը «Orbis terrae» և Անաքսիմանդրոսի քարտեզներին:

https://c2.staticflickr.com/4/3237/2845172883_738c7695b3.jpg World Map of Anaximander
Orbis terrae Անաքսիմանդրոսի քարտեզ

Ինչո՞ւ է քարտեզը կոչվում «Բաբելոնյան քարտեզ»: Նախ և առաջ նշենք, որ քարտեզը ստեղծվել է Բաբելոնում: Այն մ.թ.ա. 9-րդ դարում ստեղծված մեկ այլ նմանատիպ քարտեզի պատճենն է: Քանի որ բնօրինակը չի պահպանվել, այս քարտեզն է ճանաչվել աշխարհի հնագույն քարտեզ: Բացի այդ, Բաբելոնը պատկերված է քարտեզի կենտրոնում. մ.թ.ա. 500 թ.-ին Բաբելոնը բարգավաճում էր և համարվում էր աշխարհի կենտրոնը:

Բաբելոնյան քարտեզի վրա պատկերված է երկու շրջանակ: Արտաքին շրջանակից եռանկյունաձև պատկերներ են «ճառագում»: Այդ եռանկյունիներն արտաքուստ նման են արևի ճառագայթների: Դրանց միջոցով ներկայացվում է յոթ կղզի: Բաբելոնացիների պատկերացմամբ՝ այս կղզիները միավորել են երկինքն ու երկիրը: Սեպագիր արձանագրության մեջ գրված է, որ այդ կղզիներում բնակվել են առասպելական արարածներ ու վեհ հերոսներ, սակայն սեպագիր տեքստը ավարտուն չէ, քանի որ տախտակի ստորին մասը կոտրված է: Երկու շրջանակների միջև ընկած տարածությունը սեպագիր տեքստի մեջ անվանվում է «Աղի Ծով»: Ներքին շրջանակում ներկայացված է այսպես կոչված կենտրոնական մայրցամաքը: Քարտեզի այս հատվածում նշմարվում են տարբեր երկրաչափական պատկերներ, որոնցով ներկայացվում են տարբեր վայրեր: Քարտեզի ներքին շրջանակի մեջ՝ Բաբելոնի հարավարևմուտքում, պատկերված է Հաբբանը (տարածք Յեմենում), հյուսիսարևմուտքում՝ Ասորեստանը, իսկ Ասորեստանից դեպի հյուսիս՝ Հայաստանը: Քարտեզի ներքին շրջանակում կարելի է տեսնել նաև հինավուրց պետություն Էլամը և Եփրատ գետը: Ուշագրավ է, որ քարտեզում չեն ներառվել Պարսկական և Եգիպտական կայսրությունները, որոնք բավականին հայտնի էին քարտեզի ստեղծման ժամանակ: Ենթադրվում է, որ դրանք դիտավորյալ են բաց թողնվել քարտեզից:

Այս սեպագիր քարտեզը հնագիտական մեծ արժեք է ներկայացնում, սակայն այն չի կարող ընդունվել իբրև հավաստի աշխարհագրական տեղեկատվություն պարունակող գիտական աղբյուր: Թեպետ քարտեզի վրա նշված վայրերը մոտավորապես ճիշտ դիրքում են պատկերված, Բաբելոնյան քարտեզում ոչ թե աշխարհագրական ստույգ տեղեկություններ են տրված, այլ արտացոլված են բաբելոնացիների կրոնական ու դիցաբանական պատկերացումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել