Անցած նյութում անդրադարձը «X Ֆակտոր» երաժշտական նախագծին պատահական չէր, քանի որ այն այս պահին շատ թեժ ընթացք է ստացել: Մրցույթի ձևաչափում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, որոնց ականատես կլինեք այս շաբաթ: Մրցույթի լսումների առաջին փուլը արդեն անցյալում է, և պարզ են հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները, որոնց շարքում է նաև նախկին «Ռազմիկ և ընկերներ»-ը, այժմ արդեն նոր կազմով «Միկադո» խումբը: Ինչո՞ւ հենց իրենց հիշեցի, ասեմ. քանի որ համաձայն չեմ նրանց՝ նախագծին մասնակցելու փաստին: Խմբի անդամների տաղանդավոր լինելու մասին չէ խոսքը, այլ նրանց անցած ճանապարհի: Վստահ եմ՝ խումբը կկարողանա իր հաջողված կարիերան ունենալ նաև նախագծից դուրս, սակայն նրանք ընտրել են նոր կազմով հաջողության հասնելու կարճ ճանապարհը: Ես ինքս չէի ցանկանա ունենալ խումբ, որի կիթառահարը ավելի արտիստիկ է և բեմական, քան մեներգչուհին: Հավատացեք, շատ են այն մասնակիցները, ովքեր դուրս են մնում պայքարից անհասկանալի կամ տեղ չլինելու պատճառով: Ամենաաբսուրդը մինչ օրս Սյուզի Սիրականյանի` մրցակցությունից դուրս մնալն էր: Երգչուհի, ով «Հայաստանի ձայնը» նախագծում հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ և այստեղ անգամ 2-րդ փուլ չի անցնում: Ծիծաղելի է... Նշեմ նաև այն փաստը, որ որոշ մասնակիցներ լքում են նախագիծը միայն այն պատճառով, որ տվյալ պրոդյուսերը չի կարող աշխատել այդ մասնակցի հետ: Հարցս ուղղում եմ «X Ֆակտոր» նախագծի ռեժիսորին և տվյալ ժյուրիի անդամին՝ եթե չեք կարող աշխատել մասնակիցների հետ, ապա իմաստը ո՞րն է ձեր՝ ժյուրիի կազմում լինելու:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել