Երանելի է այն մարդը, ով հանդիպել, ճանաչել և, թեկուզ  հեռվից ու լուռ, շփվել է  Մինասի հետ։ Ես բախտ եմ ունեցել մի քանի տարի լինել Մինասի հարևանը , ապրել միևնույն բակում։ Հանդիպելիս հարգալից բարեվում էր ու անկեղծ հարցնում երեխաներիս մասին: Նրա արվեստանոցը հինգ հարկանի շենքի վերնահարկում էր, Նալբանդյան փողոցի վրա,  ու  բակից հավասարվում էր ուղիղ մեր բնակարանին։ Ինչքան անգամ եմ նկատել գիշերվա 1–ին, 2–ին նրան աշխատելիս,  երբ այդ ժամանակ ես էլ  լվացք էի փռում։ Երկար նայում էի, զարմանալիորեն այդ ժամերին նրա հյուրերով լիքը արվեստանոցին։ Գիտեի, որ կարող եմ ուզածս ժամանակ գնալ արվեստանոց, առանց  թույլտվություն խնդրելու՝ ինքն էր մի քանի անգամ կնոջ՝ Գայանեի հետ առաջարկել,անհարմար էի զգում ու  այդպես էլ չստացվեց։ Ականատես  եմ եղել նրա արհեստանոցի այրմանն ու օգնել հանգցնելու այրվող նկարները։ Հարևանները պատմում էին Մինասի սկզբունքայնության մասին, որ այն նրա մոտ ուղղակի տիտանական էր, որն էլ դարձավ նրա ողբերգության, նահատակության պատճառը։  Ազատ էր, արդարամիտ, ասպետորեն շռայլ: Ամեն քայլափոխին զգացվում էրնրա ասպետական ոգու ազնվական շռայլությունը: Ամեն ինչ անում էր խղճի մտոք: Իրանսխալական դատավորն ու քննիչը իր խիղճն էր՝ մաքուր, անաղարտ:

      1975-ի փետրվարի  21–ն  էր, հիվանդ պառկած էի։ Հանկարծ պատուհանիս տակ հնչեց փողային նվագախմբի մահասարսուռ երաժշտությունը։ Վեր թռա նայեցի պատուհանից ։ Մի փոքրիկ թափորի ուղեկցությամբ տանում էին Մինասին։ Հագնվեցի ու միացա թափորին։ Ասում էին, թե Մինասին երեկոյան մութի մեջ անծանոթ մեքենան ճզմել  էր  պատին  «Կարապի լճի» հարևանությամբ… Մահվանից մի քանի օր հետո խնդրեցի իմ բարեկամուհուն միասին գնալ Մինասի տուն , զրուցել կնոջ՝ նույնպես նկարիչ Գայանեի հետ,կիսել նրա ցավը։ Համաձայնվեց։ Մինասենց տանը դեռ իշխում էր Մինասի շունչը: Երբ մտանք , Գայանեն մեզ ընդունեց բարեհամբույր ։ Տղային խնդրեց, որ  մեզ համար սուրճ  պատրաստի։ Գայանեն պատմում ու պատմում էր Մինասի առաքինի բնավորության մասին՝հազվագյուտ արժանիք մեր հաշվենկատ , ողբերգականորեն դաժան իրականությանարանքում։ Մինասի համար արգահատելի էին, սարսափելի պատիժ ու արատ էին ճապկությունը, հպարտ ունայնամտությունը, խորամանկությունը, չարչիությունը և 60-ականներին ծավալվող կաշառակերությունը,- «Այդ ամենը աղքատամիտ, մակերեսայինմարդկանց զենքն ու զորությունն է»,- ասել էր  նա տարբեր առիթներով: Գայանեի ասելով, –«Մինասի կենսագրության երջանիկ պահը 1965-ի ապրիլի 24-ի հզոր-հզոր՝ Հայոց եղեռնիհամազգային ցույցն էր: Ի՜նչ երանությամբ էր ապրում բազմահազարանոց ցույցը,  ցույցինհաջորդած օրերը: Ոչ միայն հրճվանք ու ոգևորություն էր ապրում»։Ափսոս, որ նրանց ընտանիքն էլ շուտ հեռացավ Հայաստանից։ Իմացա, որ տղան  ապրում է Ֆրանսիայում , իսկ հետո նրան միացավ և մայրը։Հետո , երբ առիթ էր լինում լինել Թոխմախի գերեզմանատանը, հին պանթեոնից մի փոքր ներքև Մինասի գերեզմանն է ՝ դեղին տուֆե խաչքարով, վրան հոծ տառերով փորագրված՝ՄԻՆԱՍ։ Միշտ էլ կանգնում եմ մի պահ ,ափսոսանքով հիշում նրա կենդանի պատկերն ու որդան կարմիրով լցված «Ջաջուռը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել