ԱԱԾ աշխատակցի հետ զրույցի՝ Հրայրի հրապարակած ձայնագրությունը երբ որ լսեցի, մի դժվար նկարագրելի զգացողություն առաջացավ մեջս: «Չի կարող պատահի», մտածում էի: Դրա համար էլ սկզբում լռեցի: Որ մտածեմ մի քիչ: Հետո Հրայրի հետ հանդիպեցի, խոսեցի: Ու հասկացա, որ անհավատալի բան չկա, իրական ա: Ու պարզ ա նաեւ, առանձնապես խճճված դեպք չի: ԱԱԾ աշխատողը Հրայրին փորձել ա հավաքագրել նախ գայթակղիչ խոստումներով, հետո, մերժում ստանալով, փորձել ա վախեցնելով համաձայնություն ստանալ, սպառնացել ա վատ հետեւանքներով, ու նորից ստացել ա մերժում: Եւ շանտաժը հետադարձ հարվածով խփել ա հենց շանտաժ անողին՝ Հրայրը ձայնագրել ու հրապարակել ա էդ շանտաժ պարունակող զրույցը: Ձայնագրությունը հիմա էլ դրված ա Յութուբում, իսկ ԱԱԾ-ն լռում ա, արդեն երկու օր ա՝ ոչ մի ծպտուն:

Ձայնագրության մեջ պարզ լսվում ա, որ ԱԱԾ աշխատակիցը, ոչ միայն համագործակցության առաջարկը մերժելու դեպքում, Հրայրին սպառնում ա վատ հետեւանքներով, այլ նաեւ բացատրում ա դրա տրամաբանությունը «Հրայր ջան, էդ գիտես՝ ինչի՞ համար է արվում: Դա արվում է` որպես օրինակ` ի ցույց մյուսների, որ նման բան անել չի կարելի …Որ քո էն ընկերները, որոնք էսօր մեր հետ են, իմանան, որ ճիշտ ընտրություն են կատարել: Ովքեր էլ որ պտի կատարեն էդ ընտրությունը, նախապես ճիշտ կողմնորոշվեն»: Սրանից հետեւում ա, որ էս շանտաժը ոչ էլ նույնիսկ եզակի դեպք ա, ասենք, խիստ անհրաժեշտության հանգամանքով պայմանավորված, այլ մեր ԱԱԾ-ի պրակտիկայի մշտական մի մասն ա:

Էս ամեն ինչին տեղեկանալով՝ սկսում ես ինքդ քեզ մտածել՝ լավ, եթե մեր ԱԱԾ-ն էս ձեւով ա գործում, եւ մինչեւ հիմա ոչ մեկը Հրայրի նման աղմուկ չի բարձրացրել, ի՞նչ ա դրանից հետեւում: Ուրեմն բոլոր նրանք, ում ԱԱԾ-ն առաջարկել ա համագործակցություն, դարձել են համագործակցո՞ղ: Ահավոր կլիներ նման բան պատկերացնելը: Գուցե մերժողներ գտնվել են, եւ հակառակ որ տուժել են՝ գերադասել են աղմուկ չբարձրացնել: Ամեն դեպքում՝ Հրայրի արածը աննախադեպ ա, եւ կարող ա շրջադարձային մի կետ դառնալ մեր՝ հայաստանցիներիս, եւ մեր Ազգային անվտագության ծառայության փոխհարաբերություններում:

Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած պետության առանցքային բաղադրիչն ա՝ ոչ մի պետություն լիարժեք չի կարող գործել առանց նման ծառայության եւ ամեն պետության մեջ էլ ԱԱԾ-ն, բացի բուն աշխատակիցներից, ունի նաեւ համագործակցողներ, այսինքն՝ զբաղվում ա հավաքագրմամբ: Բայց անգամ ամենաազատ, ամենադեմոկրատական երկրներում, որտեղ Ազգային անվտանգության մարմինները, ենթադրաբար, հենց բուն իրանց խնդրով են զբաղված՝ երկրի անվտանգությամբ, նման մարմինների հետ համագործակցողներին դարձյալ վերաբերվում են, սենց ասեմ, ոչ միանշանակ, քանի որ դառնալով նման ծառայության աշխատակից, դու քո վրա պարտավորություն ես վերցնում էդ մարմիններին տեղեկատվություն փոխանցել քո ծանոթների, ու նաեւ ընկերների մասին, ինչը մարդկային բոլոր կանոններով համարվում ա, սենց ասեմ, անազնվություն: Եթե մարդը չի ուզում զբաղվել նման գործով, ոչ մի պետական մարմին՝ անգամ հանուն պետական շահի, իրավունք չունի մարդուն շանտաժ անել եւ ստիպել զբաղվել դրանով:

Իսկ Հայաստանում խնդիրը էլ ավելի սուր ա: Որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ մեր Ազգային անվտանգության մարմնի հետ ամեն ինչ էնքան էլ կարգին չի: Թե էն իմաստով, որ մեր ԱԱԾ-ն մեր երկրի անվտանգությամբ զբաղվելու փոխարեն, ոնց որ 2008-ին ակնհայտորեն երեւաց, ընդիմությանը հարվածելով ա զբաղված, թե նաեւ էն իմաստով, որ մեր ԱԱԾ-ն էնքան էլ Հայաստանի ԱԱԾ-ն չի եւ ռուսական ուղեծրից դուրս գալ չի կարողացել: Էսօրվա վիճակը, երբ որ Հայաստանի անկախությունը լուրջ սպառնալիքի տակ ա հայտնվել, ուղիղ գծով կապված ա մեր ԱԱԾ-ում տիրող վիճակի եւ մասնավորապես էս երկու խնդիրների հետ: Վիճակը շատ լուրջ ա, բայց մյուս կողմից էլ, թվում էր, խնդիրները ոչ միայն լուծելու, այլ նույնիսկ քննարկումների դաշտ տեղափոխելու հնարավորություն ներկայումս չկար: Հրայր Մանուկյանի արած քայլը էս իմաստով ճեղքում առաջացրեց եւ հնարավորություն ա տալիս մեզ ուղիղ դնել հարցը՝ պահանջել, որ մեր ազգային անվտանգությունը ապահովելու կոչված մարմինը, առնվազն չոտնահարի մեր մարդկային արժանապատվությունը: Սա կարող ա թվալ փոքրիկ պահանջ՝ նշածս երկու մեծ խնդիրների համեմատությամբ, բայց եթե մենք հետեւողական լինենք էս պահանջի բավարարմանը հասնելու հարցում, գուցե կարողանանք նաեւ մեր մեջ բավական ուժ, համարձակություն եւ անկախություն գտնել՝ մյուս երկուսի լուծմանը ձեռնամուխ լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել