Մեր սպիտակ պատշգամբի շագանակագույն աթոտին ինքնագրկվել-նստել  ու նայում եմ քամուն, որ հատկապես գիշերները կապտամանուշակագույն երանգ ա ստանում: Հայրիկը ուսապարկիս շղթան ա սարքում, նայում եմ ձեռքի մկանների շարժումներին, հետո,թե ինչպես ա պայուսակիս փոշին թափ տալիս, ու վախենում, որ ուր որ ա կասի, թե պատրաստ ա:  Մի վայրկյանում մազերս ծածկում են դեմքս ու մի քանի րոպե ոչինչ չեմ տեսնում, հետո շագանակագույն թելերս այս ու այն կողմ են քշվում, անտեսանելիության ու ոչինչ չտեսնելու հաճելի զգացողությունը էյֆորիայի պես անհետանում ա, ու ես նկատում եմ սև կտորե զանգվածը, որ քամուց ճոճվում ա հայրիկի ձեռքում: Մի տեսակ տխրում եմ, մտածում, որ, եթե ուսապարկս պատրաստ ա, ուրեմն մի 20-30 րոպե անցել ա, ուրեմն վաղվան ավելի քիչ ա մնացել, ուրեմն մյուս օրը ավելի շուտ ա գալու: Վերցնում եմ պայուսակն ու վազում սենյակ, նստում սովետական ժամանակներից չփոխված պարկետին, որ 40 տարիների ընթացքում մի լավ հալից ընկել ու գունաթափվել ա, սեղմվում ուսապարկիս ու սկսում անկանոն ճոճվել: Գրկում եմ պայուսակս, պայուսակս գրկում ա ինձ, գրկում ենք իրար ու սկսում հիշել:Սևուկս էնքան մեծ ա, որ բոլոր 5 շտեմարաններս  տեղավորվում էին, բայց ծայրում մի գիրք էի թաքուն խցկում, ու շտեմարաններս էդպես հավսար-զգաստ էլ մնում էին: 
 Ավարտական դասարանում էի, որ գնեցի:  Մեր դասարանում տղաներ չկային, 18 աղջիկ էինք ու մեկը մեկից թիթիզ: Պայուսակս միշտ նորաձևությունից հետ էր մնում, իսկ այ ծանրությամբ բոլորի հախից գալիս էր:
 Որ էդ պայուսակով գնում էի Ինտերնյուս, երեխեքը գլխի էին ընկնում, որ իրենց կոնֆետներ եմ բերել` փոքրիկ արկղիկ ունեի, վրան էլ «Ժուռնիկ» էի մակագրել, քաղցրավենիքը մեջն էի լցնում. հիմա ոչ արկղի տեղը գիտեմ, ոչ էլ Ժուռնիկի:  Մարիամացել եմ մի տեսակ, երևի տենց էլ պետք ա լիներ, չգիտեմ: Հետո բաժանում էի բոլոր կոնֆետներս, մենքենքցիներով դրանից ուրախանում էինք ճիշտ էնքան, ինչքան եթերից հետո տրվող պիցցայից, ու չնայած էս ամենը շաբաթը 5-6 օր կանոնավոր բնույթ էր կրում ու մի տեսակ առօրյա էր դարձել, ամեն անգամ մի ուրիշ ձև էինք ուրախանում:
 Պայուսակիս աջ ու ձախ կողմերում ջրի գրպաններ  կային, էնտեղ միշտ կարելի էր Նեսթիի ալոե-ելակի շիշ գտնել, բոլորը մի տեսակ զարմանում էին, որ էդ դառը-քացր  համադրությունը ինձ դուր էր գալիս, ու ես պատրաստ էի Երևանի բոլոր խանութներում շրջել կանաչ թեյս գտնելու համար:
 Միշտ էնքան լիքն էր ու էնքան գրքառատ, որ աղբի տեղ չէր մնում, հետո էլ ես շատ ուշադիր էի պայուսակիս հանդեպ, հատկապես, որ քույիկիս պայուսակների աղբահավաքությամբ էլ էի ես զբաղվում, փնթի պայուսակն ինձ մի տեսակ պատիվ չէր բերի:
 Միշտ մտածում էի, որ վրան գունավոր կոճակներ կկարեմ, որ շատ սև չլինի, էդ գույնը չեմ սիրում, բայց մինչև հիմա էլ վրան ոչ մի կոճակ չկա. կամ, որովհետև կոճակներն էի ափսոսում, կամ էլ խուսափում էի փողոցում ուշադրություն գրավելուց, առանց դրա էլ ամենը կապույտ արյուն ունեցող մարդու պես են ինձ նայում:
 Ամենաներքևի գրպանում ինչքան ուզես մատիտ ու գրիչ կար, երեխաների համար միշտ գունավոր ներկեր էի վերցնում, բայց փոքր քույր կամ եղբայր չունեի, բարեկամների տուն էլ մինչև որոշում եմ գնալ մեծ մարդ են դառնում, ու էդպես գիշերները պստիկ մարդուկներ էի նկարում ու պահում նոթատետրիս մեջ:
Հատուկ դարակ ունեի օրագրիս համար: Մտածում էի, որ դրանից լավ առանձնասենյակ մտքերիս համար չեմ գտնի, հետո էլ էնտեղ մութ էր ու ապահով:
 Ուսապարկս որքան իմն էր էնքան էլ Անդոյինը: Մենք էնքան սյուռ  ընկերներ ենք, որ պայուսակներն էլ ենք կիսում: Ամեն անգամ բողոքում էր, թե տանը ինչ կա լցրել եմ մեջը: Որ բարևելու ժամանակ գրկում էինք իրար, ձեռքի հետ «կշռում» էր ու ամեն անգամ ինչ-որ նոր ու ավելի մեծ քաշ արձանագրում: Ծիծաղում էի, իսկ ինքը լուրջ-լուրջ ողնաշարի նոր հիվանդություններ էր ախտորոշում, ասում էր, որ ինձ «Ֆայլա բազառում» առանց հարցազրույցի ու փորձաշրջանի էլ կընդունեն, ու դեռ մի բան էլ պատվոգիր կտան` էս ծանրությունը քարշ տալու ու դեռ մի բան էլ ավելի ծանրացնելու համար: Ինքը իրեն սպորտաձևեր էր հնարում  ծանր պայուսակներով, իրեն, որ թողնեի Օլիմպիական խաղերում նոր մարզաձև ավելացնելու մասին էլ կմտածեր, բայց բանը դրան չհասավ: Որ նոր մարդկանց հետ էինք ծանոթանում,  իմ մասին պատմելուց անպայման խոսում էր պայուսակիս մասին, ռեկորդների մասին էր խոսում, սկսում էինք ծիծաղել, մարդիկ էլ լուրջ-լուրջ սպասում էին,թե, երբ ա հարմար առիթ ստեղծվելու, որ վերջապես գլուխներն ազատեն մեզանից:  Երազում էի մի պայուսակով ճամփորդության մասին: Ասում էի, որ հենց սա էլ հետս կվերցնեմ: Մտածում էինք երկուսով Թբիլիսի գնալու մասին: Ես համոզված եմ, որ մի օր անպայման կգնանք`առանց էն տղայի ու էն աղջկա, փթ, դախ ու սյուռ ընկերներով, ճանապարհին էլ ինչ ուզենք, ինչքան ուզենք կխոսենք, սրտներիս ուզածը կանենք, որովհետև ինքը միակ մարդն ա, ում ես իսկապես վստահում եմ, ում հետ ես եմ, ում մոտ կարող եմ չմտածել, ում հետ միշտ  ա ու միշտ տենց ա:
  Իմ ու Անդոյի պայուսակային արկածների մեջ ամենից շատ էն պահն էի սիրում, երբ ես իբր նեղանում էի, ու ինքը քաշում էր կախիչից, ու էդպես էնքան ա քաշել, որ մի քիչ էլ ու կպոկվի, բայց ես չեմ էլ մտածում կարելու մասին,  էդ նույնն ա, որ ինչ-որ  շատ տաք հիշողություններ կարես:  Քիթս տնկում էի ու վազում առաջ, կախիչից քաշում էր հետ էի ընկնում, ու տենց էնքան մինչև հասնեինք տեղ:
 Ինձ միշտ թվում էր, որ էդ պայուսակի մեջ ավելի շատ բան կա, քան էն իրերը, որ լցնում էի, ու ամեն անգամ երբ պայուսակս կիսում էի Անդոյի հետ, ինձ թվում էր, որ ինչ-որ նոր, տաք ու կարևոր բանով ա լցվել:
  Վերցնում եմ պայուսակս, ու ինձ թվում ա, որ հիմա ավելի ծանր ա, քան երբևէ: Մեջը մի ծրար ու նոթատետր եմ դնում:  Քամին մազերս անընդհատ հետ ա գցում, որ պայուսակս  լավ ձեռքիցս բաց չթողնեմ: Չեմ պատկերացնում վաղվա օրը, դրանից հետո սկսվող 2 տարին էլ չեմ պատկերացնում, բայց գիտեմ, որ ամենը լավ կլինի:  Երևի տխրության տենց տեսակ կամ որ լուսավոր ա ու տաք, երևի ես սրանից առաջ դա զգալու հնարավորություն ուղղակի չեմ ունեցել:
Վաղը դատարկ ու ավելի ծանր պայուսակով եմ տուն գալու:
Ու տենց միշտ, ընկեր, ու տենց միշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել