ԵԽԽՎ-ում բոլորին «դաս տված» Ալիևին մեր պատվիրակությունը հարց չտվեց և այն պայմանավորեց փայլուն ու նուրբ դիվանագիտական քայլով: Պատկերացնու՞մ եք՝ որքան ջանքեր են թափել այդքան հմտորեն լռելու համար: Այս փաստարկը մի քիչ տարօրինակ է, հատկապես այն պայմանավորելը Ալիևի կողմից ԼՂՀ հարցը հերթական անգամ շահարկելու և պատմությունը խեղաթյուրելու հնարավորությամբ: Առանց նրանց հարցերի էլ, Ադրբեջանի նախագահը բավական երկարաշունչ եռանդով խեղաթյուրել է պատմությունը, իսկ դա ու՞մ համար սպասելի չէր: Ի՞նչ է, որևէ մեկը մտածում է, որ հարցի դեպքում պատասխանը ենթադրում է հարց տվողի ճաշակին համահունչ պատասխա՞ն, բնականաբար, այդպես չի լինում՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում: Բայց ո՞ւմ է պետք ԵԽԽՎ ամբիոնը, եթե այն թեկուզ մի քանի վայրկյանով (ինչպես պատվիրակներն են նշում, որ հարց տալու համար ունես մի քանի վայրկյան՝ չնայած Սերժ Սարգսյանին ադրբեջանցու հարցը շատ ավելի երկար տևեց) չես օգտագործում քո երկրին ամեն կերպ նվաստացնող գործչին պատասխան տալու, սթափեցնելու, մի քանի պատմական անհերքելի իրողություն մեջբերելու համար: Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում բանավեճը կամ դիվանագիտական բախումը, բնականաբար, այն լավ փաստարկումների և դրանք տրամաբանորեն հիմնավորելու արվեստ է, համապատասխան դաշտի ապահովում է, որը հակառակորդի փաստարկների շուրջը ստեղծում է կասկածներ: Ի վերջո, կարևոր չէ խոսքի շատությունը, կարևորը դրա ճիշտ և հնարավորինս անխոցելի կառուցումն է: Իսկ ի՞նչ են կարծում լռությամբ Ալիևին չբարկացնելու հեղինակները, արդյո՞ք իրենց իսկ բնորոշած անհավասարակշիռ Ալիևն ու իր քարոզչական օֆիսն այդ վարքագիծը չեն դիտարկելու իբրև վախի կամ խոսք չունենալու, հակադարձման համար բավարար ու հիմնավոր պաշարի չտիրապետելու արդյունք: Կարծում եմ՝ սա նույնիսկ պատասխան էլ չի ենթադրում: Ստացվում է, որ մենք վախենում ենք ադրբեջանցիների հետ բանավեճի մեջ մտնել միայն այն պատճառով, որ նրանք այդ առիթն օգտագործում են հակահայկական հայտարարություններ անելու համա՞ր: Այս գնով լռությունը, կներեք, պարտվողական կեցվածք է, ավելին՝ փաստորեն, մենք չենք օգտագործում այդ հարթակը մեր երկրի շահերն առաջ տանելու համար, մեր երկրի հեղինակությունը պահպանելու համար. չէ՞ որ արտաքին քաղաքական գերակա սկզբունքներից մեկը միջազգային վարկն է: Այդ վարկն ակնհայտորեն հեղինակազրկում են, իսկ ո՞վ և ի՞նչ եղանակով պիտի այն պաշտպանի: Հարցն ունի այլ հարթություն ևս. մինչ այսօր քննարկվում է, թե ինչու հարց չի հնչել, հետևաբար՝ դրա համար եղել է նաև հանրային պահանջ, և դա ունի օբյեկտիվ հիմքեր. Աստանայի նամակից մինչև սահմանային սադրանքներ ու Ալիևի կողմից ավելի լկտի ստերի անսպառ շարք հայ ժողովրդի հասցեին: Առնվազն այս առումով հարց չհնչեցնելն արդեն սխալ էր: Վերջապես, պատմական փաստարկներով հարցադրման դեպքում ավելի լավ է ադրբեջանական քարոզչամեքենան մեզ «մեղադրի» պատմություն հորինելու, քան վախից ճողոպրելու մեջ, իսկ դրա առիթը նրանք դեռ կգտնեն, եթե արդեն չեն արել: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես կարձագանքեին կամ ինչպիսի հարցեր կտային դիվանագիտության աս բրիտանացիները, եթե ինչ-որ մեկը կեղծեր նրանց պատմությունն ու կասկածի տակ առներ Լոնդոնի պատկանելությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել