Մոսկվայի հետ ծանոթությունս եղավ «Վնուկովո» օդանավակայանից: Բոլորն արդեն վաղուց ստացել են իրենց ուղեբեռը, և միայն ես եմ մոլորված հայացքով սպասում իմին: Չգիտես՝ ինչու, իմ ուղեբեռն ավելի մեծ էի պատկերացնում: Վերջապես ձեռքս տարա ու վերցրի դիմացովս արդեն 4-րդ անգամ պտտվող միակ ճամպրուկը: Իմն էր, «նաշոլսյա»! Իսկ ես արդեն վախենում էի, որ 10 օր Մոսկվայում շրջելու եմ նույն տաբատով ու վերնաշապիկով: Այդ առիթով միակ ուրախացողը ես չէի: Ինձ հետ միասին ուրախացավ նաև բեռնասայլակով տղան, ում հետ արդեն պայմանավորվել էի, որ օգներ ճամպրուկս տեղափոխել և օդանավակայանի երկու աշխատակից (ինչպես հասկացաք, հասցրել էի աղմուկ բարձրացնել ու ի լուր բոլորի հայտարարել, որ իմ անփոխարինելի ճամպրուկը չկա):

Ինձ դիմավորում են ընկերս ու նրա հայրը ու առաջարկում մինչև տուն գնալը մի փոքր զբոսնել Մոսկվայում, եթե շատ հոգնած չեմ: Հաճույքով համաձայնում եմ, քանի որ այս քաղաքում առաջին անգամ եմ, ու շտապում եմ պարզել՝ Մոսկվայի շուրջ հյուսված միֆերի որ մասն է իրական, որ մասը՝ հնարովի: 
Հսկայական առևտրի կենտրոնի սկզբնական մասում աղջիկներին դիմահարդարում են: 
-Իսկ այս աղջիկներին անվճա՞ր են դիմահարդարում,- հարցրի ես: 
-Մոսկվայում անվճար բան չկա (այս խոսքերի իմաստը ես հետո կհասկանամ),- ժպտացող դեմքը փոխելով քմծիծաղի՝ պատասխանեց ընկերս: 
-Մոսկվան անկանոն շարժի ու խաբեությունների քաղաք ա: Պետք ա խաբես, որ ձեռք գցես էն փողը, որը խաբելով վաղը ձեռքիցդ առնելու են,- շարունակեց արդեն մի քանի ամիս մոսկվայաբնակ դարձած ընկերս:

Օրը Մոսկվայում՝ անվերջանալի շինարությունների, լայն փողոցների ու իրականանալ շտապող նպատակների այս քաղաքում ընդհանրապես արժեք չունի: Երևանում մեկ օրը լուրջ ժամանակահատված է: Մոսկվայում 1 օրում կարող է չհասցնես քո ուզած վայրը գնալ: Հասնում ես, արդեն երջանիկ ես, չնայած՝ փարքինգի համար պետք է վճարես: Եթե քո նախընտրած խանութում զեղչ է՝ դեռ չի նշանակում, որ շահել ես: Մուծեցիր կայանման համար, մուծում ես զուգարան մտնելու ու լվացվելու համար: Այստեղ միայն ժպիտն է, որ վճարովի չէ: Խոսքս, իհարկե, սպասարկման ոլորտի աղջիկների ժպիտի մասին չէ, որը վճարովի լինելուց բացի, նաև բավական թանկ արժի: Ամեն դեպքում ռուսների մոտ ժպտալ շատ ավելի հեշտությամբ է ստացվում, քան հայերիս մոտ: Թվում է՝ երևանյան սրճարանների աղջիկները մի օր ձեռքները խփելու են սեղանին ու ասեն, որ հոգնել են տանջվելով ժպտալուց ու այսուհետ անելու են այն, ինչ իրենց հոգեհարազատ է՝ մուննաթ են գալու: Բայց դա, հուսանք, կլինի ոչ մոտ ապագայում: 
Մոսկովյան խցանումներից խուսափելու ամենահեշտ ձևը մոտոցիկլետներն են, իսկ խցանումների հիմնական մեղավորները կրկին վերջիններս են, որոնք վթարի ենթարկվելու անտանելի բնավորություն ունեն: Ամեն քայլափոխի կոտրված մոտոցիկլետներ ու շտապօգնություն:
Մոսկվան ու Երևանը այնքան էլ նման չեն իրար: Երևի միակ նմանությունն այն է, որ այստեղի ոստիկանապետն էլ է սիրում կրկնել, որ իր կառույցն ամենաանկաշառ ու ամենաարագ բարեփոխվող կառույցն է երկրում: Չնայած՝ այստեղ կոռուպցիայի դեմ պայքարը սահմանափակվում է օրվա աշխատածը իրենց հետ չկիսողներին նստացնելով: Կենտրոնից դուրս՝ քաղաքը հասարակ քաղաք է՝ բնակելի շենքերով, առևտրի տներով, բայց շատ կանաչապատ ու կենդանի: Կենտրոնը շատ սիրուն է:
Մոսկվա նոր ժամանածին կթվա, որ հետը մի բան այն չէ, ու դեժավյու զգացողությունն արդեն չափն անցնում է: Օրինակ՝ այստեղի ԱԳՆ-ի շենքից կենտրոնի տարբեր մասերում 7 հատ կա: Այստեղ ԳՈՒՄ-ը բացառիկ տեղ է:
Բացառիկ ասելով՝ ի նկատի չունեմ, որ այստեղ բացառիկ իտալական կոշիկներ են վաճառում՝ ինչպես Երևանի ԳՈՒՄ-ում: Արիստոկրատիայի քամին դեմքիդ է խփում հենց մտնում ես պտտվող դռնից ներս: Թանկարժեք օծանելիքի բույր, բարձրաճաշակ երաժշտություն, սիրուն մարդիկ, խանութներ, որտեղ քաղաքի ամենաընտիր ապրանքներն են: Գինիներ, հրուշակեղեն, մրգեր, ու այս ամենն անթերի մատուցմամբ:
Վաղը էլի ձեզ հետ կապի դուրս կգամ: Էստեղի հայերի հետ եմ շփվելու ու քաղաքով պտտվելու եմ: Նկարներ էլ կնկարեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել