Disabilityinfo.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր համախմբեց ներառական կրթության ոլորտի վեց գաղափարակիրների և երեխայի իրավունքերի պաշտպանության ոլորտում փոփոխություններ իրականացնողներին՝ ներկայացնելու իրենց փորձը և քննարկելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել  այն մարտահրավերները, որոնց հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են կրթություն ստանալու գործընթացում:

Երևանի «Այբ» դպրոցում կայացած «Activate Talks»  TED-ոճի միջոցառումը տարածաշրջանում առաջինն էր և նվիրված էր ՄԱԿ-ի  «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Միջոցառման կարգախոսն էր «Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:

«Միջոցառումների այս շարքի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառում է իր համախմբող դերը՝ խրախուսելու կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և այլոց՝ գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Միջոցառման բանախոսների շարքում ընդգրկված էին տարբեր ոլորտների և զբաղմունքների մարդիկ՝ ձեռներեց, մանկավարժ, քաղաքագետ, բժիշկ, մայր և պարուսույց:

Միջոցառմանն առաջինը ելույթ ունեցավ Զարուհի Բաթոյանը, ով լայնածավալ աշխատանք է իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Ելույթին հաջորդեցին ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի, քաղաքական վերլուծաբան Արտակ Բեգլարյանի. Արաբկիր բժշկական կենտրոնի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանի, հաշմանդամություն ունեցող երկու երեխաների մայր Մերի Մարտիրոսյանի ու Հայաստանի առաջին և նորաստեղծ ներառական պարի խումբը ղեկավարող Թենի Մաթյանի ելույթները:

Միջոցառումն ամփոփվեց քննարկումով, որի ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքներն ելույթների մասին  և հարցեր ուղղեցին բանախոսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել