Ապացույց, որ ոչ բավարար, նույնիսկ տղայական միջոցները կարող են փրկությանը ծառայել։

Որ պաշտպանվի ջրահարսներից, Ոդիսևսն իր ականջները մոմ է լցնում ու պատվիրում իրեն շղթայել կայմին։ Իհարկե, դարեր շարունակ այդպես կարող էին վարվել բոլոր ճանաապարհորդները՝ բացի նրանցից, ում ջրահարսները դեռ հեռվից են մոլորեցրել։ Բայց ողջ աշխարհում հայտնի է, որ դա բոլորովին չի օգնում։ Ջրահարսների երգը թափանցում է ամենուր, և գայթակղվածների կիրքն ընդունակ է հաղթահարելու ավելին, քան շղթան ու կայմն են։ Բայց սրա մասին Ոդիսևսը չէր մտածում, չնայած, գուցե և լսել էր։ Նա լրիվ ապավինում էր մի բուռ մոմին ու շղթային, և անմեղորեն ուրախանալով իր հնարքի վրա՝ լողում էր դեպի ջրահարսները։
Բայց ջրահարսներն ավելի սարսափելի զենք ունեն, քան երգեցողությունն է. լռելը։ Թեպետ նման բան չի եղել, բայց կարող ենք պատկերացնել, որ նրանց երգից որևէ մեկը գուցե և փրկվել է, բայց այ, նրանց լռելուց հաստատ ոչ ոք չի փրկվել։ Զգացմանը, որ դու նրանց հաղթել ես սեփական ուժերով և, որպես դրա արդյունք, անզուսպ ամբարտավանությանը չի կարող դիմադրել աշխարհում ոչինչ։ Եվ իրոք, երբ Ոդիսևսը մոտենում էր, այդ հզոր երգչուհիները չեն երգել. կամ ենթադրել են, որ այդքան հզոր հակառակորդին հնարավոր է հաղթել միայն լռությամբ, կամ շղթաներից ու մոմից բացի ուրիշ ոչնչի մասին չմտածող Ոդիսևսի դեմքի երանության արտահայտությունը ստիպել է նրանց մոռանալու ամեն տեսակ երգեցողություն։
Իսկ Ոդիսևսը, եթե կարելի է այսպես արտահայտվել, չի լսել նրանց լռելը, ենթադրել է, թե երգում են, բայց իր լսողությունը պաշտպանված է։ Երևի սկզբում տեսել է նրանց պարանոցների շրջվելը, նրանց խորը շնչառությունը, նրանց՝ արցունքով լի աչքերը, նրանց կիսաբաց բերանները, բայց կարծել է՝ այս ամենը կապված է այն արիաների հետ, որ անլսելի հնչում են իր շուրջը։ Իսկ շուտով նրա՝ հեռուն ուղղված հայացքից այս ամենը դուրս է սահել, ջրահարսներն իսկապես անհետացել են նրա վճռականությունից դրդված, և հենց այն ժամանակ, երբ Ոդիսևսն ամենամոտն է եղել նայադներին, արդեն չի հիշել նրանց։
Իսկ նայադները՝ ավելի չքնաղ, քան երբևէ, ձգվել ու պտտվել են, շաղ են տվել իրենց սարսափելի մազերը ու տարածել իրենց դուրս ցցված ճանկերը դեպի ժայռերը։ Էլ չեն ուզել գայթակղել. Ուզել են միայն որքան հնարավոր է՝ երկար որսալ Ոդիսևսի մեծ աչքերի ցոլքը։
Եթե ջրահարսները բանականություն ունենային, այդ ժամանակ ոչնչացված կլինեին։ Իսկ այսպես՝ մնացին, բայց Ոդիսևսն ազատվեց նրանցից։
Ի դեպ, մի լրացում կա ավանդությանը։ Ասում են՝ Ոդիսևսն այնքան խորամանկ է եղել, այնքան ճարպիկ, որ նույնիսկ ճակատագրի աստվածուհին չի կարողացել մտնել նրա հոգին։ Գուցե նա, թեպետ մարդկային խելքով սա չես հասկանա, իսկապես նկատել է, որ նայադները լռում են, ու միայն մի որոշակի մակարդակով մեղադրում է նրանց ու աստվածներին այն երևակայական երգեցողության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել