Ցանկացած մամուլի խոսնակի խնդիրն է կամուրջ լինել լրատվական միջոցների և իր ղեկավարության միջև, պատասխանել ԶԼՄ-ներին հետաքրքրող հարցերին: Սա չի ենթադրում, որ մամուլի խոսնակը կարող է կոպտել կամ վիրավորել լրատվամիջոցներին այս կամ այն ինֆորմացիան հրապարակելու համար:

Որքան հասկացա, «Ժառանգության» նոր մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ճիշտ չի ըմբռնել մամուլի խոսնակ լինելու իր պարտականությունների իմաստը, բայց դա «Ժառանգության» խնդիրն է, այլ ոչ թե իմ:

Հարգելի Դավիթ, չեմ իջնի քո ոչ կոռեկտ և փողոցային ասեկոսեների մակարդակին, այլ ուղղակի կասեմ հետևյալը՝ կյանքը ցույց է տալիս, որ Slaq.am կայքի հրապարակած ինֆորմացիաներն ու լրատվությունը գրեթե միշտ համապատասխանում է իրականությանը, և այս դեպքում ևս ես վստահ եմ, որ մեր հրապարակած նյութը, որում նշվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փող է խնդրել և ստացել Գագիկ Ծառուկյանից` համապատասխանում է իրականությանը, եթե դուք չկարողանաք հերքել, իսկ իրականությունը հերքել չեք կարող:

Ես ընդամենը ցավում եմ, որ դուք տարիներ շարունակ պայքարելով և խոսելով օլիգարխիայի և օլիգարխների դեմ, հիմա աշխատում եք մի կուսակցությունում (միգուցե նաև աշխատավարձ եք ստանում), որը փաստացի ֆինանսավորվում է մեծահարուստ օլիգարխի կողմից, ով ի դեպ, նաև մեծ բարերար է, ինչը ես չեմ հերքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել