Օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանն ընդհատելու է իր արձակուրդը եւ Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ: Խորհրդանշական, ու հատկանշական է, որ նա Պուտինի հետ այս հանդիպումն անցկացնում է արձակուրդի ընթացքում: Բանն այն է, որ հանդիպումն ըստ ամենայնի բավականին բարդ, դժվարին ու ծանր կարող է ստացվել, եւ դրանից հետո Սերժ Սարգսյանին թերեւս շատ դժվար կլիներ անմիջապես ձեռնմուխ լինել աշխատանքին՝ մի քանի օր կպահանջվեր ծանր հանդիպումից վերականգնվելու համար:Ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները նախանշել են, որ հանդիպման օրակարգում գերակայելու է հետխորհրդային տարածքի ինտեգրացիայի, իսկ ավելի կոնկրետ՝ Եվրասիական միության խնդիրը:

Զարմանալի չէ: Ռուսաստանը այդ խնդիրը հայտարարել է իր արտաքին քաղաքականության գերակա, առանցքային ուղղություն:

Հարավկովկասյան ուղղությամբ, այդ հարցում առանցքային է Հայաստանի անդամակցության հարցը, այլապես կստացվի, որ Եվրասիական միությունից դուրս է մնում Հարավային Կովկասը:

Ռուսաստանը Եվրասիական միության հարցով արդեն իսկ դանդաղ, բայց բավական մասշտաբային գրոհ է սկսել Հայաստանի իշխանության վրա: Բացի իրար հաջորդած բարձրաստիճան պատվիրակություններից, որոնք Հայաստանում Հայաստանի անունից էին հայտարարություններ անում, Ռուսաստանը կարծես թե բավական ակտիվ կերպով խաղի մեջ է ներգրավել Բարգավաճ Հայաստան կիսաիշխանական կուսակցությանը, որը ստանձնել է Հայաստանում Եվրասիական միության “ջահակրի” դերը:

Մինչդեռ, Եվրասիական միության անդամակցումը Հայաստանի համար կնշանակի ոչ միայն ինքնիշխանության խնդրում դրված հերթական, եւ ըստ երեւույթին արդեն բավական հիմնարար մի արգելափակոց, այլ նաեւ արգելափակոց Եվրամիության հետ հարաբերության խորացման եւ ինստիտուցիոնալացման կարեւոր ճանապարհին: Հետեւաբար, Հայաստանի պետական շահը պահանջում է, որ Հայաստանը մերժի Եվրասիական միությանն անդամակցումը, ինչպես նաեւ թույլ չտա, որ հայ-ռուսական կարեւոր հարաբերության ապագան պայմանավորվի այդ միությանը անդամակցել-չանդամակցելով:

Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման առանցքային հարցերից կարող է լինել նաեւ Սիրիան: Իհարկե, այստեղ թվում է, որ Հայաստանը միջազգային քաղաքականության աննշան սուբյեկտ ՝ որեւէ կերպ ազդեցիկ լինելու համար, բայց պետք չէ մոռանալ, որ Սիրիայում կա ավելի քան 100 հազարանոց հայ համայնք, որն ի դեպ տնօրինում է բավական նշանակալի ռեսուրսների, ենթակառուցվածքների: Այդ համայնքը դիտվում է նաեւ սիրիայի ներկայիս իշխանության հենարաններից մեկը:

Այդուհանդերձ, համայնքը կարծես թե կարողանում է հնարավորինս չեզոքություն պահպանել սիրիական քաղաքացիական պատերազմում, խուսափելով կոնֆլիկտի մեջ անմիջական ներգրավումից:

Ռուսական քաղաքականությունը կարծես թե տապալվում է նաեւ սիրիական հարցում, ինչպես արաբական շղթայում ամբողջապես: Չի բացառվում, որ Մոսկվան կցանկանա սիրիահայ համայնքի գործոնը դիտարկել որպես ռուսական քաղաքականության դիմադրության գործիքներից մեկը:

Ի վերջո, ռուսական փորձագիտական դեսանտը օրերս արդեն հասցրել է Երեւանում հայտարարել, որ Հայաստանը պետք է հստակ եւ ուղղակի հանդես գա Սիրիայում ուժի կիրառումը բացառելու կոչերով: Այլ կերպ ասած, Մոսկվան Երեւանին մղում է սիրիական ընդդիմության դեմ հայտարարության, իսկ դա անկասկած անհետւանք չի մնա հայկական համայնքի համար: Այսինքն, Մոսկվայում թերեւս առնվազն դիտարկում են համայնքը կոնֆլիկտի մեջ անմիջական կողմի վերածելու հնարավոր տարբերակներ, դա գուե փորձելով օգտագործել սիրիական ընդդիմության, բայց անկասկած առաջին հերթին Արեւմուտքի դեմ:

Ի վերջո, այստեղ հարցն այն է, որ հայկական համայնքը խաղի մեջ մտցնելով, փաստացի սրվում է նաեւ սիրիական կոնֆլիկոտւմ քրիստոնյաների խնդիրը, պատասխանատվությունը դնելով քրիստոնյան Արեւմուտքի վրա:

Ի դեպ, թերեւս պատահական չէ նաեւ, որ օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը օրինագիծ է պատրաստում, որով ԱՄՆ կառավարությանը պարտադրում է հոգ տանել Սիրիայում քրիստոնյաների պաշտպանության, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց տարհանման հարցում: Մասնավորապես, օրինագծում հատուկ խոսվում է հայկական համայնքին օգնելու անհրաժեշտության մասին

Սիրիական խնդրում ռուսական քաղաքականությանը որեւէ աջակցություն ցուցաբերելու հարցում Սերժ Սարգսյանին ըստ երեւույթին հարկ կլինի մերժել Մոսկվային: Դա նույնպես կլինի բավականին բարդ գործ: Փաստացի, մոսկովյան հանդիպման օրակարգում Սերժ Սարգսյանը Մոսկվային պետք է մերժի երկու առանցքային՝ Եվրասիական Միության եւ Սիրիայի հարցերում:

Մոսկվա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանը շնորհավորեց Բարակ Օբամային ծննդյան օրվա կապակցությամբ: Կասկած չկա, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Սերժ Սարգսյանի համար ներկայիս փուլում բավական կարեւոր է: Կօգնի՞ արդյոք Օբաման Սարգսյանին առանց կորստի կամ նվազագույն կորստով դուրս գալ մոսկովյան հանդիպումից:

Ինչ խոսք, դա թերեւս ամենաանցանկալի վիճակներից է, երբ մի գերտերության հետ հարաբերության հարցում ակնկալվում է մյուս գերտերության օժանդակությունը: Ամենացանկալի տարբերակն իհարկե այն է, որ ցանկացած գերտերության հետ հարաբերություններում իշխանությունն ունենա սեփական քաղաքացիների, հասարակության օժանդակությունը:

Բայց, դրա համար իհարկե հարկավոր է բոլորովին այլ որակի ներքին քաղաքականություն, միանգամայն այլ սկզբունքների, արժեքների եւ մտածողության վրա հիմնված պետական կառավարում:

Բայց Հայաստանի իշխանությունը չափազանց հեռու է դրանից, հեռու է արդեն երկար տարիներ, այդ իսկ պատճառով ստիպված է Ռուսաստանին հակակշռել Արեւմուտքով՝ եւ հակառակը:

Այդ ընթացքում, իշխանության շահը երբեմն համընկնում է պետության շահին, ու իշխանության հաջողությունը ինքնաբերաբար դառնում է պետության հաջողությունն էլ, երբեմն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել