Այսօր կայացավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված 21-րդ հարցը «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի հ.1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը որպես հեղինակ զեկուցել եմ ինքս:
Նախ` մինչև քվեարկությանը անդրադառնալը, ասեմ, որ Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության կողմից եղան ավագանու կանոնակարգի կոպիտ խախտումներ:
Ինչպիսիք են` քաղաքապետի օրակարգի հաստատումը` մինչև գլխադասային հանձնաժողովների եզրակացությունը հայտնելը (ֆինանսավարկային և իրավական), նաև շուրջ 3 ամիս շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ վերջին մի քանի օրերին Հանրապետական ավագանիների կողմից լրամշակման առաջարկով հանդես գալը:
Հիշեցնեմ, որ ավագանու «իրավական ակտերը և ընդունման կարգ»-ի 21-րդ կետը սահմանում է ՝
Քաղաքապետը, խմբակցությունները, ավագանու անդամները և ավագանու հանձնաժողովները` բացառությամբ գլխադասային հանձնաժողովի, նախաձեռնությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, եզրակացությունները քաղաքապետարանի աշխատակազմին են ներկայացնում հերթական նիստից առնվազն ՏԱՍՆՄԵԿ օր առաջ` նախաձեռնության հեղինակին և գլխադասային հանձնաժողովին նույն օրը տրամադրելու համար: Գլխադասային հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր եզրակացությունը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Ավագանու հերթական նիստից առնվազն ՏԱՍՆ օր առաջ՝ նախաձեռնության հեղինակին նույն օրը տրամադրելու համար:
Այս 2 ընթացակարգային կետերն էլ Հանրապետական խմբակցության կողմից խախտվեցին:
Ինչևէ, նախաձեռնությունը զեկուցելուց հետո Հանրապետական խմբակցության որոշ անդամների հարցերը ուղղակի ծիծաղ էին առաջացնում ինձ մոտ, և հավատացնում եմ ձեզ՝ հարցերի առումով ես սպասում էի շատ ավելի բարձր մակարդակ: 
Մեջբերեմ.
-Պարոն Գյոզալյան, այս նախաձեռնությունով դուք նպատակ եք հետապնդում ԱՇԽԱՏԵՑՆԵԼ Երևանի քաղաքապետարանի կազմակերպչական վարչությանը:
-Տարբերությունը, որն է ավագանու և պատգամավորի միջև (այս հարցը իմ նախաձեռնության հետ ընդհանրապես կապ չուներ):
-Դուք ուզում եք արեք, ուզում եք` ոչ ...
Կամ ամենազավեշտալին.. 
-Այս նախաձեռնությունով դուք սահմանափակում եք Երևանի ավագանու իրավունքները...:
Սա հարցադրման այն մակարդակն էր, որին ես անգամ չէի սպասում...:
Ինչևէ, բոլոր այն ավագանիներին, ովքեր դեմ են Երևանի ավագանու ինստիտուտի հանրամատչելիությանը և թափանցիկ աշխատանքին, ես առաջարկեցի դեմ քվեարկել նախաձեռնությանը:
Արդյունքում. «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն -կողմ
«Բարև Երևան» խմբակցություն -կողմ
«Հանրապետական» խմբակցություն -դեմ:
Այսպիսով՝ այսօրվա կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում օրակարգային 21-րդ հարցը` 
«Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի հ.1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, կոճակային մեծամասնությունը տապալեց և մեկ վարկյանում միֆ սարքեց Երևանի քաղաքապետի և Հանրապետական խմբակցության ավագանիների այն գոչումները, իբր իրենք կողմ են Ավագանու ինստիտուտի հանրամատչելիությանը և թափանցիկությանը: 
Ես ինքս` որպես երիտասարդ ավագանու անդամ, հիասթափություն ապրեցի Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության այսօրվա ոչ հիմնավոր քվեարկության համար:
Հ.Գ. ԵՎս մեկ անգամ կրկնում եմ այսօրվա ելույթիս ընթացքում հնչեցրած միտքը և պաշտպանում:
-Ով դեմ է Երևանի ավագանու ինստիտուտի հանրամատչելի և առավել թափանցիկ լինելուն կարող է Դեմ քվեարկել:
Կից ներկայացնում եմ նախագծի տեղեկանք հիմնավորումը:
ՏԵՂԵԿԱՆՔ–ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Սույն որոշման նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում լրացուցիչ հնարավորություն ընձեռել Երևանի ավագանու խմբակցություններին և անդամներին ավագանու նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ու իրավական ակտերի նախագծերի քննարկման և քվեարկության արդյունքների վերաբերյալ ԶԼՄ–ների միջոցով հանրությանը ներկայացնելու իրենց արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ավելի մանրամասն պարզաբանումներ ու հիմնավորումներ, որը, կարծում եմ` կնպաստի ավագանու գործունեությունը դարձնելու առավել թափանցիկ և հանրության համար հնարավորինս մատչելի։ Մյուս կողմից էլ հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավագանու անդամները ավելի տարողունակ կերպով իրենց գործունեությունը ավագանու կազմում ներկայացնեն իրենց ընտրողներին ու հասարակությանն առհասարակ: 
Նկատեմ, որ նշված առաջարկը կատարվել է նկատի առնելով նաև խորհրդարանում գործող ճեպազրույցների անցկացման փորձը, դրա պահանջարկը, արդյունավետությունը որպես հստակ գործող մեխանիզմ ու անհրաժեշտությունը հանրության շրջանում։ Ամփոփելով` կարող եմ ասել, որ սույն առաջարկիս ընդունումը կնպաստի ավագանի-հասարակություն, ավագանու անդամ կամ խմբակցություն- ընտրող կապի ամրապնդմանն ու ավագանու առավել թափանցիկ ու հանրային լսարանի համար հասանելի գործունեության ապահովմանը:
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՝ 
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ Ռ. ԳՅՈԶԱԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել