4(45)Սենյակը միշտ մաքրում էր։ Քնքուշ հոգատարությամբ կինը բացում էր դուռը, դասավորում սենյակում օրվա ընթացքում թափթփած իրերը։ Հագուստը կախում էր պահարանում, ձեռքի հետ սրբում-փայլեցնում էր պահարանի հայելին, գրասեղանի թղթերը դարսում էր մի անկյունում, փոշին խնամքով սրբում էր, հետն էլ շոյում, գուշակում էր տղամարդու ՝սեղանին եղած հպումները ու հպվում-հաղորդակցվում էր այդպես։ 

Հետո անցնում էր անկողնուն։ Տղամարդու՝ անփութորեն հավաքած անկողինը քանդում էր հիմնովին ու նորից էր դասավորում։ Առաջինը թափ էր տալիս ներքնակն ու նորից տեղը դնում։ Ձեռքով հարթեցնում էր, հավասարեցնում, շոյում։ Հետո սավանն էր փռում։ Փռում ու հարթեցնում էր ձեռքով, շոյում-հպվում։ Վերմակը… Վերմակը ծալում էր երկու կողմից։ Ծալում ու նայում էր, հետո իր ակնարկն անտեղի էր համարում, քանդում, մի կողմից էր ծալում։ Ծալում, հարթեցնում, շոյում, շփվում էր… Ու հանդիսավոր ծածկում էր նուրբ ծածկոցով. Թող ծածուկ մնան հպվելու, շոյելու, հաղորդակցվելու բոլոր հետքերը։

Զարդասեղանը։ Բազմաթիվ մածուկ-օծանելիքի մեջ գտնում, առանձնացնում էր իր նվիրածները։ Հետո տեսնում էր՝ քիչ են։ Ամաչում էր, որ քիչ են, նորից խառնում էր ուրիշների նվիրածներին, երբեմն թաքցնում էր, ուրիշ անգամներ աչքի առաջ քաշում։ Պատահում էր՝ վերցնում էր շիշն ու ուշադիր նայում, փորձում գլխի ընկնել՝ մակարդակն իջնո՞ւմ է։ Չլինի՝ չի հավանում։ Ու բոլոր իրերին մեկ-մեկ ձեռք էր տալիս, շփվում էր, հաղորդակցվում էր…

Փոշին սրբելով, սենյակը կարգի բերելով՝ շփման, հաղորդակցվելու իր չափաբաժինը ստացած էր համարում։ Ու երջանիկ էր։

Այդ օրը ուշ մտավ սենյակ։ Վստահ էր՝ արտակարգ հանդիպում է եղել երեկ։ Ենթադրում էր՝ երկար է քնել։ Մտածում էր՝ սովորականից շատ է լինելու հավաքելիքը։ Վախենում էր հանդիպման հետքերից, վախենում էր շփման անարատությունը կորցնելուց։ Վախենում էր ու պատրաստվում էր դրան։ Իրեն պատրաստում էր ամենաանցանկալի հանդիպումներին։
Եվ ահա…

Առաջինը աչքովն ընկավ փոշու լաթը, որ երեկ մոռացել էր ներսում։ Լաթն իր տեղում էր՝ ինչպես թողել էր։ Զարմացավ։ Երբեք այսպես չէր եղել։ Ու անկողինն էլ հավաքած- կոկած էր. ճիշտ այնպես էր, ինչպես ինքն էր անում՝ հարթ, շոյած, հպված… Ոչ մի փողկապ, ոչ մի գուլպա կամ թաշկինակ անգամ չկար, որ հավաքեր։ Ամեն ինչ թաքցրած, տեղավորած ու հպման կարիքը մերժած էր։ Կինը հասկացավ… Հանդիպումն այստեղ չի եղել։

Անորոշ տագնապը կառչեց կնոջ քթածակերից, ու նա սկսեց օդը հոտոտել։ Օծանելիքի-մածուկի հոտ չկար։ Լրջության ու գործնականության հոտ չկար։ Խաղաղության, վստահության ու անսեթևեթանք սիրո հոտ էլ չկար…

Կինը կասկածեց ընդհանրապես սենյակում տղամարդու երբևէ գոյությանը։ Նա մռայլվեց, սիրտը լցվեց սենյակի դատարկությամբ, գլուխը կախեց ու անխոս դուրս եկավ սենյակից։ Երկու-երեք քայլ անցավ շեմից, տարտամ մի ցանկությամբ շրջվեց դեպի դուռը… Անհուսալիորեն հաստատուն կողպեքը, որ վճռականորեն փակել էր դուռը, կտրուկ մեռցրեց ամեն ցանկություն, և կինը կասկածեց իր՝ երբևէ սենյակ մտած լինելուն։

Արգելեց իրեն այլևս շրջվել այդ կողմը, հավաքեց ինքնատիրապետման ողջ պաշարն ու քայլեց առաջ՝ դեպի անորոշություն, որովհետև կինն արդեն կասկածում էր անգամ սենյակի գոյությանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել