Դատական ծառայության 
երկրորդ դասի խորհրդական

Մի պտղունց ճշմարտություն «վաղվա» օրվա տեսլականի ներկապնակում.

Ավելի քան տասը տարվա դասախոսական փորձս առիթ է, որ մի դառը իրողություն արձանագրեմ ինքս ինձ համար: Թեկուզ սուբյեկտիվ, բայց` վշտացնող, թերևս: Երիտասարդի մտածելակերպի փոփոխության աճող դինամիկան ու բնությունից օժտվածության կրկին աճող դինամիկան հակառակ վեկտորներ ունեն: Գուցե գեղագիտության առումով կոնտրաստ է, դարի օրինաչափությունն է, կամ չգիտեմ էլ՝ ինչ գլոբալիզացիայամուտացիա է, որի վերջնական արդյունքը` ինքն իր շահն իմացող, իրավունքը ճանաչող, կենսունակ քաղաքացին պետք է լինի, բայց… բայց լուսնի հակառակ կողմն էլ կա ու դոմինանտ է, ցավոք: Ամեն օրվա հետ «երիտասարդը» հիմնականում դառնում է անտարբեր ու իներտ` իր գիտելիքի ամրության, իր անձնական պատասխանատվության, իր ծնողի արժեքայնության, իր սիրելիի իրավունքի ու զգացմունքի, իր ընկերոջ խնդրի, իր անձի անձնավորության նկատմամբ: Տեսնո՞ւմ եք, պետականության և ազգայինի մասին ուղղակի չեմ էլ ակնարկում: Իբր թե` սեփական շահ «որտեղ հաց, այնտեղ կաց», հաղթիր ինչպես կարող ես` միջոցների մեջ խտրականություն չդնելով. ընդամենը այս եռամիասնության առանցքում է սաղմնավորվում այսօրվա երիտասարդը, երևի: 
Բայց գոնե ինձ համար գորշությունից էլ գորշ բան կա. վաղվա օրվա տեսլականը, էն որ իրավամբ սթրեսի բուն է: Էն որ մտածում ես՝ բա վաղը երեխադ ո՞ւմ հետ է խաղալու, ո՞ւմ հետ է ԲՈՒՀ-ում դասի նստելու, ո՞ւմ հետ է աշխատելու, ո՞ւմ հետ ընկերություն անելու և այլն, և այլն, և այլ «բա» էր…
ՈՒ… էլ ի՞նչ ու: ՈՒ դա ստիպում է ավելի եռանդով մտնել լսարան, ու փորձել լինել ավելին, քան ուղղակի մասնագիտություն սովորեցնող: Ու փորձել «անձնական պատասխանատվություն» սերմանել այսօրվա ուսանողիդ հոգում: Որովհետև այսօրվա պատասխանատուն դու ես: Որովհետև վաղվա պատասխանատուն էլ դու չես, ու վաղն էլ շանս չես ունենալու, հաստատ: Ու որքան «մենակ» ես դառնում ամեն օրվա հետ, այնքան մոտիվացիադ մեծանում է երևի: 
Որովհետև հավատում եմ, որ աղետից հնարավոր է խուսափել… Պարտադիր է այսօր կարողանալ խուսափել «վաղվա» աղետից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել