ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Ֆրանսիայի ազգային տոնի առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջն առկա լարվածության մասին, վերստին կողմերին է կոչ արել դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները: Իր այդ ձևակերպումը պատճառաբանել է դիվանագիտական էթիկայով, որը թույլ չի տալիս հասցեական դիմել կողմերից որևէ մեկին: Իհարկե, դիվանագիտությունը միջազգային շփումների ամենանուրբ հարթակն է, որի միջոցով շատ բան չասելով կարելի է շատ բան հաղորդել: Դրա գլխավոր խնդիրներից մեկը հաղորդակցությունն է, որն ունի իր սպեցիֆիկ դրսևորումները, սակայն դիվանագիտությունը նաև կոնֆլիկտների զսպման միջոց է, դրա շնորհիվ կոնֆլիկտները կամ ագրեսիան տեղափոխվում են կոնսենսուսի դաշտ: Այս իմաստով, դիվանագիտության առաքելությունն է նաև կանխարգելիչ գործառույթի իրականացումը: Դիվանագիտության սկզբունքներից մեկը շաղկապումն է (diplomatic linckage), որի գործառութային ու սկզբունքային նշականությունը հարցերի շաղկապմամբ խնդիրների վերհանումն է: Մեկ ոլորտի պրոգրեսը կախված է մյուս ոլորտի պրոգրեսից, հետևաբար` պետք է կոնկրետ պետության վարքը դարձնել միջազգայնորեն ընդունելի և ցույց տալ, որ ագրեսիվությունը պատժելի վարք է: Ղարաբաղյան հարցի դեպքում այդ միջազգայնորեն ընդունելի վարքը հստակորեն ձևակերպված է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի համանախագահ է նաև Ֆրանսիան, իսկ ադրբեջանական ագրեսիվ վարքի անընդունելության մատնանշման և դրա միջազգային գնահատականի փոխարեն, հակամարտության բոլոր կողմերի համար են սահմանվում վարքականոններ, որոնք կողմերից երկուսը` ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, երբեք չեն խախտել: Այնպես որ`պետք է խնդիրը լուծել դրա բացահայտմամբ, ոչ թե պտտվել դրա շուրջը, իսկ լուծման համար դիվանագիտությունն ունի դրսևորման շատ ձևեր` շնորհիվ իր բազմաշերտության: Պարոն Ռենոն, նույնիսկ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելու դեպքում էլ, կարող էր օգտագործել այս հնարավորություններն ու իրերը կոչեր իրենց անուններով, այլապես միջնորդական առաքելության իրենց որդեգրած արժեբանական հիմքը խախտվում է հենց իրենց խուսանավման վարքաբանական դրսևորումներից: Բոլորն են հիշում, թե այդ նույն երկրների (որոնք ստանձնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը) բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես էին բալկանյան պատերազմի ժամանակ Սերբիային շատ անվանական կոչ անում դադարեցնել ագրեսիան, իսկ հետո տեսանք, թե ինչ եղավ Բելգրադի հետ, երբ այդ երկիրն ինչ-ինչ պատճառներով չընդունեց կոչերը: Նույնը հիմա կատարվում է Սիրիայում, երբ ամենասուր ու ոչ դիվանագիտական ձևակերպումներով քննադատվում է Ասադի ղեկավարած կառավարությունը: Օրինակները բազմաթիվ են: Բայց դառնալով բուն ղարաբաղյան հիմնահարցին` նշենք, որ Անրի Ռենոյի գործընկերներ Հեֆերնն ու Ուորլիքը չպահպանեցին նրա կողմից նշված, այսպես ասած, «դիվանագիտական ամբողջականությունն» ու ազատագրված տարածքները ձևակերպեցին «օկուպացված, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Ավելին, Ուորլիքը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ու իրականացնում միջնորդական առաքելություն: Փաստորեն, այս պարագայում Ֆրանսիայի դեսպանի մատնանշած դիվանագիտությունն անտեսվեց: Բայց դիվանագիտությունը, որպես խաղաղ գոյակցությանն ուղղված միջոցառումների ամբողջություն, չի ծառայում իր նպատակին, երբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում բոլոր կողմերին է զսպվածության կոչ արվում: Դա ոչ թե ընդունելի վարքին նպաստող քայլ է, ոչ թե խաղաղության ամրապնդման միջոց է, այլ այդ ագրեսիան քողարկելու ընկալում, որն ինչքան շարունակվում է, այնքան ավելի է ադրբեջանական կողմին մղում սեփական շահերի իրացման ագրեսիվ մեթոդների կիրառության ապավինմանը: Ստավցում է, որ Բաքուն «ունենում» է և Ֆրանսիայի դեսպանի (և ոչ միայն նրա) ընդգծած դիվանագիտական ձևակերպումը, և սեփական շահերի ուժի տեսանկյունից իրացման հնարավորություն: Եթե այդ ագրեսիվ քաղաքական դրսևորումները Բաքվի կողմից լինեին մեկ-երկու անգամ, նման մոտեցումը գուցե ընկալելի լիներ, սակայն դրանք անընդհատ են և ակնհայտորեն խորանալու միտումով: Հայկական դիվանագիտությունն այս հարցում թերանում է, ժամանակն է, որպեսզի միջնորդական խմբից և կոնֆլիկտի հարակից ու օժանդակ սուբյեկտներից պահանջվեն հստակ գնահատականներ և ձևակերպումներ: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ եթե այս ամենը կատարվեր Ադրբեջանի նկատմամբ, այդ երկիրը երբեք չէր հանդուրժի Հայաստանի փոխարեն պատասխանատվություն կրելու կոչերն ու Հայաստանի արածների դիմաց նախատինքներ լսելը և իր բոլոր միջոցներվ, որը մենք անվանում ենք հիսթերիա, կհասներ իր նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել