Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանում գտնվող ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղության համակարգող Դեսպինա Աֆենտուլին, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Դաշինքը չի անհանգստանում, որ Մոսկվան կարող է ստիպել ՀԱՊԿ երկրներին դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, հավաստիացրեց, որ բոլոր երկրները իրենք են որոշում ՆԱՏՕ-հետ համագործակցության մակարդակը:
ՆԱՏՕ-ի աշխատակցուհին զերծ մնաց ՀԱՊԿ երկրների և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների խորացման Մոսկվայի հնարավոր արձագանքին վերաբերող հարցին պատասխանելուց:
Սակայն այդ ամենով հանդերձ` նա բաց չթողեց Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելու հնարավորությունից: Նա հայտնեց իր մեծ անհանգստությունը տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, սակայն դրա հետ մեկտեղ հայտարարեց, որ Ռուսաստանի գործողությունները դատապարտելի են, իսկ ՆԱՏՕ-ն, իր հերթին, կշարունակի աջակցել իր գործընկեր Ուկրաինային:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը», - հայտարարեց Հյուսիսատլանտյան Դաշինքի ներկայացուցիչը: Նրա խոսքով, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններին, ապա դրանք պարզապես չկան, հետևաբար, այդ ուղղությամբ նորություններ ևս չկան:
Այս բառերով շատ բան է ասված: Ըստ էության, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն իրենց դրել են համաշխարհային ժանդարմի տեղ և որոշում են, թե ով ինչ պետք է անի կամ չանի, ինչը վերանայի կամ չվերանայի: 
Միևնույն ժամանակ նրանք ամեն կերպ ձգտում են իրենց որդեգրած գիծը մատուցել իբրև համաշխարհային բարիք:
Թե որքանո՞վ է կարելի հավատալ նրանց «բարի ցանկություններին»՝ ժամանակը վաղուց ապացուցել է: Մասնավորապես, այդ կառույցը 1991թ. խոստացավ լուծարվել ի պատասխան Վարշավյան պայմանագրի չեղարկման՝ չլուծարվեց, խոստացավ չներառել իր կազմում Արևելյան Եվրոպայի երկրները՝ ներառեց, խոստացավ չռմբալոծել Հարավսլավիան՝ ռմբակոծեց: 
Իսկ Ուկրաինայի մասով խոսելն անգամ ավելորդ է: Այսպես կոչված «մայդանի» գործընթացները իրենց ողջ ընթացքում իրականացվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բացահայտ աջակցությամբ:
Այլ կերպ ասած՝ ըստ ՆԱՏՕ-ի, իրենց կարելի է, իսկ ուրիշներին՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել