426527_412580372166467_1761282781_nDisabilityinfo.am-ը գրում է.

Որո՞նք են արտասահմանյան ու հայաստանյան կրթության տարբերությունները, և ի՞նչ հնարավորություններ են ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց համար արտասահմանում: Այս մասին խոսել ենք Արմինե Ղազարյանի հետ, ով սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, ԱՄՆ-ի Վեսթերն Միչիգան համալսարանում և Լոնդոնի համալսարանական քոլեջում: Վերջերս նա աշխատանքի է ընդունվել ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում: 

Ինչպե՞ս էր կազմակերպվում կրթական գործընթացը հաշմանդամություն ունեցող ուսանողի համար:

- Ես սովորել եմ Ամերիկայում ու Անգլիայում: Ամերիկա գնացել եմ IREX-ի փոխանակման ծրագրով ԵՊՀ-ի հայ բանասիրության երկրորդ կուրսից: Հաշմանդամություն ունեցող անձանց համար համալսարանում կար աջակցման կենտրոն: Երբ հաշմանդամություն ունեցող մարդ է ընդունվում համալսարան, նրանք կապ են հաստատում նրա հետ, գրանցում են, և կարիքների գնահատում է կատարվում: Կար տաքսի ծառայության նման մի բան, որը տեղափոխում էր ուսանողներին հանրակացարանից դասի և դասից հանրակացարան: Տրամադրվում էր ցանկացած տեխնիկա, իհարկե ժամանակավոր, օրինակ` ձայնագրիչ, համակարգիչ: Գրքերը կույրերի համար սքան էին անում ու սքան արած էլեկտրոնային տարբերակով տալիս էին մեզ: Տրամադրվում էին նաև ընթերցողներ, նշումներ կատարող, այսինքն` ինչ-որ մեկը կարող էր նստել դասի և ուսանողի համար գրել դասախոսությունը: Աջակցման կենտրոնի աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում խոսում էին դասախոսների հետ քննությունների անցկացման համար: Եթե քննությունը գրավոր էր, ես այդ կենտրոնում էի հանձնում, իրենք կարդում էին ինձ համար, ես պատասխանում էի: Եթե քննությունը հետաձգելու կարիք կար, նաև դա էին կարգավորում: Անգլիայում չկար տաքսի ծառայություն, բայց տրամադրում էին հրահանգիչ,ով ինձ սովորեցրեց շենքերը, թե ինչպես պետք է գնամ, ճանապարհները, ինչպես փողոցներն անցնեմ, գնամ գրադարան, խանութ և այլն: Ունեի ուղեկցող, ով սկզբնական շրջանում ուղեկցում էր ինձ:Ստեղծում էին հատուկ պայմաններ, գրադարանում ես վերև չէի բարձրանում, կոդերով գրում էի, և իրենք գրքերն ինձ համար իջեցնում էին ընդունարան: Ճաշարանում էլի օգնում էին, ուղեկցում էին:

Կար հավասարություն: Բայց ոչ թե ես անում էի ամեն ինչ բոլորի հետ միասին, այլ հավասարությունը հնարավորությունների մեջ էր: Եթե ինձ պետք էր, օրինակ, ռեֆերատը ուշ հանձնել, ինձ դա թույլատրվում էր ու դիտվում էր ոչ թե որպես արտոնություն, այլ հավասար հնարավորություն, քանի որ ես պետք է գրքերը վերցնեի, հանդիպեի սքան անողի հետ, ու այս ամենը ժամանակ էր խլում, ու կարող էին խնդիրներ առաջանալ: Այսինքն՝ ավելորդ արտոնություններ չկան, ուղղակի հնարավորություններն են հավասար:

- Մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ նո՞ւյնն է Հայաստանում ու արտասահմանում:

- Հայաստանում մարդիկ ավելի շատ օգնում են խղճահարությունից, բարությունից մղված: Իսկ արտասահմանում և՛ օգնելու պատրաստակամությունը կար, և՛ իրենք գիտեին, որ եթե տեսնում են սպիտակ փայտով ինչ-որ մեկին, պետք է օգնեն: Միաժամանակ շատ հարգալից էին, և չկար թերահավատություն քո կարողությունների նկատմամբ, չկար խղճահարություն, կար ուղղակի օգնելու ցանկություն: Հայաստանում խիղճը կա, բայց խղճահարությունն ավելի շատ է:

- Հայաստանում ինչպե՞ս էր կազմակերպվում ուսումնական գործընթացը:

- Տարբերվում էր կանոնակարգվածությամբ և իրավունքների հստակությամբ:
Հայաստանում ես չէի կարող քննությունն ավելի ուշ հանձնել, որովհետև չկա նման կանոնակարգ, նման կենտրոն, և եթե նույնիսկ դասախոսը ընդառաջելու մեծ ցանկություն ունենա, չի կարող, քանի որ օրենքով ամրագրված չէ:
Հայաստանում ես չէի կարող գրավոր քննություն հանձնել, քանի որ ոչ ոք չէր նստելու իմ փոխարեն գրեր: Հանձնում էի բանավոր, ու ամեն ինչ կախված էր իմ բացատրելու ունակությունից և դասախոսի բարությունից:
Եթե ուզում էի դասը ձայնագրել, դա կախված էր դասախոսների կամքից: Իսկ արտասահմանում ոչ ոք չէր կարող արգելել ձայնագրել, քանի որ դա իմ իրավունքն է: Դրսում վստահություն կար, որ խնդիրներդ հաստատ կլուծվեն, իսկ այստեղ ամեն ինչ ներքին կարգով էր, կախված քեզնից ու դասախոսի կամքից, չկար կարգավորող որևէ համակարգ:

- Տարբերվո՞ւմ են աշխատանքի հնարավորությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար արտասահմանում և այստեղ:

- Արտասահմանում չեմ աշխատել, քանի որ սովորում էի: Բայց հնարավորություն կար: Կան պետական աշխատանքի տեղավորման գործակալություններ, և կան հատուկ աշխատողներ, ովքեր օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց գտնելու համապատասխան աշխատանք: Դրանից հետո պետությունն աշխատողին ապահովում է ամեն ինչով՝ հատուկ ուղեկցողներ, տեխնիկա, օգնական: Այստեղ ես աշխատում եմ կրթության և գիտության նախարարությունում, ու թեև այստեղ չկա այդ ամենը, բայց ստանում եմ այնքան աշխատավարձ, որ կարողանում եմ հոգալ իմ ծախսերը:

- Ըստ քեզ՝ Հայաստանի կրթության ոլորտի ամենամեծ խնդիրը ո՞րն է:

- Ստեղծագործականության պակասը: Ես գոհ եմ մեր կրթական համակարգից, Հայաստանում ստացած կրթությունն ինձ շատ է օգնել, մեծ պաշար ու տեղեկացվածություն է տվել, բայց մեզանում պակասում է  ստեղծագործականությունը: Երբ միջանկյալ էինք գրում, գրում էինք տվյալ հեղինակի ստեղծագործության վերլուծությունը ինչ-որ գրքից, մի քանի քննադատների կարծիքներ, գուցե քեզնից մի քանի կարծիք, բայց սեփական կարծիքն էլ մի քիչ վախով էինք արտահայտում: Կային դասախոսներ, որոնք բավարարվում էին ուրիշների խոսքերը վերաշարադրելով ու համադրելով, բայց ունեինք նաև դասախոսներ, որ ուզում էին ուսանողի սեփական միտքը:

Լավ է, որ ունենում ենք պաշար, հիմք, բայց երկրորդ քայլը, որը այդ պաշարի հենքի վրա ստեղծագործելն էր, չկար: Թեև չեմ կարող չնշել, որ ես միշտ իմ կարծիքն ասել եմ, ու կային դասախոսներ, որ գնահատում էին ու պահանջում, ու դրա համար երբեք ցածր չեմ ստացել: Եթե արդարացի լինեմ, կասեմ, որ թեև չեն պահանջել, բայց, այնուամենայնիվ, գնահատել ու խրախուսել են: Մագիստրատուրայում արդեն մի քիչ լրացվում էր ռեֆերատների միջոցով:

Անգլիայում մեծ հնարավորություն էին տալիս: Ռեֆերատում պետք է համեմատական լիներ: Հեղինակը պետք է լիներ քո անցած հեղինակներից մեկը, և քո ցանկությամբ պետք է վերցնեիր ինչ-որ հեղինակ և համեմատական անցկացնեիր, դրան գումարած քո կարծիքն ու վերլուծությունը: Ստեղծագործությունը ինձ համար շատ կարևոր է: Ես միշտ զարմացել եմ` ինչպե՞ս կարելի է 6 տարի բանասիրություն սովորել ու մի շարադրություն ինքդ չգրել: Չէ՞ որ դու ստանում ես նաև մանկավարժի որակավորում ու ստուգելու ես երեխաների շարադրությունները, զարգացնելու ես երեխաների ստեղծագործական կարողությունները:

- Վերջերս հայտարարեցիր, որ ՀՀ ԿԳՆ նախարար ես ուզում դառնալ և արդեն աշխատում ես նախարարությունում: Ի՞նչն է քեզ խրախուսում առաջ գնալու:

- Գյուղացի Համբոյի պես ասեմ ` մարդ դառնալու ցանկությունը: Նաև հետաքրքրասիրությունը: Ինչ արել եմ, արել եմ մեծ հետաքրքրությամբ: Իհարկե, եղել են նյարդային «անկումներ», բայց հաճույք եմ ստացել պրոցեսից: Ինչ արել եմ՝ ոչ թե վերջնական արդյունքի համար եմ արել, այլ արել եմ հենց գործընթացից հաճույք ստանալու համար:

- Ունե՞ս երազանքներ, որոնք կցանկանայիր պատմել մեզ:

- Նախարար դառնալը սկզբում ասել եմ երազանք, հետո դարձրել եմ նպատակ, որովհետև դժվար է, բայց կարող ես քայլերի վերածել ու դարձնել նպատակ, իսկ երազանքը մի քիչ ուրիշ է: Երազանքս է, որ երբ մահանալիս լինեմ, խիղճս հանգիստ լինի, որ կյանքում արել եմ այն ամենը, ինչ կարող էի, ուզում էի անել: Այսինքն՝ եթե պիտի գիրք գրած լինեմ կամ ինչ-որ մեկի համար կարևոր բան արած լինեմ, զգամ, որ արել եմ, որ մտածեմ՝ իմ ներուժն ամբողջապես իրացրել եմ: Նաև երազում եմ, որ չկորցնեմ իմ մանկական ոգեշնչանքը: Երբ փոքր ենք, մի չնչին բանից այնպես ենք ոգեշնչվում ու ուրախանում, ապրում, հետո դա քիչ-քիչ երիտասարդանում է, ու չեմ ուզում, որ ծերանա: Մնա այդ ոգեշնչանքը, որ ինչ անում եմ՝ մեծ ոգևորությամբ անեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել