Tert.am-ը գրում է.

Եթե Ադրբեջանը հասկանար, որ ռազմական ճանապարհով ի վիճակի է լուծել հակամարտությունը, վաղուց կսկսեր պատերազմական գործողություններ: Այս մասին Tert.am-ին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը և ընդգծեց, որ Ադրբեջանը պարզապես իր մասին հիշեցնում է դիվերսիոն գործողություններով:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ի վիճակի չէ պատերազմական գործողություններ սկսել, որովհետև պահպանվում է ռազմաքաղաքական բալանսը: Երբ որ մենք ասում ենք բալանս, միայն զինտեխնիկան նկատի չունենք, այլ դրա հետ միասին՝ զենքի որակը, բանակի մարտական պատրաստվածությունը, բարոյահոգեբանական վիճակը»,-նշեց նա:

Վաղարշակ Հարությունյանը նաև ընդգծեց, որ մեծ է հայկական և ադրբեջանական բանակների կարգապահական վիճակի տարբերությունը։ «Եթե վերցնեն իրավիճակը իրենց բանակում՝ կոռուպցիայի, կարգապահության, բարոյահոգեբանական առումով, ապա մի քանի անգամ մեր բանակից թույլ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, ապա պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց. «Պատերազմական գործողություններ սկսվելու հավանականությունը շատ քիչ է: Ադրբեջանը դիմում է այդ քայլին, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի սահմանամերձ գոտում, բանակում, լարված վիճակ պահի։ Բացի այդ, նաև թուրքական սպաները ադրբեջանցիներին սովորեցնում են դիվերսիոն գործողություններ իրականացնել, իսկ բուն գործողությունների ժամանակ արդեն ստուգում են, թե ինչքանով են նրանք պատրաստ»,-ասաց գեներալ-լեյտենանտը:

«Տեսնում եք, իրենք որևէ նպատակի լուրջ չեն կարողանում հասնել, կամ դա կանխվում է, կամ էլ, եթե մտնում էլ են մարտի մեջ, չեն կարողանում լուրջ վնաս հասցնել»,-նշեց նա։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, պետք է հասկանանք, որ պատերազմական վիճակից ելնելով՝ նման գործողություններն անխուսափելի են։ «Որովհետև մենք խաղաղ պայմաններում չենք գտնվում, մեր շփման գիծը կազմում է մոտ 1000 կմ, և բնական է՝ այս միջադեպերը եղել են, կան ու կլինեն»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել