Ոչինչ նույնը չի մնում: Ոչ իրական, ոչ էլ երազային աշխարհում: Բայց կյանքը, ամեն դեպքում, մնում է նույնը:

  Ես երկու ամիս առաջ այն չէի, ինչ հիմա եմ: Երկու ամիս առաջ ապրում էի, ծրագրում, հիասթափվում, երազում: Հիմա էլ եմ ապրում, ծրագրում, երազում, հիասթափվում, բայց ոչինչ առաջվանը չէ: Դատարկություններ են եղել ու լցվել են, ներկաներ են եղել ու հիմա բացակա են, երազանքներ ունեի, որ հիմա չկան, ես եմ, որ հիմա էլ առաջվանը չեմ: Բայց կյանքը նույնն է:

  Երբ մեկ ամիս առաջ հայրս որոշեց, որ ժամանակն է 20 տարեկան երազանքս իրականացնելու, ու ինձ իմ երազանքի մարմնացումը նվիրեց` մի փոքրիկ շան քոթոթ, ես այդ ժամանակ հուշատետրիս էջերում աչքեր էի նկարում ու մութ բնավորություններ: Անընդհատ գրում էի, որ սեփական շահը հաշվի առնելիս չպետք է ուշադրություն դարձնել` դա շրջապատի շահերի վրա կազդի՞, թե չէ: Հուշատետրիս էջերին տանջում էի, որ կյանքը մի դաս էլ է տվել, ու սև ժապավեն էի քաշում նկարածս աչքերի ու հոգու վրա: Հաստատակամորեն դատարկվում էր կյանքը: Իսկ հետո լցվեց: Ընդամենը` մի սև ժապավեն հուշերիս վրա ու դառը նստվածքի նոր շերտ: Այսքանը:

  Հիմա ես համոզվում եմ, որ շները իրոք մի քանի աստիճան բարձր են մարդկանցից: Ոչ թե լավն են, որովհետև ավելի հասկացող են, ավելի խելացի ու կշռադատող, այլ որովհետև գնահատող են, երբեք չեն կծի իրենց շոյող ու կերակրող ձեռքը: Շները ավելի բարձր են մարդկանցից նրանով, որ կյանքում երբեք քեզ չեն թողնի ու չեն գնա ոմն փշրանք նետողի հետևից, ու կմնան կողքիդ ցանկացած պարագայում:

  Ես չեմ ափսոսում սև ժապավենի համար: Երկու ամսում իմ դատարկված կյանքը լցվել է և նոր մարդկանցով, և իմ շնիկով, ու ամեն ինչ ավելի լավ է, քան ես էլ երազում ու ծրագրում մի ժամանակ:

  Կյանքում ամեն ինչ է նույնը ու կրկնվող, մարդիկ են սարսափելի արագությամբ փոխվում:

  Իսկ իմ կյանքի պարը սիրո ու բարության նոր վալս է սկսել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել