Սուրճի մրուրը ոչ պակաս քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուրը և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք: Մաշկը կդառնա շատ հարթ ու թավշյա:

Եթե դուք թխահեր եք՝ սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը, սուրճի մրուրը տրորեք գլխի մաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

Շատերն են սուրճն օգտագործում խմորեղենի և աղանդերի բաղադրության մեջ: Բայց քչերը գիտեն, որ սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա:

Սուրճը հրաշալի հատկություն ունի՝ տհաճ հոտերը վերացնում է՝ առանց իրերին սուրճի հոտ հաղորդելու: Սուրճի մրուրը չորացրեք ու լցրեք մի քանի շերտ թանզիֆի կամ հին զուգագուլպայի մեջ: Մրուրով պարկիկը դրեք պահարանում, զգեստապահարանում, մի խոսքով ցանկացած վայրում, որտեղ տհաճ հոտերի կուտակում եք զգում: Սա նաև արդյունավետ միջոց է՝ սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար: Հին կոշիկների մեջ ներծծված տհաճ հոտից ևս կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Սկզբում պետք է մրուրը չորացնել, հետո պարկով դնել կամ ուղղակի լցնել կոշիկի մեջ: Մի քանի օրից հետո կոշիկից մրուրը թափ տվեք:

Սուրճի մրուրը հրաշալի պարարտանյութ է: Այն ոչ միայն բերքատվությունն է բարձրացնում, այլև պտուղներն ավելի խոշոր դարձնում, իր հոտով պայքարում վնասակար միջատների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել