Մոսկվայի հենց սրտում Հին Արբատն է: Ցնցող ու մասշտաբային տեղ է: Շատ նման է մեր Հյուսիսային Պոսողտային, բայց շատ ավելի երկար ու ընդարձակ է: Հին Արբատը կարծես մշակույթների խաչմերուկ լինի. Տեղական և արտերկրից ժամանած փողոցային պարող ու երգող խմբեր, նկարներ նկարող ու վաճառող մարդիկ, տարբեր համարներ բեմադրող ծաղրածուներ և իհարկե Լենին և Ստալին: 
Վարկած կա, որ կյանքի վերջին տարիները Լենինը բանտարկության մեջ է անցկացրել և այդ ընթացքում երկիրը փաստացի ղեկավարել է Ստալինը ով և բանտարկել էր Լենինին: Այսօր՝ Խորհրդային միության փլուզումից 23 տարի անց այդ վարկածը կարծես հաստատվում է: Տեսնել էր պետք, թե ինչպես էին այս երկուսն իրար տալիս մի քանի մանրադրամի համար: Ոչ մի կերպ չէին կարողանում իրար մեջ փողը կիսել ու որոշել էին դիմել ձայնալարերի օգնությանը: Փառք Աստծո Լենինն ավելի մեղմ բնավորության տեր դուրս եկավ և դրամներն առհամարական զիջեց Իոսիֆ Վիսսարիոնովիչին: Սա էլ գլուխը թափ տալով ու քթի տակ հայհոյելով հեռացավ ու անցավ իր գործին՝ անցորդների հետ նկարվելուն:
Մոսկվայում շատ բան կա նայելու: Երևի մի ողջ կյանքը չհերիքի դրա համար: Անթիվ ու անհամար սիրուն շենքեր ու շինություններ կան: Կան շատ անուն հանած շենքեր, որ այստեղի ամեն այցելու պարտադիր պետք է տեսնի: Բայց ես ամենասիրուն շենքը գտա մի թաքուն անկյունում: Շատ ազդեցիկ ճարտարապետություն ունի: Չհասկացա, թե ինչ նշանակության է ծառայում, բայց իրոք բացառիկ էր ու բավական հին: Առհասարակ Մոսկվայում հինը հարգում են: Քաղաքի կենտրոնի մեծ մասը ցարերի ժամանակ կառուցված շենքեր են: Նրանք ինչ որ ձև գիտեն հինը ռեստավրացիա անելու, որը մեզ չեն ասում:
Այցելեցինք նաև Լոմոնոսովի անվան հայտնի համալսարանը: Հզոր ու շքեղ շինություն է, որին նայելը միայն բավական է, որ հասկանաս, որ այս շենքը պատմություն ունի ու կարևոր է: Այս շենքի հենց դիմացը հավաքվում են բայկերները ու ձենները գցում գլուխները: Բայկերություն երևույթն այստեղ մի առանձին թեմա է: Բայկեռությունը Մոսկվայում ապրելակերպ է: Մարդը կարող է ժամը 6-ին աշխատանքը վերջացնել, փողկապը քանդել, բացել tatoo արած ձեռքերը ու իր 70,000 դոլար արժողությամբ բայկով գնա մասնակցի մրցումների, կամ գնա իր նմաններին հանդիպելու: Զրույցը բայկերների հետ կարճ տևեց, որովհետև մոտոցիկլետներից այնքան էլ լավ չեմ հասկանում, նրանք էլ առանձնապես իրենց նեղություն չտվեցին բացատրել: 
Վաղը Հայաստանի դեսպանատուն եմ գնալու ու կանգնելու եմ հայկական հողի վրա: Մի տեսակ կարոտել եմ արդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել