Երբեմն, երբ նայում ես մութ և խորհրդավոր գիշերվա դատարկ փողոցներին,   մտածում ես, թե երբեմն ինչքան է մեր կյանքը նմանվում գիշերվա այս փողոցներին. ամեն ինչ նույնքան մութ է և խավար, վախեցնելու աստիճան ամեն ինչ խորհրդավոր է և անորոշ, և  ցավեցնելու աստիճան ամեն ինչ նույնքան դատարկ է ու ամայի: Եվ միայն մերթընդմերթ սրընթաց արագությամբ ընթացող մեքենաների շարժիչի ձայնն է խարխլում տևական լռությունը, ինչպես մերթընդմերթ հոգուդ խորքում գտնվող ինչ-որ շարժիչի ձայն արթնանում է և խարխլում ներսումդ տիրող տևական լռությունն ու հանգստությունը: Բայց այդ ամենը տեղի է ունենում այնքան արագ, որ ինչպես չես հասցնում ֆիքսել արագության տակ ընթացող մեքենաների համարանիշները, այնպես էլ չես հասցնում ֆիքսել, թե որ ուղղությամբ հեռացավ ու կորավ այդ ձայնը: Բայց դու գիտես, որ  շուտով լուսաբաց է: Հույսով լեցուն և հավատքով զինված սպասում ես, որ աստիճանաբար մութ խավարը իր տեղը պիտի զիջի արևի ճառագայթներին, ինչպես հույսով սպասում ես, որ շուտով արևը պիտի ծագի նաև քո կյանքում: Դու նայում ես, թե ինչպես է շուրջբոլորն ամեն ինչ շարժվում խավարից դեպի լույս, ինչպես մենք ենք փորձում թողնել  խավարը և ընթանալ դեպի լույսը:

Քաղաքն արթնանում է, շուրջդ ամեն բան լուսավորվում է և մնում է միայն ասել. շնորհակալություն, Տեր, մեր կյանքը լուսավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել