Լոռու մարզի Դսեղ գյուղը առավելապես հայտնի է որպես հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Գյուղ այցելած զբոսաշրջիկներն անպայման այցելում են Թումանյանի տուն-թանգարան, որը գյուղի կենտրոնում է, հրապարակի մոտ:
Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ է գտնվում գյուղի միակ գործող եկեղեցին, որտեղ երկար տարիներ հոգեւոր սպասավորությամբ է զբաղվել մեծանուն գրող հայրը՝ Տեր-Թադեւոսը: Վերջինս թաղված է հենց եկեղեցու բակում:
Ներկայումս գյուղի եկեղեցին հիմնականում դատարկ է: Ինչպես մեր հետ զրույցում նշեց եկեղեցու մոմավաճառ տիկին Մարինեն, ինքը հաճախ է մոտենում տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկներին, ասում է, որ կողքի կառույցը եկեղեցի է, եւ հյուրերը մտնում են այն եւս դիտելու:
«Գյուղում հավատացյալները շատ չեն», ասում է տիկին Մարինեն:
Եկեղեցին այլեւս քահանա չունի. նրան վերջերս տեղափոխել են այլ վայր՝ ծառայելու:
Սակայն բնակիչներին քահանայի բացակայությունը չի էլ հուզում: Այն հարցին, թե մարդիկ հոգեւորական չե՞ն պահանջում, եկեղեցու աշխատակիցը քմծիծաղ տվեց. «Ի՞նչ պահանջել, այ բալա, ու՞մ ա պետք: Երբ որ քահանան կար, գնում էր դպրոց, ուսուցիչներին ասում էր, որ կիրակի օրը պատարագ կա, գան, լսեն: Մի քանիսը մի քանի րոպեով գալիս էին ու շուտ հեռանում: Ասում են՝ ժամանակ չունենք: Բայց հավատացող մարդը միշտ էլ ժամանակ կգտնի»:
Ինչպես նշեց տիկին Մարինեն, հարսանիքներ, մկրտություններ եկեղեցում շատ հազվադեպ են տեղի ունենում: «Էնքան մարդ ա ամուսնանում, բայց հազարից մեկն ա եկեղեցի գալիս: Կնունք էլ, տարին մի երեխա որ կնքեն, շատ լավ ա»: 
Եկեղեցական տոների ժամանակ կամ կնունք-հարսանիքի դեպքում Վանաձորից, Ալավերդուց քահանա է հրավիրվում՝ գյուղի եկեղեցում ծեսը կատարելու համար:
Նշենք, որ եկեղեցին 5-6-րդ դարի կառույց է, վերջին տարիներին վերանորոգվել է. ամրացվել է տանիքը, փոխվել են լուսամուտները: Ծրագրվում է փոխել նաեւ դուռը, որն արդեն ճաքել է: 
Թամարա Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել